ՌԴ-Նª ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՈՒԺԱՅԻՆ ՊԱՏՎԱՐ
Արխիվ 12-16Ուկրաինական այս բոլոր զարգացումների պատասխանն ԱՄՆ-ը, անշուշտ, նույնիսկ պարտադրված է տալ իր միջազգային հեղինակությունն ինչ-որ կերպ փրկելու համար, եւ շատ հավանական է, որ այս անգամ էլ դա կփորձի անել Սիրիայում: Առավել եւս, որ այստեղ վերջին շաբաթներին անդադար խոսվում է Հորդանանից Դամասկոսի ուղղությամբ հարվածելու մասին: Թուրքիան էլ իր հերթին է վերջին ժամանակներս մի գլուխ ակնարկում Սիրիայում պատերազմ սկսելու ցանկության մասին: Թերեւս նաեւ սիրիական ուղղությամբ նման վտանգավոր իրավիճակն է, որը ինչ-որ տեղ պարտադրում է Ռուսաստանինª հնարավորինս արագացնել ուկրաինական հանգուցալուծումըª իրադարձությունների վատթարագույն զարգացումների պարագայում միանգամից երկու նման գլոբալ ճակատներում միաժամանակյա հակամարտությունից խուսափելու համար:
Բայց սրա հետ միաժամանակ նկատենք, որ Մոսկվան այս օրերին բավականին ուշագրավ նոր երագներ է տալիս սիրիական եւ, առհասարակ, մերձավորարեւելյան խճանկարին եւ դրանում Արեւմուտքի դերակատարությանը: Այսպեսª վերջին օրերին, այսպես ասենք, Կրեմլի քաղաքականությունը լուսաբանող ռուսական առաջատար հեռուստածրագրերը Քեսաբի իրադարձությունները ուղիղ տեքստով որակեցին որպես նոր ցեղասպանություն, չմոռանալով դրա համատեքստում հայերին ներկայացնել տարածաշրջանի հնագույն ժողովուրդ, իսկ Հայաստանը` որպես Մեծ Արեւելքի տարածաշրջանում քրիստոնեության պատվար: Հայության հանդեպ ռուսական պաշտոնական վերաբերմունքի այդ խորքային փոփոխությունն այս օրերին միանգամայն սպասելի էր, ինչը, կարծում ենք, իր գործնական արտահայտությունը կստանա նաեւ ռուսահայության կյանքում: Բայց խոսքն այդ մասին չէ: Պարզապես նախ հայերի, ապաª Մերձավոր Արեւելքի մյուս քրիստոնեական համայնքների հետ տեղի ունեցողը Մոսկվան, փաստորեն, սկսում է դիտարկել որպես քրիստոնեության հանդեպ ծայրահեղ իսլամի նպատակաուղղված գրոհ, ընդ որում, Արեւմուտքի արտաքուստ անտարբերության եւ խորքային առումովª ուղղակի աջակցության պարագայում: Այդ առումով նաեւ, որ քրիստոնեական Արեւմուտքը, համենայնդեպսª արեւմտյան էլիտան, վաղուց է կորցրել իր այդ դիմագիծը եւ հիմա պարզապես փորձում է այդ արժեհամակարգը տարածել ողջ քրիստոնեական աշխարհով մեկ: Այս իրավիճակը, անշուշտ, գոնե Հայաստանի համար նոր բան չէ: Մյուս կողմից էլª աշխարհում եւս նման միտումները գնալով միայն ընդգծված են դառնում, հաշվի առնելով նաեւ քրիստոնեական արժեքների պահպանման հարցում այն թուլությունը, որը ներկայումս ցուցաբերում է Վատիկանը: Եվ ահա ռուսական պաշտոնական քարոզչամեքենան, Ռուսաստանին դիտարկելով քրիստոնեական աշխարհի վերջին ուժային պատվարª ընդդեմ ծայրահեղ իսլամիզմի, ըստ էության նաեւ սերտ համագործակցության համապատասխան մեսիջներ է հղում ոչ միայն համաշխարհային հիմնական քրիստոնեական համայնքներին եւ Վատիկանին, այլ նաեւ Իսրայելին, որը Մերձավոր Արեւելքում քրիստոնեության վերջնական ոչնչացման դեպքում դառնում է ծայրահեղ իսլամիզմի միակ թիրախը: Առավել եւս այն պարագայում, երբ Ուկրաինայում ԱՄՆ-ի ջանքերով իրականացված ՙհեղափոխության՚ հիմնական թիրախներից մեկը դարձավ հենց հրեական սինագոգը: Ու, թերեւս, ռուսական այս նոր մոտեցումը ամենամոտ ապագայում հետաքրքիր շրջադարձեր է խոստանում, այդ թվումª սիրիական ուղղությամբ:

