Երեկ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում կայացավ Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի դռնփակ նիստը: Մինչ մամուլում ու հանրության շրջանում հնչում էր նոր վարչապետի անունն ու ժամանակից շուտ տեղեկատվություն տարածվում, նիստի ավարտին ակնկալիքները հօդս ցնդեցին: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ տեղեկացրեց, որ ՀՀ 13-րդ վարչապետի անունը հայտնի կդառնա երկուշաբթի օրը` 14.04.2014, երեկոյան: ՙԵրկուշաբթի տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի, ինչպես նաեւ խորհրդի նիստ, որից հետո ես ձեր դատին կներկայացնեմ 13-րդ վարչապետի անունը: Այդ հարցով ՀՀԿ-ում քննարկումները դեռ չեն ավարտվել, քաղաքական կոնսուլտացիաները նույնպես շարունակվում են՚,- նշեց Էդուարդ Շարմազանովը, իսկ մնացյալ հարցերին պատասխանեց նույն բովանդակությամբ` հավելելով, որ կոռեկտ չի համարում անուն հնչեցնել, քանի դեռ կուսակցությունը չի կայացրել պաշտոնական որոշում, իսկ մինչ այդ, որեւէ փակագիծ լրագրողների առաջ չի բացվի:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի կոալիցիայի մաս կազմելուն, ԱԺ փոխնախագահը հորդորեց հարցնել իրենցից: Սակայն քաղաքական կուլիսներում շարունակվում են ամենահավանական թեկնածուներ համարվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Կարեն Կարապետյանը: Իսկ սպասված անունը դեռեւս չի հայտարարվում, քանի որ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ կառավարության կազմի առնչությամբ որոշակի համաձայնության գալու համար եւս մի քանի օր է պետք: Իսկ մինչ երկուշաբթի նախատեսվում է ՀՅԴ, ԲՀԿ եւ ՕԵԿ ղեկավարների հետ հանդիպումներ: Ի դեպ, նիստից հետո շատերը կատակում էին, թե ՙ13՚ թվից են վախենում վարչապետի հավանական թեկնածուներն ու չեն շտապում պաշտոնավարել կառավարությունը: