ՀԱՄԵՐԳԻ ՀԱՍՈՒՅԹԸ` ՔԵՍԱԲԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ՀԱՄԵՐԳԻ ՀԱՍՈՒՅԹԸ` ՔԵՍԱԲԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
Օրերս ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահում տեղի ունեցավ դերասան, հաղորդավար` Արթուր Հակոբյանի ու լրագրող, երգիչ, երգահան` Արման Կարապետյան կազմակերպած հերթական ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ: Այս անգամ երեկոյի հասույթը տրամադրվեց Արցախյան ազատամարտի մասնակից` Ալվարդ Նիկողոսյանին, ով անցել է փառապանծ մարտական ուղի: Միջոցառման մեկնարկը տրվեց նորաստեղծ "Էնջլս" նվագախմբի անդրանիկ ելույթով: Խմբի հիմնադիր-ղեկավարն է Էդգար Սիմոնյանը, ով հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք համեմված են ժամանակակից ռիթմերի և դասական ու ազգային տարբեր գործիքների համադրությամբ: "Կարոլինա" ստեղծագործությամբ էլ "Էնջլսն" առաջին անգամ ներկայացավ հանդիսատեսին:
Կազմակերպիչների խոսքով` լինելով հայուհու վառ կերպար,
տիկին Նիկողոսյանը պատվախնդրորեն անցել է կյանքի բոլոր փորձություններով և հետպատերազմյան շրջանից մինչ օրս, Հայաստանում և Արցախում շարունակում է կատարել իր ազգաընծա գործունեությունը: Ըստ այդմ էլ նրանց կողմից որոշվել է կանանց և աղջիկների միամսյակին նվիրված եզրափակիչ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ կազմակերպել՝ հենց նրա պատվին:
Համերգային ծրագրին ներկա էին տարբեր պարային խմբեր, լրատվամիջոցներ, կազմակերպություններ և անհատներ: Դահլիճում գտնվում էին նաև բազմաթիվ ազատամարտիկներ, ովքեր առանձնակի շնորհակալության արժանացան կազմակերպիչների կողմից: Երեկոյի ընթացքում բոլոր մասնակիցներին պատվոգրեր ու շնորհակալագրեր տրվեցին:
Ինչպես կազմակերպիչներն էին խոստացել, միջոցառման ընթացքում բազմաթիվ անակնկալներ տեղի ունեցան, սակայն տիկին Նիկողոսյանի բեմից հնչեցրած հայտարարությունը, որ պատրաստվում է համերգի ամբողջ հասույթը տրամադրել քեսաբահայությանը, անգամ կազմակերպիչների համար էր անակնկալ: Տիկինը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներից և իր խոսքն ավարտեց Նժդեհի խոսքերով."Ուզում ես տեսնել ազգիդ ապագան, նայիր նրա երիտասարդությանը":
ԻՆՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ

