Զարմանալի բան է հոգեբանությունը:
Արխիվ 12-16
Զարմանալի բան է հոգեբանությունը: Հենց որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 3-րդ անգամ չի ստանձնելու երկրի ղեկը ո°չ նախագահի, ո°չ էլ վարչապետի պաշտոնով, առաջին ու երկրորդ նախագահի թիմակիցներն ու քարոզիչներն անմիջապես սկսեցին ֆանտաստիկ վարկածներ կառուցել, թե ինչպես է ՀՀ նախագահը պատրաստվում խաբել բոլորին: Ամենամեղմը, թերեւս, արտահայտվել է ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ. ՙՄիակ բացատրությունը կարող է լինել այն, որ Սերժ Սարգսյանը մտադիր է կառավարման մոդելը փոփոխելու ճանապարհով վերարտադրել իր իշխանությունը՚: Իսկ մյուսները գնացին ավելի հեռուն, սկսեցին հեքիաթներ մոգոնել` իբր սահմանադրական փոփոխություններով առաջին դեմքը դառնում է ԱԺ նախագահը, եւ այդ ճանապարհով Սերժ Սարգսյանը մտադիր է իրականացնել ՙՍովետի՚ տարբերակը` միահեծան եւ անժամկետ կառավարել երկիրը, որպես իշխող կուսակցության ղեկավար եւ միաժամանակ ԱԺ նախագահ:
Լավ, զարմանալի է, այդ ի±նչ աստիճանի անազնիվ հոգիներով են օժտված այդ մարդիկ, որ բոլորին սեփական արշինով չափելիս` միանգամից սկսում են մոգոնել ՙժուլիկության՚ տարատեսակ, նույնիսկ ամենաֆանտաստիկ սխեմաները:Վերջերս որոշակի զարմանալի բաներ է արել եւ ՍԴ նախագահ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Այսպես, կուտակայինի վերաբերյալ ՍԴ որոշման ձեւակերպումներն այնպիսին են, որ որոշ պաշտոնատար անձանց հնարավորություն են տվել մեկնաբանել այսպես` դրույթները հակասահմանադրական են, բայց շարունակում են մնալ պարտադիր, այսինքն` զարմանալիորեն, 40 տարեկանից երիտասարդ քաղաքացիները պարտավորվում են ոտնահարել Սահմանադրությունը: Նաեւ սահմանադրական բարեփոխումների հիմնադրույթը զարմանալիորեն գերծանրաբեռնված է ՙմարդու իրավունքների՚ գաղափարախոսությամբ, Վենետիկի հանձնաժողովի եւ այլ եվրաաղբանոցների բանաձեւերով ու մոտեցումներով, բայց բառ իսկ անգամ չկա ազգային գաղափարախոսության տարրերի մասին: Երեւի թե, Գագիկ Հարությունյանին հաջողվում է ամենուրեք այնպիսի ձեւակերպումներ տալ, որ, ըստ անհրաժեշտության, դրանք հնարավոր լինի ՙծռել՚ ցանկացածի օգտին, ու, զարմանալով հանդերձ, մնում է հիշել ժողովրդական խոսքը խելոք գառի մասին:
Ի դեպ, նույն ՍԴ-ն 2 տարի առաջ հակասահմանադրական էր ճանաչել պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին օրենքի որոշ հատվածներ, ինչը հիմա դարձավ դանդաղ գործողության վտանգավոր ական: Վարչական դատարանը բավարարեց ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ հայցը ընդդեմ ՊՆ-ի, եւ եթե որոշումը չբողոքարկվի, ապա Սաքունցի կազմակերպությանը ՊՆ-ն հարկադրված կլինի տրամադրել սնունդ, հագուստ, վառելիք եւ գրենական պիտույքներ մատակարարող կազմակերպությունների անվանումները եւ նրանց կողմից մատակարարվող սննդի, հագուստի, վառելիքի եւ գրենական պիտույքների տեսակները: Բայց ախր այդպիսի ամբողջական տեղեկությունները արդեն պետական եւ ծառայողական գաղտնիքի տիրույթում են, ու դա առնչվում է երկրի անվտանգության եւ պաշտպանունակության խնդիրներին: Լավ, ինչ է բրթել վարչական դատարանի խելքին, որ այդպիսի հայց են բավարարել, այն էլ, երբ հայցվորը Սաքունցի պես հակապետական եւ հակահիգիենիկ կերպար է:
Այնուամենայնիվ, անցնենք պոզիտիվի: Ինչպես հայտարարեց ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Պուշկովը, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ 2-3 շաբաթվա ընթացքում վճռելու է ԵԽԽՎ-ից ընդհանրապես հրաժարվելու հարցը: Փաստորեն, ռուսները գլուխները պրծցնելու են այդ անօգուտ, ամենուրեք քիթը խոթող եւ իրեն բոլորին դաս տալու իրավունք վերապահող կառույցից, ուր արդեն անցյալ տարի բացահայտվել էին ադրբեջանական նավթադոլարներով եվրապաշտոնյաների ու եվրապատգամավորների զանգվածային կաշառման դեպքեր: Զարմանալի եւ հաճելի իրադարձություն է, ուստի, սրտանց շնորհավորելով ռուսներին, պետք է ասենք` տարոսը մեզ:
Մենք արդեն առիթ ունեցել էինք հիշատակել գծատերերի կազմակերպության ղեկավար Հրանտ Եղիազարյանի շանտաժային հայտարարությունները, որ եթե ուղեվարձը չթանկանա, ապա Երեւանը կարող է մնալ առանց տրանսպորտի: Հիշեցնենք, որ խոցելի խավերի համար նա տրանսպորտով երթեւեկելը գարշելի ցինիկությամբ համեմատել էր ամեն օր սեւ խավիար ուտելու հետ եւ խորհուրդ էր տվել ոտքով քայլել, ու դա մեզ մոտ կասկածներ էր հարուցել, որ գծատերերն այժմ միտումնավոր գրգռում են ժողովրդին, որպեսզի մի կերպ հասցնեն բողոքի զանգվածային ակցիաների: Հիմա էլ, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ ՀԵՆՐԻԿ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ շտապեց հայտարարել. ՙԱնկախ փորձագետների հաշվարկները բերում են նրան, որ տրանսպորտի ուղեվարձը բարձրանալու է՚: Հիմա ինչ, վնասարարության նպատակով միտումնավոր գրգռիչ հայտարարությո±ւն է անում սույն պաշտոնյան, որն ավելի լավ է զբաղվեր սեփական արու զավակի դաստիարակությամբ եւ հեռու պահեր նրան վատ շրջապատից... Պարզապես զարմանալի է, թե ինչքան հաճախ է սատանի պարը հենց կամրջի վրա բռնում, իսկ մեզանում էլ, բոլոր սատանաները բոլոր կամուրջների վրա են հայտնվել միաժամանակ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

