ՀՀ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՑԱՅՏՆՈՏԻ ՄԵ՞Ջ ԵՆ
Արխիվ 12-16ՀՀ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՑԱՅՏՆՈՏԻ ՄԵ՞Ջ ԵՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է հանրապետության նախագահին, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է եւ տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Եվ, ի գիտություն, քաղաքական բամբասչիների ու զազրախոսների, ՀՀ նախագահն արել է աննախադեպ հայտարարություն. «Ես, Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:
Թե արդյոք այսպիսի պարտավորություն կստանձնեն նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Իրավունքը» փորձեց պարզել նրանց գրասենյակներից, սակայն ՀԱԿԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ կուսումնասիրի հայտարարությունը եւ հետո մեկնաբանություն կանի, սակայն, բնականաբար, ծանոթանալուց հետո լավագույն լուծումը գտավ հեռախոսազանգերին չպատասխանելը, իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի համար, հավանաբար, առավել ծանր էր ընդունել դառը իրողությունը, քանի որ վերջինիս հեռախոսահամարը նույնպես համառորեն լռում է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

