ԵՎՐՈՊԱՄԵՏ ՈՒԺԵՐԸ ԱՀՈՒՍԱՐՍՈՒՌՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ
Արխիվ 12-16ԵՎՐՈՊԱՄԵՏ ՈՒԺԵՐԸ ԱՀՈՒՍԱՐՍՈՒՌՈՎ
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ
Նոր վարչապետի նշանակման շուրջ ստեղծված իրարանցման ընթացքում մամուլի կողմից ամենահավանական թեկնածու է ընտրվել ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը: Ինչքանով են այդ կանխատեսումներն իրական` պարզ կդառնա երկուշաբթի օրը: Այնուամենայնիվ, կանխատեսումների եւ վարկածերի տիրաժավորմամբ ` շատ լրատվամիջոցներ եւ իրենց հովանավոր եվրոպամետ ու գրանտածիծ ուժերը ինքնաբացահայտվեցին, երբ հարձակումների գլխավոր թիրախ ընտրեցին ԱԺ նահագահին: Ընդ որում, Հ.Աբրահամյանի դեմ հակաքարոզչության մոլուցքի մեջ լիբերալները կորցրել են բանականության վերջին նշույլները:Նրանց կողմից հորինված այն քարոզչական էժանագին հնարքը, թե իբր Հ. Աբրահամյանի վարչապետ նշանակվելու դեպքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, չգիտես ինչու, կդառնա ՙանգլիական թագուհի՚, իսկ իրական իշխանությունն իբր կանցնի Աբրահամյան-Ծառուկյան-Քոչարյան եռյակին, հեռու է ոչ միայն իրականությունից, այլեւ տարրական տրամաբանությունից: Նախ` Հ. Աբրահամյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար վստահելի թիմակից է: Դա նա տարիներ շարունակ ու բազմիցս է ապացուցել` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, այնուհետեւ վերջին երեք համապետական ընտրությունների ժամանակ` լինելով նախընտրական շտաբի պետ, ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին հաջողությամբ բերել է անվիճելի հաղթանակներ:
Իսկ ինչ վերաբերում է Հ. Աբրահամյան-Ռ. Քոչարյան` ոմանց հիվանդ երեւակայությունում բուսնած միությանը` դա անհեթեթություն է: Ի տարբերություն Ռ. Քոչարյանի` Հ. Աբրահամյանը միշտ կողմ է արտահայտվել Հայաստանի` ՄՄ մտնելու վերաբերյալ, եւ իր խոսքում երբեք չեն հնչել եվրոպահնազանդ կոդավորում պարունակող արտահայտություններ` գենդեր-մենդեր եւ այլն: Ամենազավեշտալին այն է, որ հակաաբրահամյանական հոդվածներով ողողված է հենց քոչարյանական մամուլը, եւ հանդես են գալիս քոչարյանական կադրերը:
Մյուս կողմից` Հ.Աբրահամյանին ՀՀ նախագահին հակադրելու հնամաշ ու անբարո փորձերը նորից ջրի երես են հանում այն նույն լրատվամիջոցները, որոնք միաժամանակ պահանջում են ամբողջական իշխանափոխություն` երազելով Հայաստանում եվրամայդանների մասին: Հետեւաբար, աներեւակայական է պատկերացնել, որ սրանց սիրտը ցավա Ս.Սարգսյանի կամ մեր երկրի համար: Ընդհակառակը` այն, որ նրանք սարսափում են Հ.Աբրահամյանի գործադիր իշխանությունը գլխավորելուց, ապացուցում է, որ այդ նշանակումից կշահի հայոց պետականությունը:
Գրանտածիծները, արեւմտապաշտ մամուլը եւ եվրոպամետ ուժերը ահուսարսուռով սպասում են նոր վարչապետի նշանակմանը, քանի որ զգում են, որ կորցնում են իրենց նեոեվրոպական հակազգային գաղափարները իշխանության մեջ լոբբինգավորելու վերջին հույսերը:
Զ. ՍԱՐԳՍՅԱՆ

