Ո՞Վ Է ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ԱՄԵՆԱՉԽՈՍԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒՀԻՆ
Արխիվ 12-16Ո՞Վ Է ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ԱՄԵՆԱՉԽՈՍԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒՀԻՆ
Ինչո՞ւ է լռում Մարինա Մարաբյանը.
Չնայած նրան, որ կանաց միամսյակն ավարտվել է, այնուամենայնիվ մենք փորձեցինք ըստ Parliamentmonitoring.am-ի անցկացրած մոնիթորինգի վերջին տվյալների, հասկանալ, թե ԱԺ-ում ովքեր են ամենակտիվ եւ ամենապասիվ կին պատգամավորները: Եվ այսպես ամենակտիվ կին պատգամավորների ցուցակը գլխավորում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը (1 հարց, 5 ելույթ), այնուհետ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը (5 հարց, 3 ելույթ), ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտա Եսայանը (2 հարց, 2 ելույթ), այնուհետ Նաիրա Կարապետյանը (2 հարց, 1 ելույթ), Ռուզաննա Մուրադյան (5 հարց, մեկ ելույթ), Կարինե Աճեմյան (3 հարց, 1 ելույթ),Պողոսյան Կարինե (2 հարց, 0 ելույթ): "Հայ ազգային կոնգրես" խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյան (0 հարց, 1 ելույթ), ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդանյան Էլինար (2 հարց, 0 ելույթ): Ըստ վերը նշված կայքի ամենապասիվը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարինա Մարաբյանն է (0 հարց, 0 ելույթ), ով, ընդ որում ԱԺ-ում աչքի է ընկնում ոչ միայն ելույթներում, հարց ու պատասխաններում իր պասիվությամբ, այլ նաեւ մամուլի ու գործընկերների հետ շփումներում եւ որ ամենակարեւորն է իր բացակայությունների թվով զիջում է միայն "Ժառանգություն" խմբակցության կարկառուն ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին, ով երկրորդ տեղում է հայտնվել ԱՄՆ սովորելու նպատակով մեկնելու պատճառով:
Թե ինչով է պայմանավորված տիկին Մարաբյանի այդչափ պասիվությունը, որը 2012 թվականի մայիսից գոնե մեկ անգամ ԱԺ-ում ոչ հարցով, ոչ էլ ելույթով հանդես չի եկել, հայտնի չէ: Ուստի մենք փորձեցինք խորհրդարանից դուրս նրան մի քանի հարցեր ուղղել եւ հասկանալ, թե ի՞նչն է պատգամավորի պասիվության եւ բացակայությունների պատճառը: Սակայն պատգամավորը ընդհանրապես հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` պատճառաբանելով, որ զբաղված է, իսկ մեր այն հարցին, թե երբ կարող ենք զանգահարել, վերջինս պատճառաբանեց, որ հեռախոսվ հարցազրույց չի տալիս, եւ եթե այդքան պնդում ենք կարող ենք հարցերը իր էլեկտրոնային հասցեին ուղարկել, եւ նա շատ-շուտ կպատասխանի: Դե ինչ, հենց նույն օրը հարցերն ուղարկեցինք, սակայն շատ շուտ պատասխանը հօդս ցնդեց եւ հաջորդ օրվանից պատգամավորը մեր զանգերին այլեւս չպատասխանեց: Նշենք, որ անցել է արդեն հինգ օր, բայց Մ. Մարաբյանը որեւէ կերպ չի արձագանքում:
Կարդալով վերջինիս կենսագրությունը հայտնի է դառնում, որ տիկին Մարաբյանը երբեւէ քաղաքականությամբ չի զբաղվել, ըստ այդմ էլ տեղյակ չէ, որ ըստ օրենքի պետք է բարի լինել եւ պատասխանել լրագրողի հարցերին: Հավելենք, որ տիկինը մինչ ԱԺ պատգամավոր ընտրվելը 2005-2012 թվականներին աշխատել է "Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ" ՍՊԸ-ում, որպես գործադիր տնօրեն, իսկ 2006-2012թթ.-ին համատեղության կարգով ղեկավարել է "Մասիսի Գոֆրոտարա" ՍՊԸ-ն: Կա հաստատված կարծիք, որ պատգամավորը ԱԺ է գործուղվել "Գրանդ հոլդինգի" կողմից, բայց, թե ինչ նպատակով, եթե մինչ օրս որեւէ հարց, կամ աշխուժություն չի ցուցաբերում ԱԺ-ում, ըստ երեւույթին հայտնի է միայն նրան եւ իրեն խորրդարան գործուղողներին: Բայց մենք բարի գտնվելով ներկայացրեցինք չխոսկան պատգամավորի կենսագրությունը, որպեսզի թիվ 40 ընտրատարածքի ընտրողները գոնե երեք տարի անց մեկ անգամ եւս տեղեկանան, թե ով է իրենց տարածքի պատգամավորը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

