ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԾԱԳԱԾ ՍԿԱՆԴԱԼԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻԱՆ
Արխիվ 12-16ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԾԱԳԱԾ ՍԿԱՆԴԱԼԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻԱՆ
Վերջերս Վրաստանի հայ համայնքը հայտնվեց հայաստանյան եւ վրացական լրատվամիջոցների թատերաբեմում ու տարատեսակ մեկնաբանություններ հնչեցին այնտեղ ծագած սկանդալի շուրջ: Հիշեցնենք, որ համայնքի ներկայացուցիչ Գոգա (Գեորգի) Էլիբեգովը համայնքի անունից ի լուր Վրաստանի իշխանությունների` բողոքել էր Վիրահայոց թեմից ու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանից` նրան մեղադրելով թեմի ֆինանսական միջոցները վատնելու մեջ: Ապա փորձել էր խոչընդոտել վրացական կառավարության կողմից Հայ առաքելական եկեղեցու ֆինանսավորմանը: Թե ի՞նչ ավարտ ունեցավ այս` առաջին հայացքից մութ պատմությունը, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ.
- Հատկապես վիրահայերի հետ մենք ամենօրյա կապի եւ աշխատանքի մեջ ենք եւ ունենք այնտեղ փայլուն, հզոր, կազմակերպված թեմի առաջնորդ` Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա շատ կայացած հոգեւորական է ու վայելում է համայնքի բարձր հեղինակությունը: Ինչ վերաբերում է Ձեր նշած հարցին, ասեմ, որ կաթողիկոսը ուղարկեց այնտեղ հանձնախումբ, որն ուսումնասիրեց նյութականի հետ կապված բոլոր այդ խնդիրները, եւ բոլոր հարցադրումները ժխտվեցին: Կարծում եմ` մեկ-երկու տարակուսանքների մասին ոչ թե պետք է այդքան շատ գրենք, խոսենք, տարածենք, այլ մտածենք` եթե խնդիր կա, ինչպես հարթենք, ինչպես հանգստացնենք: Ցավոք սրտի, այսօրվա լրատվությունը շատ հաճախ չի հասցնում ճշգրտել տեղեկատվությունը, այլ միանգամից գրում է, ինչը կարող է ալեկոծություն առաջացնել համայնքում: Օգտվելով Ձեր հարցից` պետք է խնդրեմ, հորդորեմ հատկապես լրատվական ծառայություններին, որ համայնքների հետ կապված` շատ զգուշավոր լինեն, հարցը մինչեւ վերջ ճշտեն, երկու կողմին լսեն` հետո գրեն, որպեսզի ավելի մեծ լարվածություն չստեղծվի:
- Բայց իրականում բավական լուրջ կոնֆլիկտ էր առաջացել...
- Համայնքում տարբեր մարդիկ են, տարբեր կարծիքների տեր, տարբեր կուսակցությունների եւ կառույցների ներկայացուցիչներ, տանն էլ է վեճ լինում: Հնարավոր չէ, որ ամեն ինչ փայլուն լինի, բայց ամեն մի փոքրիկ վեճ ստեղծելիս` պետք է մտածենք, որ մեր ազգին ենք նաեւ վնասում: Եթե հայկական համայնքի հեղինակությունը փորձում ենք հարցականի տակ դնել Վրաստանում, դրանով հենց մեր համայնքին ենք վնասում: Իմ աշխատակիցները մի քանի անգամ եղել են այնտեղ, այսօր այդ հակամարտությունը կամ կոնֆլիկտը հարթված է, եւ հուսով եմ, որ վիրահայ համայնքը, որը ամենակազմակերպված համայնքներից մեկն է, կհամախմբվի եկեղեցու շուրջ եւ կշարունակի իր հայապահպան գործունեությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

