ԵՐԲ ԳՅՈՒՂ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՇՐՋԻԿ ԿՐԿԵՍԸ
Արխիվ 12-16ԵՐԲ ԳՅՈՒՂ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՇՐՋԻԿ ԿՐԿԵՍԸ
«Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանել է երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանը, մարդ, ում ընկերներն ու դասախոսները նրան ներկայացրին որպես բացառիկ դաստիարակության ու զսպվածության տեր անձնավորության, մարդու մի տեսակ, որը առհասարակ հատուկ չէ ռեժիսորներին: Ինչպես վստահեցնում են Գուժին ճանաչողները, նա այնքան հեռու է հիստերիկ, նյարդային, ջղաձգային, ինքնասիրահարված ռեժիսորի տարածված այն տեսակից, ով միայն «մատոռ» գոռալով է աչքի ընկնում:
Մինչ պրեմիերան, կատարված աշխատանքի ու ֆիլմի հիմնական
ասելիքի մասին խոսեց նաև ռեժիսորը.«Երբ Մինսկում «Մարգար պապը» ֆիլմով մասնակցում էինք «Cinema perpetuum mobile» միջազգային կինոփառատոնին, ծանոթացա «Եվ կրկեսը ժամանեց…»-ի սցենարի հեղինակ Օլգա Զայցմենցևայի հետ: Բայց, քանի որ այդ սցենարն ավելի շատ ռուսական մթնոլորտն ու կենցաղն էր ներկայացնում, փորձեցինք այն հայկականացնել, այդ հարցում ինձ օգնեց ֆիլմի համահեղինակ Արթուր Մկրտչյանը, ով, ի դեպ, նաև
«Մարգար պապը» ֆիլմի սցենարի հեղինակն է: Ֆիլմը ներկայացնում է մի գյուղի պատմություն, որտեղ մարդիկ ապրում են այնքան շատ խնդիրներով, որ հաճախ, հոգսերի շղթայում խեղդվելով, չեն նկատում ուրիշ ոչինչ… Եվ ահա գյուղ է ժամանում շրջիկ
կրկեսը…»:
Կրկեսը գյուղում հեղափոխություն է բերում, բազում խնդիրներ լուծում, արթնացնում հավատի ու հեքիաթի առաջին լուսաբացը: Որն այնուհետև այնքա՜ն հաղթական է լինում, այնքա՜ն վերելքներ բերում, օգնում սավառնել, հավատալ ու երազել, ապրել՝ անկախ ամեն ինչից… Ֆիլմի ներկայացրած արժեքները իրենց
ասելիքն ու ուժը կրկնապատկում են հատկապես այն բանի շնորհիվ, որ հնչում են մանկական շուրթերից:
Ի դեպ, ֆիլմի գլխավոր դերը ներկայացնում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի որդին՝ Գևորգ Մամուլյանը: «Իրավունքի» հետ զրույցում 4-րդ դասարանում սովորող փոքրիկը պատմեց. «Սա արդեն 4-րդ ֆիլմն է, որում նկարահանվում եմ, հաջորդը կուզեմ ձկնորսի դերում հանդես գալ, նավակով ձկնորսական շրջագայության գնալ: Որոշել եմ դերասան դառնալ, ինձ շատ է հետաքրքրում այս աշխատանքն ու մասնագիտությունը, էկրաններին հայտնվելը: Ու նաև ամեն ֆիլմ ինձ ինչ-որ բան է սովորեցնում»:
«Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի միջազգային պրեմիերան կկայանա դեկտեմբեր ամսին Մոսկվայի «Աստղ» կինոթատրոնում :
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

