ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՆՐԱ ՊՈԵԶԻԱՅԻ ՆՄԱՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ Է ՈՒ ԵԶԱԿԻ
Արխիվ 12-16ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՆՐԱ ՊՈԵԶԻԱՅԻ ՆՄԱՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ Է ՈՒ ԵԶԱԿԻ
Հայ մեծանուն բանաստեղծ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց գրողի ծննդյան օրը` ապրիլի 14-ին, Կոմիտասի անվան Պանթեոնում: Մայրաքաղաքի հանրակրթական տարբեր դպրոցի աշակերտներ, գրողի կրտսեր գրչակից ընկերներ, բարեկամներ, հասարակական և քաղաքական գործիչներ Պանթեոնում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծանուն գրողի հիշատակին` կատարելով նրա պատգամը` Ինձ բացակա չդնեք:
Հայաստանի գրողների Միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ բնորոշմամբ, Համո Սահյանը այն բանաստեղծներից էր, ով Հայաստանը սիրում էր ոչ թե իր քարտեզով, այլ իր պատմության խորքով, ապագայի մեծությամբ: Հայաստան, Արցախ անունները մշտապես եղել են նրա գրականության թեմաների մեջ. «Սահյանը միայն բանաստեղծ չէր, նա մթնոլորտ ստեղծող էր, մարդ և փիլիսոփա: Նրա թողած բանաստեղծությունները այսօր էլ կենդանի են և հնչում են մարդկանց շուրթերից»,-մեկնաբանեց ԷԴՈՒՐԱԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ:
ԼՂՀ գրողների միության նախագահ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ եղել է մեծանուն գրողի մտերիմներից մեկը, ով ճանաչել է գրողին նրա կենդանության օրոք: «Բոլորիս հարգանքը, սերը վկայում է նրա անմահության մասին: Մեզանից յուրաքանչյուրի մեջ թռթռում է նրա բանաստեղծության տողն ու բառը: Սակայն, Սահյանի տիրեզերական առեղծվածը մինչև այսօր մեր իրականության մեջ բացահայտված չէ: Համո Սահյանի նկարագիրը նրա պոեզիայի նման անկրկնելի է ու եզակի»:
Ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում են սիրում Համո Սահյանին և 2014 թվականը Արցախի գրողների միության անունից հայտարավել է սահյանական պոեզիայի տարի: Համո Սահյանի մտերիմ ընկերներից է նաև «Համո Սահյան»
գիտամշակութային կենտրոնի նախագահ Շչորս Դավթյանը, ով Սահյանին ճանաչել է մոտավորապես 25 տարի: Խոսելով մեծանուն գրողից Շ. Դավթյանը փաստեց, որ Սահյանը բնավորությամբ այդքան էլ շփվող չի եղել: Ամենից առաջ նրան հետաքրքրել է հետևյալը. «Հասկանում ես բանստեղծության խորքը, ուրեմն կզրուցի քեզ հետ, իսկ եթե ոչ, ուրեմն՝ չի զրուցի: Կենցաղում նա սովորական մարդ էր և ոչ մեկից չէր տարբերում: Ուղիղ 25 տարի մենք ընկերություն արեցինք, այժմ էլ տպագվում է «Քառորդ դար Համո Սահյանի հետ» գիրքը, որտեղ ամեն ինչ մանրամասնորեն ներկայացվում է: Ես գնահատում եմ նրան, որպես բանաստեղծ, մտածող և մարդ»,-նշեց ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆԸ և ընդգծեց, որ գրողի 100-ամյակը պետք է առիթ լինի ոչ թե միջոցառումներ կազմակերպելու համար, այլ նրան գնահատելու, ով հայ գրականության մեջ մի նոր ուղղություն ստեղծեց:
Դավթյանի հիշողությունները կապված Համո Սահյանի հետ շատ են, սակայն, ամենավառ հիշողությունը Սահյանի և բնության հետ է կապված: «Սահյանը իրեն շատ լավ էր զգում բնության մեջ , երբ բնության գրկում էինք լինում, նա կանգնում ժամերով նայում էր անտառին, սարին, քարին, աղբյուրին: Այդ ժամանակ ես նրան չէի խանգարում, որովհետև նա բնության մեջ զգում ու նկատում էր այն երևույթները, որը մեզ`հասարակ մարդկանց համար հասու չէ: Նա զարմանալիորեն գիտեր ապագան տեսնել, դեռ 70-ական թվականների կեսին նա ցավում էր, որ Հայաստանից մարդիկ գնում են և նրա «Ա՜խր ես ինչպես ուրիշ տեղ գնամ» բանաստեղծությունը հենց դա էր վկայում: Նա տագնապում էր նաև հողի, ջրի, հասկի ճակատագրի համար, քանզի մի փոքրիկ հասկի մեջ նա հսկայական խորդհուրդ էր տեսնում» ,-հավելեց Դավթյանը: Նրա կարծիքով Սահյանը դեռևս վերջնական գնահատված և բացահայտված չէ:
«Համո Սահյանը մեր դարի մեծագույն բանաստեղծներից մեկն է, բնության և մարդու փոխհարաբերությունները յուրովի մեկնաբանող: Որպես մարդ նա անզուգական էր, այնքան իմաստուն ու խորը: Ես հպարտ եմ, որ եղել են ժամեր, երբ նրա տանը միասին զրուցել ենք, նա այնքան պարզ էր ու մարդամոտ: Անպայման նրա բոլոր ստեղծագործությունները պետք է հավաքել և տպագրել»,- «Իրավունքի» հետ զրուցում նշեց ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ:
Նշենք, որ Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել նաև Հայաստանի Ազգային գրադարանը: Այստեղ հավաքված գրականագետները և պարզապես գրողին ճանաչող անձինք, վերհիշեցին գրող և փիլիսոփա Համո Սահյանին: Սահյանի մասին հուշերն ու մեջբերումները ընդմիջվում էին նրա բանաստեղծությունների ներկայացմամբ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

