«ԱՅԴ ԵՐԳԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԼՍԵԼ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ»
Արխիվ 12-16«ԱՅԴ ԵՐԳԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԼՍԵԼ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ»
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ հայտարարել է, որ 1915-ի դեպքերին առնչվող բանաձեւի` ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի օրակարգ բերվելու եւ ընդունվելու դեպքում իրենք լուռ չեն մնա: Թուրքի` նման հայտարարության հետ կապված մեկնաբանություն ստացանք թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ. "Դրանք հին երգեր են, որոնք մի քանի անգամ Թուրքիայի կողմից լսել ենք: Երբ ԱՄՆ-ի կողմից նախաձեռնություն է լինում, նրանք նման հայտարարություններով են սովորաբար հանդես գալիս, սակայն այստեղ այլ հանգամանք կա. փաստորեն, մենք տեսնում ենք տասնամյակների ընթացքում ամերիկյան Կոնգրեսը տարբեր բանաձեւեր է փորձում ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ, բայց դա չի ընդունվում: Այդ բանաձեւը նույնպես կարելի է բնութագրել` որպես հին երգ: Ամերիկյան վերջին տասնամյակների իշխանությունները` լինեն հանրապետական, թե դեմոկրատական, միշտ Թուրքիայի հետ ունեցած դաշնակցային հարաբերությունները վեր են դասել ե՛ւ արդարության վերականգնման սկզբունքից, ե՛ւ հանցագործությունը դատապարտելու սկզբունքից: ԱՄՆ-ն չի կարողացել ճիշտ կողմնորոշվել կարեւորագույն հարցերի շուրջ, նա վեր է դասել քաղաքական շահը, ես կարծում եմ, որ այս անգամ ԱՄՆ-ն կդիմի իր հին հնարքներին":
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

