ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿԼԻՆԻ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
Արխիվ 12-16ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿԼԻՆԻ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
Ինչպես հայտնի է երեկ տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր նիստը ու թեեւ պաշտոնապես վարչապետի անունը կհայտարարվի երկուշաբթի, ինչպես արդեն հայտնել էինք, քաղաքական վերնախավում գրեթե համոզված են, որ ՀՀ վարչապետ կնշանակվի Հովիկ Աբրահամյանը: Մինչ երկուշաբթի նոր վարչապետի հետ համագործակցության կառավարության, այսինքն կոալիցիա մտնել չմտնելու վերաբերյալ իրենց պատասխանները կտան ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Ամենայն հավանականությամբ ՀՅԴ-ն կունենա կառավարությունում մեկ-երկու ներկայացուցիչ եւ ընդդիմությունից կվերադառնա իշխանության մեջ: Դա սպասվում էր, քանի որ ակնհայտ էր, որ կարկառուն դաշնակցական Վահան Հովհաննիսյանին հենց այնպես դեսպան, այն էլ Գերմանիայի նման կարեւոր երկրում, չէին նշանակի: Իսկ երեկվա քառյակի առաջնորդի նիստին, ՀՅԴ-ի չմասնակցելը առավել քան խոսուն փաստ է: Որպես ՀՅԴ ներկայացուցիչ, կառավարությունում, տրվում է Դավիթ Լոքյանի անունը, վերջինս փորձ ունի աշխատելու ինչպես գործադիր այնպես էլ օրենսդիր իշխանության մեջ: Հիշեցնենք, որ ԱԺ-ում Դ. Լոքյանը ղեկավարում էր նաեւ մազութի գործով ժամանակավոր հանձնաժողովը: Նա երբեք իրեն թույլ չի տվել քննադատել Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին: Ավելին որոշ տեղեկություններով Լոքյանը ՀՅԴ-ում ներքին ընդդիմություն էր, դեմ էր ՀՅԴ-ի ներկայիս երեւացող դեմքերի պոպուլիստական գործողություններին եւ արեւմտամետ խաղերին: Նշենք նաեւ, որ Դ. Լոքյանը որպես անձ ընդունելի է անձամբ Հովիկ Աբրահամյանի համար, իսկ Լոքյանի որդին Հ. Աբրահամյանի ամենանվիրված օգնականերից է: Բացի այդ, կարեւոր է նշել, որ Լոքյանը անձնապես լավ հարաբերություններ է պահպանել շատ հանրապետականների հետ եւ ունի հարգանք նրանց շրջապատում:
Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին, ապա ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ն կոլաիցիա չի մտնի, սակայն կդադարի հանդես գալ ընդդիմադիր կեցվածքով եւ կվերադառնա այլընտրանքի դիրքերին:
Այս պարագայում սպասվում է վերջին շրջանի ներքաղաքական լարվածության կտրուկ նվազում, ինչը թույլ կտա նորանշանակ վարչապետին եւ նորաստեղծ կառավարությանը իրականացնել մի շարք ծրագրեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար:
Ինչ վերաբերվում է ընդդիմադիր դաշտին ապա այստեղ գործելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի ներսից պառակտված ՀԱԿ-ը եւ ծաղրածուի վերածված Րաֆֆի Հովհաննիսյանի <Ժառանգության> մնացորդները: Հավանաբար նրանց միջեւ կծավալվի պայքարը ընդդիմության դրոշակակիրը լինելու համար: Սակայն այդ դեպքում ԼՏՊ-ն եւս մեկ անգամ կճաշակի ԲՀԿ-ի հետ միավորվելու իր ֆիքս գաղափարի սխալ լինելու դառը պտուղները ու դա կբերի ՀԱԿ-ի ներքին հակասությունների աճին եւ հավանաբար վերջնականապես քաղաքական աղբանոց կտեղափոխվի ՀԱԿ-ը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

