Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավարեւելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողությունը:
Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների եւ նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) եւ 6 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Թե ինչ վիճակ է ներկայումս սահմանին` ճշտեցինք ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ. - Սահմանագծում իրավիճակն արմատապես չի փոխվել: Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը եւ փորձեր է անում ներթափանցել մեր տարածք, սակայն մշտապես ստանում է համապատասխան հակահարված: - Ինչպես են արձագանքում այս ամենին համապատասխան միջազգային կառույցները: - Միջազգային կառույցներին շատ ենք դիմել: Բաքուն չի ցանկանում որեւէ քայլ կատարել` վիճակը կայունացնելու համար: Ներկա դրությամբ միջազգային կառույցներն ի վիճակի չեն որեւէ բան փոխել: