ՙԵՐԲԵՔ ՉԵՄ ԲՈՂՈՔԵԼ, ՈՐ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ՚
Արխիվ 12-16ՙԵՐԲԵՔ ՉԵՄ ԲՈՂՈՔԵԼ, ՈՐ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ՚
Հայ մեծանուն գրողներից մեկի` ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ կյանքն ու գործունեությունը ներկայացնող բոլոր վկայությունները` շուրջ 11 հազար, գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, քանդակներ, փաստաթղթեր եւ այլն, պահպանվում են գրողի-տուն թանգարանում: Այստեղ Իսահակյանը ապրել է կյանքի վերջին 10 տարիները, եւ նրա ցանկությամբ է, որ շենքը կառուցվել է սրբատաշ սեւ տուֆ քարից:Գրողի մահվանից մի քանի տարի անց` 1963 թվականի հոկտեմբերի 31-ին, հանդիսավորությամբ բացվում է Իսահակյանի տուն-թանգարանը: Բացման օրվանից մինչ այսօր թանգարանը շարունակում է իրականացնել մշակութային մի շարք միջոցառումներ: ՙԱվ. Իսահակյանի տուն-թանգարանը մայրաքաղաքի լավագույն թանգարաններից է, որը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում: Թանգարանի վերջին մշտական ցուցադրությունը բացվել է ընդամենը մի քանի տարի առաջ` 2009 թվականին: Բացի ցուցադրությունից` թանգարանում տեղի են ունենում բազմաբովանդակ եւ բազմաբնույթ միջոցառումներ, որոնց դեպքում հաշվի ենք առնում մարդկանց տարիքային խմբերը` սկսած դպրոցահասակ երեխաներից մինչեւ թոշակառուներ: Թանգարանը իրականացնում է նաեւ կրթական ծրագրեր, ՙԻսահակյանի հեքիաթներն ու առակները՚ մեկն է այդ ծրագրերից, որը իրականացվում է թանգարանի աշխատակիցների կողմից: Ընտրելով հիմնականում թիրախային դպրոցների, նրանք այցելում են այնտեղ եւ երեխաներին ծանոթացնում Իսահակյանի եւ նրա ստեղծագործությունների հետ: Ծրագրի հաջորդ փուլում տվյալ դպրոցի աշակերտներին հյուրընկալում ենք մեզ մոտ` թանգարան, եւ ծանոթացնում թանգարանի հավաքածուի հետ: Ծրագրի վերջում արդեն ստեղծագործում են երեխաները` բեմադրելով առակներ կամ հեքիաթներ, ինչը շատ է ոգեւորում նրանց: Բացի այդ` երեխաները իրենց զգացածը վերարտադրում են նկարներում: Տարվա վերջում լավագույն աշխատանքների համար կազմակերպում ենք ցուցահանդես: Թանգարանը անցկացնում է նաեւ դասախոսություններ, որոնք նվիրված են ոչ միայն Իսահակյանին, այլեւ հայ մեծանուն մյուս գրողներին՚,- ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:
ՙՈՒՆԵՆՈՒՄ ԵՆՔ ՆԱԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՀՅՈՒՐԵՐ՚
-Արդյոք մշակութային միջոցառումները նպաստում են թանգարանի այցելուների թվաքանակի աճին:
- Աշխատում ենք այնպիսի միջոցառումներ կազմակերպել, որ իսկապես հասարակության համար հետաքրքիր լինի: ՙԹանգարանային գիշեր՚ միջոցառման ընթացքում թանգարանը լեփ-լեցուն է: Այդ մեկ օրում ունենում ենք մոտ 3 հազար այցելու, ովքեր տեղավորվում են նույնիսկ աստիճանների վրա եւ մասնակիցը դառնում մեր կազմակերպած հետաքրքիր ծրագրերին: Թանգարան են գալիս նաեւ ընտանիքներով: Նախորդ տարի 8-9 հազար այցելու ենք ունեցել: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով թանգարանն ունեցել է 770 այցելու, որը վատ ցուցանիշ չէ տարվա այս եղանակի համար: Մեր հիմնական այցելուները շարունակում են մնալ դպրոցականներն ու ուսանողները, չնայած` չեմ կարող ասել, որ մեծահասակներ չեն այցելում թանգարան: Քիչ թվաքանակով ունենում ենք նաեւ արտասահմանցի հյուրեր:
ՙԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՆԱԵՎ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ՚
Հասմիկ Մելքոնյանի խոսքով` Ավ. Իսահակյանի անվան թանգարանը արդեն 10 տարի մասնակցում է ՙԹանգարանային գիշեր՚ միջոցառմանը: Այս տարի եւս իր այցելուների համար թանգարանը նախապատրաստել է հետաքրքիր ծրագրեր` ՙՀավաքածուները` որպես հաղորդակցության միջոց՚ խորագրով: Թանգարանի ֆոնդերում պահվում է Իսահակյանի խոսքերով գրված ռոմանսների ժողովածուն, որը կոմպոզիտորների նվերն է եղել գրողի 75-ամյակին.
- Այդ օրը կլինի համերգային ծրագիր` կհնչեն հայկական ռոմանսներ Իսահակյանի խոսքերով, կցուցադրվեն գրողի մասին փաստագրական ֆիլմեր, որոնք պահվում են թանգարանի ֆոնդերում: Միաժամանակ կլինի երկու ցուցահանդես` Իսահակյանի խոհերը, մտքերը Հայոց ցեղասպանության մասին: Քանի որ մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, դեռեւս անցած տարվանից սկսել ենք իրականացնել ծրագիր` նվիրված Ցեղասպանության հետեւանքով ձեւավորված հայկական սփյուռքին ու գաղթօջախներին: Անցկացնում ենք դասախոսությունների շարք` հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախների մասին: Վերջին դասախոսությունը Ֆրանսիայի հայկական համայնքին եւ այստեղ Իսահակյանի ապրած տարիներին էր նվիրված, այդ տարիները արտացոլող լուսանկարների եւ փաստաթղթերի հիման վրա նախապատրաստում ենք ժամանակավոր ցուցահանդես:
ՙ
ՄԵԾ ԲԱՐԵԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՇԽԱՏԵԼ ԱՅՆ ՏԱՆԸ, ՈՐՏԵՂ ԱՊՐԵԼ Է ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԸ՚
-Տիկին Մելքոնյան, նման ակտիվ գործունեության հետ մեկտեղ ի±նչ խնդիրներ ունի տուն-թանգարանը:
- Բավականին ժամանակ է, որ աշխատում եմ թանգարանում` 1987 թվականից, այդ ժամանակ թանգարանը վերանորոգվում էր, հետո 2007 թվականին էլ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ երկրորդ հիմնանորոգումը` այսինքն անցել եմ երկու հիմնանորոգում: Եղել են ՙմութ ու ցուրտ՚ տարիների աշխատանքներ, բայց երբեք չեմ բողոքել, որ թանգարանը խնդիրներ ունի: Չեմ ասել, ոչ թե, որ խնդիրներ չկան, այլ դրանք այն խնդիրներն են, որոնք լուծելի են: Խնդիր էր նոր ցուցադրություն կազմակերպել` կազմակերպեցինք, թանգարանը վերանորոգել` վերանորոգեցինք: Կան խնդիրներ, որոնք պետք է վերհանել, բարձրաձայնել, բայց, փառք Աստծո, մենք չունենք այդպիսի խնդիրներ: Փոքր խնդիրներն էլ աշխատում ենք լուծել: Գիտական առումով էլ խնդիրներ չունենք, Իսահակյանը այն գրողն է, որը լավ ուսումնասիրված է եւ ներկայացված: Պարզապես աշխատում ենք Ավ. Իսահակյանի բարձրարժեք գրականությունը համապատասխան ձեւով ներկայացնել հանրությանը: Թանգարանի համար ապահովել ենք առավելագույն պահանջները: Մեծ բարեբախտություն է աշխատել այն տանը, որտեղ ժամանակին ապրել է մեր մեծերից մեկը` Ավ. Իսահակյանը: Օրվա մեծ մասն ապրում ես այն մթնոլորտում, որը շատ ապրեցնող եւ տրամադրող է:
ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՎԱՐՊԵՏԻ ԴԻՄԱՆԿԱՐՈՎ
Ըստ Հ. Մելքոնյանի` թանգարանի բոլոր ցուցանմուշները լուսանկարվում եւ թվայնացվում են: Այս ուղղությամբ թանգարանը շարունակում է աշխատել եւ մեկ տարի անց թվայնացման աշխատանքները կավարտվեն: Իսկ ինչ վերաբերում է թանգարանի համալրման աշխատանքներին, ապա Հ. Մելքոնյանը փաստում է, որ հավաքածուն ամբողջական է, ի սկզբանե, երբ հիմնադրվել է թանգարանը, այն կայացել է արդեն առկա ֆոնդերի հիման վրա` հուշային սենյակներ, հարուստ գրադարան, ննջասենյակ, աշխատասենյակ եւ այլն: Այնուամենայնիվ, հիմնադրման օրվանից մինչ այսօր թանգարանը շարունակում է համալրվել: Նախորդ տարի թանգարանը համալրվել է Վարպետի դիմանկարով: ՙՄեր ունեցած ցուցանմուշներով կարողանում ենք ե°ւ ժամանակավոր, ե°ւ մշտական ցուցադրություններ կազմակերպել: Այն, ինչ չենք հասցնում ցուցադրել, տարբեր միջոցառումների եւ ցուցադրությունների ժամանակ ներկայացվում է հանրությանը՚,- մեկնաբանեց տնօրենը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

