"ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ" ԳԻՐՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ
Արխիվ 12-16"ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ" ԳԻՐՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ
Կամերային թատրոնի "Երկաթ" ակումբում տեղի ունեցավ ժամանակակից գրող ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆԻ "Վերադարձ դեպի հարություն" գրքի շնորհանդեսը, որը բանաստեղծի չորրորդ գիրքն է: Գրքի երեք բաժիններում ("Վերադարձ դեպի հարություն", "Ծածկվիր չմրսես", "Ու հայրս կոչ կանի") ներառված են Դավիթ Ասատրյանի քաղաքական, սիրային և կարոտի բանաստեղծությունները: Հինգ տարի է ինչ ընթերցող հանրությունը ճանաչում է Դավիթ Ասատրյան գրողին, սակայն հասցրել է սիրել և գնահատել նրան "Իմ նախորոդ գրքում` "Սիրո երաշտում" կար խաբված սիրեկանի կերպար, իսկ այս գրքում հիմնականում քաղաքացիական, սիրային և կորուսյալ տարիների պոեզիան է: 90-ական թվականների իմ մանկությունից երկար ժամանակ չի անցել, բայց այն արդեն կորուսյալ ժամանակ է, և բնավ էլ պարտադիր չէ, որ դառնաս 50 տարեկան նոր սկսես մանկությունդ փորփրել: Կարելի է հենց պատանեկության շրջանից դուրս գալ և շփվել մանկության հետ",- անդրադառնալով գրքին նշեց ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆԸ:
Իր գրքերի տպագրության համար միշտ Դավիթի կողքին են ՀՀ պաշտպանության նախարարությունը և իր ընկերները."Ունեմ լավ ընկերներ ովքեր ինձ աջակցում են, Դավիթ Մշեցու նման ընկեր ունեմ, ում բանվորությամբ վաստակած գումարով տպագրվեց իմ երկրորդ գիրքը":
Երևանի գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ շնորհավորելով Դավիթին միաժամանակ փաստեց, որ նրա ներկայությունը հայ գրականության մեջ կաևոր է. "Դավիթ Ասատրյանը մտել է հայ գրականություն, որպեսզի ցույց տա, որ հայ մշակույթը միշտ հաղթող է: Եթե կա Դավիթը, նշանակում է հայ գրականության առողջ ծիլը բարձրանում է":
Շնորհանդեսին ներկա էր նաև գրականագետ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ ով հերքեց այն կարծիքը, թե Հայաստանում երիտասարդ գրողների շրջանում միմյանց նկատմամբ կա հակակրանք և ատելություն: Ըստ գրականագետի, վերջին հինգ տարիների ընթացքում բանաստեղծական աշխարհի համապատկերի մեջ Դավիթ Ասատրյանի ներկայությունը ոգեշնչող է, քանի որ վերջինս գիտի դասական տաղաչափության հանգը, հանգի գրագետ կառուցելը . "Այս ամենն ինձ թույլ է տալիս ասելու, որ ապագայում մենք կունենաք մեծ ասելիքով բանաստեղծ, որովհետև Դավիթի մոտ շնորհքը աստվածատուր է":
Շնորհանդեսի ընթացքում Դավիթ Ասատրյանը ներկաների համար ընթերցեց իր ստեղծագործություններից մի քանիսը, այդ թվում նաև հայ-ադրբեջանական սահմանին արիաբար զոհված, Արցախի Հանրապետության բանակի կրտսեր սերժանտ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նվիրված "Գնաս բարով եղբայր" բանաստեղծությունը:
Նշենք, որ շնորհանդեսին ներկա էր նաև Դավիթ Ասատրյանի հրամանատարը, ով նրան հանձնեց ՀՀ պաշտպանության նախարարության "Վազգեն Սարգսյան" մեդալը` Հայոց ազգային բանակում ծառայության երկու տարիների ընթացքում ցուցաբերած ռազմահայրենասիրական բարձր դաստիարակության համար:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

