ԳՈՐԾԱՐԱՐ. "ՉԱՐԻ ՎԵՐՋԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է"
Արխիվ 12-16ԳՈՐԾԱՐԱՐ. "ՉԱՐԻ ՎԵՐՋԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է"
"Վերջապես կարծես, թե արդարությունը ուզում է վերականգնվի, այսօր իմացա, որ այդ սրիկան, ստախոս խաբեբան ինքն իր կամքով ուզում է գա Հայաստան: Թող գա տեսնենք ի՞նչ է արել էդ փողը, ո՞ւմ է տվել էդ գումարները, ինչի՞ համար է խաբել, ի՞նձ է խաբել, թե՞ պետությանը: Ըստ երեւույթին ինչպես ասում են, չարի վերջը մոտենում է,- մեզ հետ զրույցում ասաց սնանկացման եզրին հայտնված գործարար Փայլակ Հայրապետյանը:
Ապա հավելեց.
- Նստած մտածում եմ` հայրենիքիս համար ինչ արեցի, որ 10 հազար աշխատատեղ ստեղծվի, բայց ինչ արդյունք ստացա:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական պատասխան է ստացել, որ Աշոտ Սուքիասյանը կարտահանձնվի Հայաստան, եթե յոթ օրվա ընթացքում նա այլ միջնորդություն չներկայացնի:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը ՀՀ Ինտրեպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, համագործակցելով Վրաստանի իրավապահների հետ, հունվարի 31-ին Թբիլիսի քաղաքում հայտնաբերել եւ ձերբակալել է Աշոտ Սուքիասյանին:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

