ԵՎՐԱԻՆՏԵԳՐԻՍՏՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՋՂԱԿԾԿՈՒՄՆԵՐԸ
Արխիվ 12-16ԵՎՐԱԻՆՏԵԳՐԻՍՏՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՋՂԱԿԾԿՈՒՄՆԵՐԸ
Ինչքան մոտենում է մայիսը, այնքան հօդս են ցնդում արեւմտապաշտների հույսերը: ՙՆարնջագույնների՚ եւ գրանտածիծների հուսահատ խառնաժողովներ ՙՀրազդան՚ հյուրանոցում եւ այլ վայրերում, քարոզչամիջոցներով տեղեկատվության եւ վերլուծության անվան տակ կատարյալ եւ նորմալ մարդու փսիխիկայի համար անմարսելի ցնդաբանությունների տարածում, Մաքսային միության դեմ ՙքաղաքական եւ քաղաքացիական ուժերի՚ համախմբման կոչ, որ հնչեցրել է Պարույր Հայրիկյանը` այդ ամենը քաղաքական հոգեվարքին բնորոշ երեւույթներ են: Դրան հավելվեցին նաեւ պարզունակ ինտրիգներ` ապագա կառավարության հարցի շուրջ:
ԱԿԱՄԱ ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
Եվ ՍԴ որոշումը պարտադիր կուտակայինի վերաբերյալ, ե°ւ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա գլխավորած կառավարության հրաժարականը տհաճ անակնկալ էին ՙհրաշալի քառյակի՚ համար: Պարզապես անհետացավ թիրախը, որի վրա կառուցվում էր ապրիլի 28-ին մեկնարկելիք շուրջօրյա հանրահավաքների միջոցով Երեւանում Մայդան սարքելու ծրագիրը: Հիմա ՙքառյակը՚ չգիտի` հանրահավաք անելու են, թե` ոչ: Պարզապես առանձին ներկայացուցիչներին մնում է Արծվիկ Մինասյանի օրինակով զբաղվել կուտակայինի հետ կապված մանր պայքարներով, մասնավորապես` կոչ անելով քաղաքացիներին մինչեւ սեպտեմբերի 30-ը մնացած ժամանակահատվածում չմուծել այդ 5 տոկոսները: ՙԴեմ եմ՚ շարժումն էլ այլեւս չունի այն դրդապատճառը, որով պետք է հեշտությամբ մոբիլիզացնի զանգվածներին բողոքի գործողությունների, քանզի գլխավոր թիրախը` կուտակայինի մասին օրենքի առանցքային դրույթները ճանաչված են հակասահմանադրական: Հետեւաբար, ակցիաների թափն ու ընդգրկումը նվազելու են: Ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանի կենտրոնի` իրենք իրենց քաղաքագետ անվանող որոշ ՙծակ պրոֆեսորներ՚ բարձրաձայնում են երազանքներ, որ ՙԴեմ եմ՚ շարժումը ընդգրկվի ընդհանուր իշխանափոխության կամ արդար ընտրությունների համար պայքարի տարատեսակ ֆորմատներում, սակայն այսօրվա դրությամբ դա սոսկ երազանք է: Իսկ լրատվական դաշտը լեցուն է վերլուծություններով ու գուշակություններով, թե ով կլինի վարչապետը, եւ ովքեր կընդգրկվեն կառավարության կազմում:
ՀՀ նախագահը մտադիր է քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնել ԱԺ բոլոր խմբակցությունների հետ: Նա նաեւ նշել է, որ վարչապետը լինելու է բոլորի համար ընկալելի եւ ընդունելի մարդ: Իսկ Էդուարդ Շարմազանովը, որպես ՀՀԿ մամլո խոսնակ, չի բացառել, որ վարչապետը կարող է լինել ոչ ՀՀԿ անդամ: Էդուարդ Շարմազանովն այս կապակցությամբ հավելեց. ՙԵվ ՙԲարգավաճ Հայաստանն՚ էլ չի հրաժարվել, ինչքանով որ տեղյակ եմ` ՙՀայ Յեղափոխական Դաշնակցությունն՚ էլ է ասել, որ պետք է հանդիպենք, ՀԱԿ-ից տեղյակ չեմ` ինչ են ասել, ինչ չեն ասել՚: ՀՀԿ խոսնակը համոզված է, որ հինգշաբթի երեկոյան կամ կտեղեկացնի քննարկումների ընթացքի կամ ՙորոշման մասին՚, այսինքն` կտա ՀՀ 13-րդ վարչապետի անունը: Այսինքն, այդ գործընթացը կարող է էապես ազդել ինչպես ՙքառյակի՚ մոտեցումների վրա, այնպես էլ ընդհանրապես հարցականի տակ դնել ՙքառյակի՚ ձեւաչափի հետագա գոյությունը որպես այդպիսին: Եվ, ի դեպ, ՙքառյակում՚ արդեն սկսել են թարս նայել դաշնակների վրա, քանզի վերջիններս կարծես թե խանդավառված են կրկին նախարարական պորտֆել ունենալու շանսերով: Բնականաբար, արդեն վարչապետի անվան հրապարակումից հետո դեռ 20 օր էլ ժամանակ կա կառավարության կազմի շուրջ խորհրդակցությունների, սակարկությունների, ինտրիգների եւ այլնի համար: Այսինքն, արդեն նույնիսկ տեսականորեն խոսք լինել չի կարող նույն ՙքառյակի՚, այսպես կոչված, ՙմայդանունակության՚ մասին:
Բավականին հետաքրքիր բաներ տեղի ունեցան նաեւ երբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հրապարակավ կարծիք հայտնեց, որ բոլորի համար ընդունելի վարչապետ կարող է լինել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նույն անունը հնչեցրեց եւ ՙՌեգնում՚ լրատվական գործակալությունը` հղում անելով իր անանուն աղբյուրին: Ճիշտ է, երեկ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մինչեւ կուսակցության նախագահի կողմից որոշում կայացնելը կոռեկտ չի համարում դիրքորոշում հայտնելը, բայց, այնուամենայնիվ, ԱԺ նախագահի անվան շուրջ լրատվական դաշտում անմիջապես որոշակի ինտրիգ ի հայտ եկավ:
Այսպես` ԱՄՆ քաղաքացի, քաղաքագետ, ամերիկյան լրտեսի համարում ունեցող Ռիչարդ Կիրակոսյանը հրապարակավ տեսակետ հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը հետընթացի կբերի: Բացասական տեսակետ հնչեցրեց եւ Ռոբերտ Քոչարյանի բացահայտ եւ հավատարիմ թիմակից Գառնիկ Իսագուլյանը: Այսինքն, միանգամից տեղի ունեցավ ինքնաբացահայտում, որ Հ. Աբրահամյանի տարբերակին կտրականապես դեմ են ե°ւ ամերիկացիները, ե°ւ Ռոբերտ Քոչարյանը: Դա կցուցանե, որ Մայդանի մասին երազող շրջանակների համար դա վերին աստիճանի անընդունելի տարբերակ է: Այլ ինքնաբացահայտումներ նույնպես եղան, քանզի բացասաբար արտահայտվելու համար կարելի է ասել, որ հերթագրվել էին բոլոր բացահայտ եւ ծպտյալ լիբերաստները: Ու նաեւ միանգամից լրատվական դաշտ արտանետվեցին ամերիկամետ վարչապետացուների անուններ, մասնավորապես օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունը:
Անշուշտ, անշնորհակալ գործ կլինի այս պահին գուշակել, թե, այնուամենայնիվ, ով է լինելու վարչապետը, սակայն պարզ երեւաց մի բան` ամերկացիներն ու տարատեսակ 5-րդ շարասյուները լրջորեն անհանգստացած են այն հեռանկարով, որ ՀՀ 13-րդ վարչապետը կարող է լինել այնպիսի ֆիգուր, որն իսպառ վերջ կդնի նրանց ազդեցությանը ՀՀ կառավարությունում: Նույնաբովանդակ մտավախություններ ունի եւ ՀՀ երկրորդ նախագահը, ով դեռ ամենասկզբից իր խոսնակի միջոցով տեղեկացրեց, որ վարչապետական հավակնություններ չունի:
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՏԱՆՈՒԼ Է ՏԱԼԻՍ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԴԱՇՏԸ
Դեռ այս կիրակի ՙՀրազդան՚ հյուրանոցում տեղի ունեցած լիբերաստական խառնաժողովի ժամանակ հնչել են այն մտահոգությունները, որ եվրոպամետ եւ ամերիկամետ քարոզչությունը լրատվական դաշտում Հայաստանի պայմաններում տանուլ է տալիս ռուսներին: Եվ ահա արդեն երկուշաբթի հայտարարություն տարածեց խոշորագույն գրանտածիծական որջերից մեկը. ՙԱրեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու` ՙՀՏրրՌÿ-1՚ եւ ՙկպՐՉօռ ՍՈվՈս՚ հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների եւ սյուժեների կապակցությամբ, որոնցում քարոզվում է բացահայտ այլատյացություն` ազգային պատկանելության հիմքով, եւ սերմանվում է ազգամիջյան ատելություն՚: Դե, բավականին ստանդարտ լիբերաստական շառ է, եւ եթե սրանց երես տաս, ապա թուրքերի եւ ազերիների մասին վատ արտահայտվելը նույնպես կորակեն այլատյացություն եւ ազգային թշնամանք:
Սույն աստվածատհաճ հիմնարկությունը, որի հապավումը հայ ընթերցողի համար գրեթե հայհոյանքի նմանությամբ է հնչում, նաեւ պահանջել է ՀՀ իշխանություններից կասեցնել ռուսական այդ երկու հիմնական հեռուստաալիքների հեռարձակումը եւ նրանց հաճախականությունները հանել լիցենզավորման մրցույթի: Անշուշտ, լպիրշությունը երկրորդ երջանկություն է, սակայն առավել կարեւոր է դիտարկել դրա դրդապատճառները:
Ուկրաինայի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցվել է, եւ այդ երկրի բնակչությունն այժմ ապրում է իշխանությունը զավթած մայդանչիների եւ Արեւմուտքի համատեղ ջանքերով ձեւավորված տեղեկատվական մատրիցայում, որը, մեղմ ասած, շատ հեռու է ինչպես ներսի, այնպես էլ դրսի իրականությունից: Այսինքն` Ուկրաինան դարձավ այն փորձադաշտը, ուր լիակատար ծավալով կիրառվում է տեղեկատվության տոտալ գրաքննություն, որի համեմատ ԽՍՀՄ-ի գրաքննությունը գլուխը պատով է տվել:
Նույն ուղիով գնում են Լիտվան ու Մոլդովան, եւ այժմ էլ ամերիկյան այդ գրաքննության մոդելը փորձում են Հայաստանում խցկել լրագրության հետ բացարձակ կապ չունեցող Բորիս Նավասարդյանի հիմնարկության օգնությամբ: Ենթադրելի է, որ այդ գործընթացում բիզնես շահագրգռվածություն ունեն եւ ագրեսիվ հեռուստաաղբ արտադրող որոշ տեղական հեռուստաընկերություններ: Ի դեպ, այդ նույն ՙաղբարտադրողների՚ վերաբերյալ որոշ փորձագետներ վաղուց կասկածներ են հայտնել, որ հենց նույն Արեւմուտքից ստացվող ստվերային ֆինանսավորման դիմաց նրանք կատարում են հասարակության փչացման միանգամայն նպատակային ծրագրեր:
Ինչեւէ, տեղեկատվական դաշտում այժմ ռուսներն ու Արեւմուտքը կարծես թե տեղերով են փոխվել: Եթե ԽՍՀՄ տարիներին խորհրդային երկրի եւ վերջինիս արբանյակների տեղեկատվական տարածքը ճեղքում էին ՙԱմերիկայի ձայնը՚, ՙԱզատություն՚ եւ ՙԱզատ Եվրոպա՚ ռադիոկայանները, որոնք էլ հանդես գալով որպես այլընտրանքային տեղեկատվության աղբյուր, շատ մեծ դեր խաղացին խորհրդային համակարգը փլուզելու գործում, ապա այժմ տոտալ գրաքննության միտումներ են դրսեւորում ԱՄՆ-ն իր արբանյակներով հանդերձ: Իսկ ռուսական հեռուստաընկերությունները դարձել են այն միջոցը, որը ՙգլոբալիստական աշխարհակարգի՚ լծի տակ հայտնված տարածքներում ճեղքում են տեղեկատվական շրջափակումը, մարդկանց ապահովում այլընտրանքային տեղեկատվությամբ` քանդելով այն արհեստական մատրիցան, ուր փորձում են խցկել բոլորին: Եվ նույն Ղրիմի վերամիավորումով սկսված Ռուսաստանի` աշխարհի նոր բեւեռ դառնալու գործընթացում այդ հեռուստաընկերությունները վերածվում են տեղեկատվական-հոգեբանական հզոր զենքի, որը քանդում է միաբեւեռ աշխարհակարգը: Այնպես որ, այժմ ՙՀՏրրՌÿ-1՚ եւ ՙկպՐՉօռ ՍՈվՈս՚ եւ այլ ռուսական ալիքները կատարում են նույն դերը, ինչ ժամանակին կատարում էին ՙԱմերիկայի ձայնը՚ եւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող այլ ԶԼՄ-ները: Ի դեպ, նկատելի է նաեւ մեր հանրության դրական տրամադրվածությունը այդ ալիքների նկատմամբ ու, մասնավորապես, ՙՖեյսբուքի՚ հայ օգտատերերի ջախջախիչ մեծամասնությունը քննադատությամբ եւ հայհոյանքներով են դիմավորել ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ անբարեհունչ հապավումը կրող հիմնարկության նախաձեռնությունը:
Եվ քանի որ Ռուսաստանում բավականին արագ է տեղի ունենում անցումը սպառողական հասարակությունից դեպի առաքելություն ունեցող գաղափարական պետություն, ապա ակնկալելի է ռուսական հեռուստահաղորդումների որակի շոշափելի բարձրացում, ինչը, անշուշտ, նաեւ կդառնա բարձր նշաձող եւ մեր հեռուստաընկերությունների համար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

