ՙԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ՀԱԼԵՊՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱԲՆԱԿ ԱՅԼ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է՚
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները խորը մտահոգություն են առաջացնում տեղի հայության եւ նրանց անվտանգության խնդրի հետ կապված: Արդեն երեք տարի է, ինչ Սիրիայի տարբեր տարածաշրջանների բնակիչները ապրում են ահ ու սարսափի մեջ: Այսօրվա դրությամբ նման իրավիճակում են հայտնվել նաեւ քեսաբահայերը, որոնք թուրք զինյալների կողմից կեսգիշերին տարհանվել են սեփական տներից: Մեր հայրենակիցները ներկայումս ապաստան են գտել Լաթաքիայի Աստվածածին եկեղեցում: Եկեղեցին թերեւս միակ ապահով վայրն է տվյալ տարածաշրջանում: Ինչպես տեսնում ենք, թուրք ոճրագործների ձեռագիրը դարեդար մնում է անփոփոխ, սակայն տվյալ խնդրի հետ կապված կան նաեւ այլ տեսակետներ, թե դա ոչ թե հայության, այլ` քրիստոնեության դեմ պայքար է: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ ՙԻրավունքը՚ բացառիկ հարցազրույց ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի ներկայացուցիչ, արժանապատիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ (հարցազրույցի ամբողջական տեսանյութը` iravunk.com կայքում).
- Գտնում եմ, որ Քեսաբի խնդիրը` մարդկանց տեղահանումը սեփական տներից, համահայկական հարց է, որով մտահոգված է մեզանից յուրաքանչյուրը: Մենք ականատես եղանք համացանցում տեղադրված լուսանկարներին եւ տեսանյութերին, որոնց մասին տեղեկությունները շատ տարբեր էին: Պետք է նշեմ, որ ներկայումս իրականությունը մեկն է` Քեսաբի հայությունը ապրում է տառապալից եւ շատ դժվար վիճակում` թե° բարոյական, թե° հոգեւոր եւ թե° նյութական տեսակետից: Խոսելով Քեսաբի մասին` չպետք է մոռանանք Սիրիայի մյուս հատվածներում գտնվող հայերի մասին: Այնպես չէ, որ Հալեպում կամ հայաբնակ այլ վայրերում վիճակն ավելի լավ է, ընդհակառակը` ընդհանուր առմամբ, գնալով իրավիճակն ավելի է բարդանում: Սիրիայի հայերը սեփական ընտանիքի փրկության եւ ապահովության համար ստիպված են լքել իրենց տները` չիմանալով, թե ինչ է իրենց սպասվում վաղը: Մենք պարզապես զոհի կարգավիճակում ենք, հայտնվել ենք իրար հետ կռվող երկու կողմերի միջեւ: Ցեղասպանությունից հետո մարդիկ Սիրիայում իրենց ապրուստն էին ստեղծել, տուն, գործարան եւ այլն, սակայն, ցավոք սրտի, այսօրվա դրությամբ այդ ամենն այլեւս չկա: Ցավն այն է, որ Սիրիայի հայաշատ տարածքներից, որտեղ պատերազմական իրավիճակն այդչափ սրված չէ, մարդիկ նույնպես հեռանում են: Մենք շատ անհանգիստ ենք թե° քեսաբահայերի եւ թե° Սիրիայի մյուս տարածքներում գտնվող հայերի ճակատագրերով: Մենք մեր աղոթքներն ենք բարձրացնում առ Աստված` մեր քույրերի եւ եղբայրների փրկության համար: