ԻՆՉՈ՞Ւ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ «ՀԱՅԱԿԸ-2014» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ «ՀԱՅԱԿԸ-2014» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԻՑ
Մայիսի 1-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայկական կինոարտադրանքն արժեւորելու եւ գնահատելու համար, արդեն երրորդ տարին է, Հայաստանում անցկացվում է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը: Այն ստեղծվել է Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ միտված է զարգացնելու ազգային կինոարտադրությունը, բացահայտել նոր անուններ, համախմբել երկրի կինոգործիչներին, հայ հանդիսատեսին վերադարձնել կինոթատրոններ եւ պահպանել ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները: Ազգային կինոյի «Հայակ- 2014» մրցանակաբաշխության 15 անվանակարգերի համար ներկայացված 52 ֆիլմից ապրիլի 8-ին մրցութային հանձնաժողովը՝ նախագահ կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի գլխավորությամբ, առաջին փուլի քվեարկության արդյունքում ընտրել է մրցույթի հավակնորդներին: Սակայն, կինոռեժիսոր, պրոդյուսեր Պարալլելս ֆիլմ կինոընկերության հիմնադիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԸ դիմելով «Հայակ» Ազգային կինոյի մրցանակաբաշխության նախագահությանն ու մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ է. Բաղդասարյանին` խնդրել է ըմբռնումով վերաբերվել իմ մտահոգությանը եւ հանել «ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ԾՈՎԱԾՈՑԸ» ֆիլմը` «Հայակ 2014»-ի նոմինանտների ցանկից եւ հետագայում վերանայել ազգային կինոմրցանակաբաշխության կանոնակարգը: Իսկ թե ո՞րն է «Հայակ-2014» մրցանակաբաշխությունից հրաժարվելու պատճառը «Իրավունքը» պարզեց հենց ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ. «Անվստահությունը ժյուրիի անդամների եւ առհասարակ` գնահատման ձեւաչափի հանդեպ: Ազգային կոչվող մրցանակաբաշխությունը չպետք է ունենա ժյուրիի 12 անդամ: Օսկարը, որի հետ երբեմն կազմակերպիչները համեմատում են «Հայակը», ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունն է, ըստ էության` ԱՄՆ-ի ազգային կինոմրցանակը: Օսկարի նոմինանտներին եւ հաղթողներին ընտրում են կինոակադեմիայի անդամները, որոնց թիվը մոտենում է վեց հազարի: Ռուսական ազգային կինոմրցանակի դեպքում` վեց հարյուրից ավելի: Սա է ազգային մրցանակաբաշխությունը: Եթե ուզում են ազգային մրցանակաբաշխութուն ունենալ, պետք է քվերակության հրավիրեն բոլոր կինոպրոֆեսիոնալներին, որ այսօր աշխատում են հայկական կինոարտադրության մեջ: Դա է օբյեկտիվիզմի գրավականը: Հակառակ դեպքում` սա ազգային մրցանակաբաշխություն չի, այլ սովորական կինոփառատոն: Հերթական լոկալ փառատոնը` իր կողմնակալ ժյուրիով, որը չի կարող ազգային կինոյի չափորոշիչներ թելադրել: Նախորդ երկու տարիներին նույնպես կար այդ խնդիրը: Բայց «Հայակ»-ի ժյուրիում ընդգրկված էին մարդիկ, ում ավանդը հայկական արդի մշակույթում անուրանալի է` լուսահոգի Սոս Սարգսյանը, Ռուբեն Հովսեփյանը, Դավիթ Մուրադյանը, Լևոն Աթոյանցը, Գայանե Մարտիրոսյանը, Ռազմիկ Դավոյանը: Այս մարդկանց ներկայությունն ինքնին նվազեցնում էր կողմնակալության ռիսկերը: Այս տարի նրանք փոխարինվեցին երիտասարդ մասնագետներով, որոնք տակավին կայանալու, ինքնահաստատվելու խնդիր ունեն: Ավելին` նրանց մի մասը մարդիկ են, ովքեր պատասխանատու են վերջին 20 տարում հայկական կինոյի դեպրեսիվ-դեստրուկտիվ փուլի համար, այդ փուլի կերտողներն են: Դա մի փուլ է, որը հայկական կինոյի պատմության մեջ կմնա որպես միջազգային կինոպրոցեսից դուրս մղման եւ ներքին հանդիսատեսին կորցնելու փուլ: Ահա այդ մարդկանց այսօր վստահվում է ազգային կինոյի չափորոշիչների թելադրումը: Սա անընդունելի է մեզ համար: Եթե «Հայակը» խրախուսելու է դեստրուկտիվ-դեպրեսիվ կինոն, մենք դրա մասը չենք կազմի: Ավելին` կապացուցենք, որ ազգային կինոյի ակունքներն այլ վայրում են»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Հովհաննես Գալստյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունք»-ում:

