ՙ«ԱՄԵՆ ԻՆՉ ԳՈՎԱԶԴՎՈՒՄ Է, ԲԱՑԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻՑ»
Արխիվ 12-16«ԱՄԵՆ ԻՆՉ ԳՈՎԱԶԴՎՈՒՄ Է, ԲԱՑԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻՑ»
Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Վերդիի «Տրուբադուր» օպերայի պրեմիերան: Առաջին անգամ այն բեմադրել է անվանի բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Նորայր Սարգսյանը (1989թ.): Ներկայացումը թատրոնի խաղացանկում ամենաերկարակյաց բեմադրություններից մեկն է եղել` գրեթե 6 տարի: 2000 թվականին հիշյալ ներկայացումը վերականգնել է ռեժիսորի դուստրը` Մարինա Սարգսյանը: Սակայն 4 տարի առաջ ինչ-ինչ պատճառներով ներկայացումը հանվեց խաղացանկից: Ինչեւէ, դա արդեն հոգ չէ, քանի որ ապրիլի 3-ից Վերդիի «Տրուբադուր» կրկին Օպերային թատրոնի խաղացանկում է: «Իրավունքի» հետ զրույցում ներկայացման այժմյան բեմադրիչ ՄԱՐԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց.
-Երբ 2000 թվականին այս ներկայացումը վերականգնեցի, այդ ժամանակ աշխատում էինք Օհան Դուրյանի հետ, բավականին երկար տարիներ ներկայացումը մնաց խաղացանկում: Հետո ներկայացման դեկորները, հագուստները սկսեցին հնանալ եւ այդ պատճառով մոտ 4 տարի ներկայացումը դադար առավ:
Հորս բեմադրած ներկայացման մեջ մեծ ու անվանի երգիչ-երգչուհիներ են երգել: Հագուստները, դեկորները, ամեն ինչ այնքան էին հնացել, որ մեր նկարիչն այնքան տանջվեց, մինչեւ դեկորները նորից վերակենդանացրեց: Ես շատ պայքարեցի, որ ներկայացումը նորից խաղացվի: Մեկ անգամ «Տրուբադուրը» համերգային տարբերակով ներկայացվեց, բայց դա ինձ համար անընդունելի էր, այն դեպքում, երբ գոյություն ունի ներկայացումը: Եվ այդպես թատրոնի տնօրինության կողմից որոշվեց ինչ-որ գումար հատկացնել, որ գոնե թեթեւակի վերականգնվեն դեկորները, որ ներկայացումը նորից կենդանանա եւ շարունակի իր ճանապարհն այս թատրոնում: Հասկանում եք, 88 թվականից մինչեւ հիմա այս ներկայացումը գոյություն ունի, խաղացվում է Օպերային թատրոնում:
- Այս օրերին, երբ թատրոնում թեժ իրավիճակ է տիրում տեղի է ունենում ներկայացման պրեմիերա:
- Ինձ թվում է` թատրոնի, հատկապես ստեղծագործական կազմի համար հատկապես դա շատ լավ նշան է, չէ՞ որ մարդիկ` այս դերասանները հերոսներ են, սրանք մեր ազգի արվեստագետներն են` հերոսները: Օպերային թատոնը բարձր արվեստ է: Օպերային թատրոնից բարձր ոչինչ այլեւս գոյություն չունի: Եթե համաշխարհային օպերային թատրոններում համարում են, որ օպերան այն բարձունքն է, որի մեջ դաստիարակվում են ամբողջ սերունդներ, ու այն ունի մշակույթ, իսկ մշակույթը չափվում է օպերային արվեստով` ճյուղերից մեկն էլ հենց դա է:
- Ի՞նչ անենք, որ մեր հայ հասարակությանը ոչ թե ստիպելով բերենք Օպերային թատրոն, որ գան ու հորանջեն ամբողջ ընթացքում, այլ` իրենք ցանկանան գալ:
- Գիտեք, ինձ թվում է գովազդ է պետք անել, այսօր ամեն ինչ գովազդվում է, բացի օպերային թատրոնից: Եթե օպերային թատրոնը գովազդվի, մարդիկ կգան, կգան նաեւ երիտասարդները, կհասկանան, թե օպերան ինչ բան է, ինչ կուլտուրա է, ինչ արվեստ է, ինչ երաժշտություն է: Չէ՞ որ հնչում է Վերդիի հանճարեղ «Տրուբադուրը»: Աշխարհում իրեն հարգող ամեն օպերային թատրոն ունի Վերդիի 2 գործերը` «Տրավիատա» եւ «Տրուբադուր»: Սա պատիվ է բերում մեր ազգին:
- Իսկ Ձեր հաջորդ աշխատանքը ո՞րն է լինելու:
- Ես երազում եմ ուղղակի բեմադրել Պիետրո Մասկանիի «Կավալիերա Ռուստիկանա» օպերան: Արդեն 2 տարի իմ երազանքն է` անել այդ գործը, որն իր տեսակի մեջ ամեն ինչով նման է Վերդիին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

