Ինչպես հայտնի է, երեկ ՙմասնավոր տարածքում՚ տեղի էր ունեցել ԲՀԿ, ՀԱԿ եւ ՙԺառանգության՚ առաջնորդների խորհրդավոր խորհրդակցությունը, որին յուրաքանչյուր կուսակցապետի հետ մասնակցում էին 2-ական կուսակիցներ:
Առայժմ պաշտոնապես հայտնի է այն, ինչը հրապարակավ հայտարարել են Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը` որ ՀՀ նախագահի պաշտոնանկության հարց չի քննարկվել, եւ որ ԲՀԿ-ն դեմ է սահմանադրական փոփոխություններին: Անշուշտ, աչքի է զարնում ՀՅԴ-ի բացակայությունը, ինչին պատգամավոր Աղվան Վարդանյանը տվեց լղոզված բացատրություն: Սակայն ինչպես տեղեկացանք ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրից, ՀՅԴ-ն այդ հանդիպումից խուսափել է, չնայած` ՙքառյակի՚ երեք գործընկերների ու Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հորդորներին: Բանն այն է, որ մի կողմից ՀՅԴ-ն չի ցանկանում մասնակցել իր համար անհասկանալի խաղին եւ կուրորեն օգտագործվել Ռոբերտ Քոչարյանի կողմից, մյուս կողմից, կարծես թե, հիմնական թիրախը դառնում է սահմանադրական փոփոխությունների փաթեթը, իսկ դաշնակներն ընդհակառակը` այդ փաթեթին կողմ են եւ ցանկանում են ակտիվ մասնակցել սահմանադրական բարեփոխմանը: Ի դեպ, սահմանադրական փաթեթին դրական վերաբերմունք ունի եւ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, եւ բացառված չէ, որ նրա տարաձայնությունները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ դառնան անհաղթահարելի: