ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԵՐԲ ՇԱԲԱԹՆ ՈՒՐԲԱԹԻՑ ՇՈՒՏ Է ԳԱԼԻՍ
Արխիվ 12-16ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԵՐԲ ՇԱԲԱԹՆ ՈՒՐԲԱԹԻՑ ՇՈՒՏ Է ԳԱԼԻՍ
Երեկ Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: «Կույր» վիճակահանության արդյունքում ձեւավորվեցին հետեւյալ զույգերը՝«Ռեալ Մադրիդ» - «Բավարիա» եւ «Ատլետիկո Մադրիդ»- «Չելսի»: Ինչպես երեւում է վիճակահանության արդյունքներից, կիսաեզրափակիչը սպասվածից դիտարժան է լինելու: Դե իսկ ֆուտբոլասեր հասարակության ուշադրության կիզակետում կլինի իհարկե՝ «Ռեալ Մադրիդ»-«Բավարիա» հանդիպումը, այս դիմակայությանը շատերը սպասում էին եզրափակչում, մինչ դեռ շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում «Բավարիան» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» (1:1: 3:1), «Աթլետիկոն»՝ կատալոնական «Բարսելոնային» (1:1, 1:0), «Ռեալը»՝ Դորտմունդի
«Բորուսիային» (3:0, 0:2), իսկ «Չելսին»՝ ֆրանսիական ՊՍԺ-ին (1:3: 2:0): Հենց այս փուլից էլ սկսվեցին անակնկալները, քչերը կպատկերացնեին, որ կատալոնական «Բարսելոնան» ուղեգրի համար պայքարը կզիջի իրեն այդքան լավ ծանոթ Մադրիդի «Աթլետիկոյին»: Վերջինիս համար սա պատմական իրադարձություն է, 1974 թվականից հետո «Աթլետիկոն» առաջին անգամ է դուրս գալիս Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեն «Արքայական» ակումբի հետ դիմակայության մասին ասել է. «Լավ ենք տրամադրված առաջիկա հանդիպումներին։ «Ռեալը» հետաքրքիր մրցակից է։ Կարծում եմ՝ ունենք լավ հնարավորություններ»։ Նրա թիմակից Թոմաս Մյուլերն էլ ավելացրել է. «Հիանալի վիճակահանություն է։ Անհամբեր սպասում եմ համաշխարհային մակարդակի խաղացողների հետ մենապայքարին»,- ֆուտբոլիստների խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի կայքը: Իսկ «Արքայական» ակումբի դարպասապահ՝Իկեր Կասիլյասը հայտնել է հետեւյալ կարծիքը. «Մրցակցի կազմում հանդես են գալիս շատ ուժեղ ֆուտբոլիստներ, սակայն ջանք չենք խնայի՝ եզրափակիչ դուրս գալու համար։ Մեր թիմը լավ վիճակում է եւ հույս ունենք, որ կհաջողվի հանթել եւ դուրս գալ եզրափակիչ»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է Inside Spanish Football-ը։
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

