ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆ. «ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ՍՈՒՐ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ»
Արխիվ 12-16ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆ. «ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ՍՈՒՐ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ»
Ապրիլի 11-ին կմեկնարկի «Թատրոն X» 7-րդ հանրապետական փառատոնը: Ինչպես խոստանում են կազմակերպիչները, այս տարի զգալի մաս են կազմելու երիտասարդական թատերախմբերը: «Իրավունքի» հետ զրույցում փառատոնի նախագահ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ փաստեց, որ այս տարի փառատոնում քննարկման առատ նյութ կա:
- Փառատոնում ամենալուրջ խնդիրը որակյալ ներկայացումներ բացահայտելն է եւ հագեցած քննարկումներ ունենալը: Կարծում եմ, որ այս տարի էլ փառատոնային քննարկումները լինելու են սուր եւ նպատակային: Իսկ ֆինանսների խնդիրը կա ու կլինի: Ավելորդ եմ համարում խոսել այդ մասին, քանի դեռ ճշտված ու կարգավորված չէ հովանավորչության ոլորտը «Թատրոն -X» -ն այն փառատոնն է, որն ամփոփում է նախորդ տարվա բեմադրական ձեռքբերումները եւ որպես այդպիսին ունի ստուգատեսային բնույթ: Կարծում եմ` ճիշտ կլինի փառատոնին հանձնարարել էական դերակատարություն` պետական մրցանակների շնորհման խնդրում:
- Ինչ սկզբունքով է կատարվել մասնակցիների ընտրությունը:
- Սկզբունքը նույնն է` պետական թատրոններն ինքնուրույն են կատարում իրենց ընտրությունը, իսկ ոչ պետականները մասնագիտական հանձնախմբի դատին են ներկայացնում բեմադրության տեսագրությունը: Մասնակիցների թիվը հասնում է քսանի:
- Եղել են հայտեր, որոնք մերժել եք:
- Այո, եղել են: Հակառակ դեպքում մասնագիտական հանձնախումբն իմաստ չէր ունենա: Մերժվել են տեխնիկական եւ մասնագիտական պատճառներով: Նախորդ տարվա մեր որոշումն ուժի մեջ է` ընդգրկել ներկայացումներ, որոնց շուրջ կարող եէ լինել որոշակի զրույց` դրական, թե բացասական:
- Ինչ կասեք մարզային թատրոնների մասին:
- Մեկնելու ենք Հրազդան, Աբովյան եւ Վանաձոր: Առանձին փուլ ենք նախատեսում Գյումրիում` քառօրյա միջոցառումներ (քննարկումներ, դասախոսություններ, վարպետության դասեր, դրամատուրգիական ընթերցումներ):
- Հրաժարվելու եք մրցանակներից, թե առաջնություններ, այնուամենայնիվ, կլինեն:
- ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի որոշմամբ` մրցանակներ լինելու են: Դրանց շնորհման սկզբունքներն ու չափանիշները պարզ կդառնան փառատոնի ընթացքից ու տրամաբանությունից:
- Նախկինում հաճախ էիք նշում, որ մայրաքաղաքի թատրոնները խուսափում են թատերական քննդատություններից, պատկերը փոխվե՞լ է, թե՞…
- Քննարկման մեծ ցանկություն ունեն հատկապես մեր սերնդակիցները, ավագները զգուշավոր են: Բայց անքննադատելի դասականի կեցվածքը հարիր չէ կենդանի ստեղծագործողին: Թեպետ տարիներ շարունակ իրենց գործերը հաճույքով են ներկայացրել հատկապես Ռ. Բաբայանը, Ա. Գրիգորյանը, Հ. Ղազանչյանը, Ս. Մելիք-Հովսեփյանը, Կ. Արզումանյանը եւ այլք: Մասնակիցների պակաս երբեք չենք ունեցել: Զրույցից է ծնվում ամեն ինչ:
- Ինչպիսի բացում եք նախատեսել:
- Այն կազմակերպում է «ՄԻՄ ՍՏՈՒԴԻՈ» թատերախումբը, ով եղել է «Թատրոն-X»-ի մրցանակակիր, Երիտասարդ բեմադրիչների աջակցման ծրագրի հաղթողներից: Բացմանն էլ ներկայացնելու ենք նույն ծրագրի հաջորդ հաղթողի` Աիդա Սիմոնի «Pro Շամիրամ» պարային-պլաստիկ ներկայացումը, որը լուրջ անելիքներ ու հեռանկարներ ունի: Բացման ժամանակ ներկայացնելու ենք նաեւ տաղանդավոր մի մարդու` Արմեն Հակոբյանի «Ստվարաթղթե հույզեր» հարթաքանդակների ցուցահանդեսը:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

