"ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԵՆՑ ԲԱՆՏԻՑ ՆՈՐ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ԵՂԲԱՅՐՆ ԷԼ ԹԱՔՑՆՈՒՄ Է ՏՂԱՅԻՆ"
Արխիվ 12-16"ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԵՆՑ ԲԱՆՏԻՑ ՆՈՐ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ԵՂԲԱՅՐՆ ԷԼ ԹԱՔՑՆՈՒՄ Է ՏՂԱՅԻՆ"
Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, ապրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 14-ամյա Արեւշատ Զախարյանն ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել: Թե երբ եւ ինչ պայմաններում է մանկատան սանը հեռացել, փորձեցինք պարզել Գավառի մանկատան փոխտնօրեն Համլետ Բեսալյանից, ով մասնավորապես նշեց.
- Արեւշատը երեք ամիս է, ինչ մեր մանկատանն էր, գարնանային արձակուրդների ընթացքում, ինչպես հետագայում պարզեցինք, կալանավայրից նոր դուրս եկած եղբայրը եկավ տարավ, հետո ետ բերեց, հետո փաստորեն` տարավ: Այս պահի դրությամբ ես ոչ մի հստակ բան ասել չեմ կարող, մի բան է միայն պարզ` եղբայրն է նրան համոզել, որ լքի մանկատունը եւ, համոզված եմ, որ հենց բանտից նոր դուրս եկած եղբայրն էլ թաքցնում է տղային: Մեր միակ մտավախությունն այն է, որ եղբայրը, քանի որ նոր է ազատվել բանտից, վախենում ենք` հանկարծ երեխայի գլուխը հիմարություններով չլցնի, սխալ ուղու վրա չտանի:
- Ինչո՞վ եք վստահ, որ հենց եղբայրն է թաքցնում:
- Վստահ ենք, որովհետեւ ապրիլի 1-ի երեկոյան մանկատան տնօրենը խոսել է եղբոր հետ, որը նախ ներողություն է խնդրել, ապա խոստացել, վաղը` այսինքն ապրիլի 2-ին կվերադարձնի: Բայց, ինչպես երեւում է, խոստումը դրժել է, տնօրենը գնացել է Հրազդան, որտեղ վերջիններս ապրել եւ գիշերել էին, բայց այնտեղ չի գտել: Մենք կարծում ենք, որ եղբայրը ամեն ինչ կանի, որ թաքնվի` մտածելով, որ իր հետ կապված խնդիրներ կառաջանան: Եթե այդ վախը չլիներ, հետ կբերեր: Մեզ թվում է` դեռ կշարունակի թաքնվել: Բայց ամեն դեպքում, ոնց էլ լինի` երեխային էլ եղբոր հետ կգտնեն, դա ընդամենը ժամանակի խնդիր է: Ըստ երեւույթին, եղբայրը հիմա ավելի է վախենում է, քանի որ գիտի, որ ոստիկանությունն էլ է Արեւշատին փնտրում եւ վախենալով իրավական պատասխանատվությունից` խուսափում է երեխային վերադարձնել:
Անդրադառնալով երեխայի բնութագրմանը` փոխտնօրենն ասաց.
- Շատ ինքնամփոփ, լռակյաց տղա է, դժվարությամբ է դպրոց գնում: Միջակ ընդունակությունների տեր երեխա է: Նման ինքնամփոփ պահվածքի վրա ազդել է մորը վիճակը, որը հոգեկան հիվանդ է եւ ապրում է Հրազդանում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

