ՙՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՏԱԿ ԱՂՄՈՒԿ, ԱՆՎԱՅԵԼ ԽՈՍՔԵՐ, ՀԱՅՀՈՅԱՆՔ՚
Արխիվ 12-16Երեկ խմբագրություն էին դիմել Պուշկինի 41 շենքի բնակիչները, ովքեր վրդովված` իրենց դժգոհություններն էին արտահայտում, որ իրենց շենքի կիսանկուղային հարկում գտնվող ՙՉե Գեվարա՚ փաբը (բար) իր բացման օրվանից`անցած տարվա օգոստոս ամսից, գիշերային ժամերին խանգարում է բնակիչների անդորրը: Նույն անօրինական գործունեությունը ծավալում է նաեւ շենքի դիմացի ՙԿոնտոլուպա՚ փաբը:
ՙԲարերը աշխատում են կեսգիշերից հետո, ինչն արդեն անօրինական է: Այցելուները մնում են մինչեւ գիշերվա ժամը 3-4-ը, աղմկում: Ամենավատն այն է, որ նույնը շարունակվում է փողոցում, մեր պատուհանների տակ` աղմուկ, անվայել խոսքեր, հայհոյանք՚,- մեզ հետ զրույցում ներկայացնելով խնդիրը` ասաց վերոնշյալ շենքի բնակիչներից մեկը: Իսկ մեկ այլ բնակիչ հավելեց. ՙԲազմիցս զգուշացրել ենք, տերը խոստացել է, թե այլեւս չի կրկնվի, բայց խոսքի տերը չի եղել: Ստիպված մի քանի անգամ զանգահարել ենք քաղաքապետարանի ՙթեժ գիծ՚, որտեղից արագ արձագանքել են: Փաբի սեփականատերը զգուշացվել է եւ պարտավորեցվել, որ չի խանգարի բնակիչների անդորրն ու աշխատելու է մինչեւ ժամը 24:00-ն: Սակայն ոչինչ չի փոխվել` մեր գիշերային անդորրը շարունակվում է պարբերաբար խախտվել մինչեւ առավոտ՚:
Ասենք նաեւ, որ մեր հերթական ահազանգից հետո Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները իբր ստուգումներ են իրականացրել եւ պարզել, թե ՙ... բարը ժամը 24:00-ից հետո գործունեություն չի իրականացնում՚: Միայն զարմանալ կարելի է, որ թաղապետարանի համապատասխան աշխատակիցները այդքան հեշտությամբ հերքում են մի ամբողջ շենքի բնակիչների տեսածն ու լսածը: Համենայնդեպս բնակիչները պնդում են. ՙԱյն, որ թաղապետարանի պատասխանը չի համապատասխանում իրականությանը, կարող են հաստատել նաեւ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության աշխատակիցները, որոնք գիշերվա 2-ի կողմերը բազմիցս բնակիչների ահազանգով ժամանել են բարի տարածք եւ արձանագրություն կազմել՚,- նշեց շենքի բնակիչներց մեկ ուրիշը:
Զարմանալի է, որ այսքան բողոքներից հետո թե° քաղաքապետարանը եւ թե° թաղապետարանը շարունակում են վստահաբար պնդել, որ փաբը աշխատում է մինչեւ ժամը 24:00-ն: Եվ սա այն դեպքում, որ մարտի 28-ին` վերջին նամակն ուղարկելու օրը, Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության աշխատակիցները, կրկին բնակչների ահազանգով, եկել են փաբի տարածք եւ արձանագրություն կազմել, որ փաբերը աշխատում են գիշերվա ժամը 2-ին: Բնակիչներին հատկապես վրդովեցնում է այն, որ քաղաքապետարանը նամակների միջոցով լրիվ այլ իրականություն է ներկայացնում: Շենքի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ հույսներն ամբողջությամբ կորցրել են. ՙՓորձում ենք գոնե լրատվության միջոցներով այս խնդրին լուծում տալ, խնդիրը բարձրաձայնել, մտադրություն ունենք դիմել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին: Մենք համոզված ենք, որ քաղաքապետարանում ինչ-որ շահագրգռվածություն կա, որ նրանք նման պատասխան են տալիս՚:
Մենք փորձեցինք ինքներս այցելել վերոնշյալ փաբեր եւ հասկանալ` ինչն է պատճառը, որ այսքան բնակիչների բողոքները, ինչպես նաեւ թաղապետարանի եւ քաղաքապետարանի կողմից զգուշացումները, փաստորեն, նրանց մոտ չեն անցնում: Սակայն պարզվեց, որ երկուսն էլ փակ են ցերեկային ժամերին. բացվում են միայն երեկոյան: Դրա հետ կապված` բնակիչներից մեկն ասաց. ՙԴրանք ցերեկները քնում են, գիշերներն էլ` մեր անդորրը խանգարելու հաշվին են աշխատում՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

