ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ Է
Արխիվ 12-16ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ Է
«Մարտակերտի լավագույն բարեկամ, բարերար ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին շնորհվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի պատվավոր քաղաքացու կոչում», - ասված է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարտակերտի քաղաքային համայնքի որոշման մեջ: Համայնքի ավագանու կողմից նման որոշում ընդունելու հիմք է ծառայել համայնքի ղեկավարի առաջարկությունը: Հիշեցնենք նաեւ, որ տիկին Պետրոսյանին վերջերս նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից շնորհվել էր «Երախտագիտության» մեդալ:
Ինչ խոսք, որոշումը լիովին արդարացված է, քանի որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շ. Պետրոսյանը առաջնորդվելով «Փոխանակ մեկ գավաթ սուրճով նստեք համակարգչի առջեւ ու աղաղակեք սահմանամերձի դատարկվելու մասին, ուղղակի պետք է գործ անել» կարգախոսով` այսօր արդեն իսկ հսկայական ծրագրեր է իրականացրել Մարտակերտում: Արդյունքում Մարտակերտի շրջկենտրոնի թիվ 1 եւ թիվ 2, Մատաղիսի ու Թալիշի դպրոցներում, ինչպես նաեւ Մարտակերտի Արվեստի դպրոցում ու Մշակույթի տանը ստեղծագործական ու կրթական վերելք է` համակված ուսուցչական ու աշակերտական կազմի խանդավառությամբ: Մշակույթի տանն արդեն բացվել են մի շարք խմբակներ: Եվ, իհարկե, Շ. Պետրոսյանի ուշադրությունից անմասն չեն մնում նաեւ Մարտակերտի շրջանի մյուս 34 դպրոցները: Իսկ բարեգործական տարբեր ծրագրերը Մարտակերտում շարունակվում է նրա կողմից, ում նախաձեռնություններին միանում են մշակութային, քաղաքական գործիչներ, ովքեր մտահոգ են սահմանամերձ բնակչության առօրյան գունեղ դարձնելու կարեւորագույն խնդրով: Չէ՞ որ ինչպես «Իրավունքին» տված հարցազրույցներից մեկում նշել է Շ. Պետրոսյանը. «
Մարտակերտի բնակչությունը` ինչպես յուրաքանչյուր սահմանամերձ շրջանում ապրող բնակիչ, կարիք ունի մշակութային կյանքի, որովհետեւ երբ աշխատում ես ցորենի դաշտում, մարտի դաշտում ու ունես մի շարք խնդիրներ, գոնե պետք է մշակութային ինչ-որ անկյուն լինի, որ հոգուդ մեջ կուտակված պրոբլեմները, հոգնածությունը մոռացության տաս այնտեղ: Օրինակ, երբ մի երգ ես լսում, մի ֆիլմ ես դիտում, երեխաներդ գնում են խմբակ` ասեղնագործում են, նկարում են, քանդակագործությամբ են զբաղվում, ծանոթանում են հայ քնարերգությանը, երգում են, գոնե քեզ մի քիչ բավարարված ես զգում, որ դու բանում ես, որպեսզի երեխայիդ վաղվա օրը մի քիչ գունավորվի, հարստանա, իսկ այդ հարստացնելու խորհուրդը մշակույթն իսկապես ունի: Առհասարակ ՄՇԱԿՈՒՅԹԸ սպեղանի է»:
Իսկ մեզ մնում է միանալ Մարտակերտի բնակչության մի շարք շնորհավորանքներին ու մաղթել տիկին Պետրոսյանին քաջառողջություն եւ բազում ծրագրերի ու երազանքների իրականացում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

