ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐՆ ԱՀԱԲԵԿՎԱԾ ԵՆ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՈՂՔԻՑ
Արխիվ 12-16ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐՆ ԱՀԱԲԵԿՎԱԾ ԵՆ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՈՂՔԻՑ
ՙՌեգնում՚ գործակալության տարածած տեղեկատվությունից հետո, համաձայն որի ՀՀ վարչապետ է նշանակվելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ընդդիմադիր ուժերի եւ իրենց ծառայող լրատվամիջոցների մոտ սկսվել է բուռն հիստերիայի շրջան:Չնայած դեռեւս որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն արեւմտասեր ընդդիմությունը` իշխանական համակարգում եւ հատկապես ֆինանսաբանկային համակարգում բուն դրած նեոլիբերալիստական ուժերի հետ համատեղ, ահաբեկված են Հ. Աբրահամյանի շողքից: Բանն այն է, որ Հ. Աբրահամյանի նշանակման դեպքում ընդդիմադիրները կկորցնեն իրենց բողոքների առարկան, իսկ բանկային համակարգի սանձերը Հ. Աբրահամյանը կձգի:
Եթե Տ. Սարգսյանը Հայաստանի տնտեսությանը հաճախ նայում էր բանկային տոկոսների պրիզմայի միջով եւ այն վերածել էր ֆինանսական համակարգի սպասարկողի, ապա Հ. Աբրահամյանը լավ է տիրապետում իրական տնտեսության` արտադրության, գյուղատնտեսության զարգացման մեխանիզմներին: Հիշեցնենք, որ ԱԺ-ում կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության քննարկումների ժամանակ Հովիկ Աբրահամյանը կոչ է արել նվազեցնել վարկերի տոկոսները. ՙԵթե ֆինանսավորում ենք էժան եւ երկար վարկեր, դա ուղղակի նպաստում է տնտեսության զարգացմանը, եթե դրանք կարճ են եւ բարձր տոկոսով, ապա խաթարում է տնտեսության զարգացմանը՚:
Իր ելույթների ընթացքում նա քննադատել է կառավարությանը` ներդրումների համար ոչ բարենպաստ դաշտ ստեղծելու համար. ՙՄենք ենք քննադատում կառավարությանը, որ դաշտ ստեղծեն, հնարավորություն ստեղծեն, որպեսզի ներդրումներ իրականացվեն Հայաստանի Հանրապետությունում: Մի խումբ մարդիկ են, որոնք ներդրում են կատարելու, եթե չտանք հարկային արտոնություն, մեզ չեն վստահի՚:
Հ. Աբրահամյանը, ունենալով երկար տարիների վարչական եւ քաղաքական գործունեության փորձ` եղել է մարզպետ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, փոխվարչապետ, ԱԺ նախագահ, անկասկած, լավ է տիրապետում գործադիր իշխանությանն անհրաժեշտ հմտություններին: Հարկ է նշել նաեւ, որ քաղաքական դաշտում Հ. Աբրահամյանը վայելում է հեղինակություն եւ ունի տարբեր քաղաքական օղակների վրա ազդելու լծակներ: Ընդդիմադիրները ամենաշատը սարսափում են Աբրահամյանի հնարավոր նշանակումով, ԲՀԿ-ն այլեւս չի մնա ՙհրաշալի քառյակի՚ մեջ, եւ վերջինս կկորցնի այն ձողը, որի շուրջ, ինչպես մլակները լույսի շուրջ, պտտվում էին ընդդիմադիրները:
Հ. Աբրահամյանն ունի նաեւ ընկալում հասարակ ժողովրդի մեջ: Սերելով հասարակ հայ ընտանիքից` նա կարողանում է մարդկանց հետ խոսել իրենց հասկանալի լեզվով, ականջ է դնում հասարակ ժողովրդի բողոքներին եւ առաջարկներին, լավ է տարբերակում գյուղացու հոգսը, քաղաքացու կարիքը` անձամբ շփում ունենալով շարքային քաղաքացիների հետ:
Հովիկ Աբրահամյանը կարեւորում է գիտակցությունը, որ գյուղատնտեսությունը Հայաստանի առաջնահերթ ուղղություններից է, որի զարգացման համար պետք է միջոցներ ձեռնարկվեն: ՙԵս կոչ եմ անում` բոլորս լինենք հետեւողական մեր խոստումների մեջ: Չի կարելի գնալ գյուղ, խոստումներ տալ ու չկատարել: Երբ գյուղացիները չեն կարողանում տեսնել լուծումը, դա է խնդիրը՚,- ասել է Հ. Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ անցած տարի Հ. Աբրահամյանը առաջինը արձագանքեց Արմավիրի մարզի պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի առաջարկին` բացել հաշվեհամար Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչների օգնության համար եւ իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիների հաշվեհամարին, ինչին հետեւեցին պատգամավորները եւ կառավարության անդամները:
ՙԲոլորս պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա, որ բոլոր հարցերը միանգամից լուծենք: Մենք պետք է անենք ամեն ինչ` ստեղծելու բարենպաստ հնարավորություններ մարդկանց համար, էժան տոկոսով երկարաժամկետ վարկեր տրամադրենք: Չի կարելի, որ գյուղատնտեսական վարկը լինի յոթ տարուց պակաս, դա չի կարող շահույթ տալ, իսկ յուրաքանչյուր բիզնեսի հիմքում պետք է ընկած լինի շահույթը, որպեսզի այն գոյատեւի, ունենա շարունակական բնույթ՚,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Նրա աշխատաոճը տարբերվում է կառուցողականությամբ եւ վճռականությամբ, միաժամանակ նա բանակցելու վարպետ է, ինչն ապացուցել է խորհրդարանական ընդդիմության հետ աշխատելիս: Նրա հայտարարությունները միշտ պարզ են եւ կշռադատված` ուղղված հասարակ քաղաքացու շահերին:
Սակայն արեւմտասերները ժամանակից շուտ են բոբիկացել, քանի որ պարզ չէ` ՀՀ վարչապետի պաշտոնի առաջարկ Հ. Աբրահամյանին լինելու է, թե` ոչ, եւ այն ստանալու դեպքում` Հ. Աբրահամյանը կհամաձայնի դե յուրե պաշտոնի իջեցմանը եւ մեծ գլխացավանքի տակ մտնելուն, թե` ոչ:
Զ. ՍԱՐԳՍՅԱՆ

