ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՑՈՒ ԵՎ ՆՐԱ ՉԾԼԱԾ ՍԵՐՄԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՑՈՒ ԵՎ ՆՐԱ ՉԾԼԱԾ ՍԵՐՄԻ ՄԱՍԻՆ
Պետությունն այնպիսին է, ինչպիսին նրա քաղաքացին:Պլատոն
Բազմաթիվ են զանգ-բողոքները, որոնք վերաբերում են պետության կողմից տարվող հետեւյալ քաղաքականությանը. գյուղացուն տրված ցորենի սերմը, որը, ըստ վերջիններիս, անորակ է եղել, բերք չի տվել, հետեւաբար խոսք լինել չի կարող եկամտի մասին, բայց պահանջում են, որպեսզի վերադարձնի սերմացուի արժեքը:
Չցանկանալով խորանալ պետական լիազոր մարմնի (մարմինների) այն գործառույթի մեջ, որով մինչեւ գյուղաբնակներից վնասի փոխհատուցում պահանջելը արդյո±ք ճշտվել է, թե սերմացուի որակական հատկանիշները բավարար են եղել, որպեսզի այն հանձնվի գյուղացուն: Ինչ վերաբերում է վնասի փոխհատուցման պահանջին, առավելեւս, երբ այն վերաբերում է պետություն-քաղաքացի փոխհարաբերություններին, չպետք է լինի ինքնանպատակ: Մասնավորապես, վնաս պատճառելու հետեւանքով ծագած պարտավորությունների հետ կապված օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որպեսզի վնաս պատճառելը տվյալ անձի կողմից լինի ուղղակի: Օրենքի ուժով վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Այսինքն, եթե ապացուցվում է, որ գյուղացին սերմը ցանել է ժամանակին, ջրել եւ կատարել այլ գործողություններ, բայց իր կամքից անկախ պատճառներով ունեցել է բերքի հարյուր տոկոսանոց կորուստ, ապա տվյալ անձը չի կարող վնասի հատուցման համար պատասխանատվության ենթարկվել: Ավելին, սույն դրվագով անհրաժեշտ է նաեւ ուսումնասիրել, թե արդյոք առկա չէ ֆորսմաժոր, որն անկախ նրանից, ներառված է պայմանագրաիրավային հարաբերություններում, թե` ոչ, վերջինիս առկայության պայմաններում ենթակա է կիրառման, քանի որ սույն իրավանորմն իմպերատիվ է:
Այնքանով, որքանով պետություն-քաղաքացի նմանօրինակ հարաբերություններում, հարաբերություններ, որտեղ պետական մամլիչը վնասի հատուցման համար դիմում է ծայրահեղ միջոցների, ոչ թե պետք է ղեկավարվի այս կամ այն առանձին իրավանորմով եւ պետական բյուջեից պարտքով տրված գումարը դուրս գալու պատճառով ամեն կերպ վերականգնելու ցանկությամբ, թեկուզ իր երկրի քաղաքացու տունը կամ ապրուստի միակ միջոց հանդիսացող կովը վերգիր անելու եւ վաճառելու արդյունքում, այլ պետք է ղեկավարվի մայր օրենքով` Սահմանադրությամբ, որի մի շարք հոդվածների վերլուծությունը բերում է հետեւյալին. պետությունը պետք է դիտվի որպես կարեւորագույն գործիք, որի գործառույթն է իր քաղաքացու արժանավայել կյանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելը:
Կիլիկյան Հայաստանի օրենքներով, օրենքներ, որոնց որոշ դրույթներ հետագայում կիրառվեցին Եվրոպայում եւ դարձան արդարության հիմնաքարը, արգելվում էր եւ կիրառվում էր խստագույն սանկցիա (ընդհուպ մինչեւ մահապատիժ), եթե շինականին թույլ չտային ջրել իր այգին կամ փորձեին ջրի գումար գանձել: Պարտավորությունն այն ժամանակվա օրենքներով ծագել է միայն եկամտի (բերքի) առկայության պայմաններում: Այսօր դեռ եկամուտ չտեսած` գյուղացուն ծանրաբեռնում են տարբեր հարկատեսակներով, իսկ հետագայում եկամտի բացակայության պայմաններում սպառնալով, վախեցնելով, դատարան դիմելով` պահանջում են հարկեր եւ տուրքեր:
Կիլիկյան Հայաստանում պարտքով գումար վերցնելու եւ չվերադարձնելու պայմաններում օրենքի ուժով արգելվում էր ձեռք տալ գյուղացու օջախին (միակ տուն, կով, աշխատանքային գործիք): Այսօր ՀՀ քաղաքացու մի լայն զանգված ընկել է բանկային եւ գրավատնային մսաղացի մեջ եւ դառնում է օրենքով բոմժ` բխող բոլոր կործանարար հետեւանքներով:
Հարկավոր է իմանալ.
Երկիրը հզոր է իր հողի վրա ամուր կանգնած քաղաքացիով: Քաղաքացի, որի հետ պետական լիազոր մարմինը պարտավոր է խոսել Դուք-ով:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼԵՎ ԳՐՈՒՊ՚
փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

