ՙՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿԸ՚ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՊՐՈՒՄ
Արխիվ 12-16Ակնհայտ է, որ կառավարության հրաժարականով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շախմատային լեզվով ասած, կատարեց քայլ ձիով: ՍԴ-ի որոշումից եւ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո այլընտրանքաընդդիմադիր քառյակը ոչ միայն մնաց առանց գործի, այլ նաեւ սկսեց պառակտվել: Այս պայմաններում ի հայտ եկավ քառյակի կուսակցությունների գաղափարական սնանկությունը, քանի որ վերջիններս որեւէ առաջարկելու բան չունեին եւ չունեն, այլ նրանց գործունեությունն ուղղված էր ինչ-ինչ մարդկանց կամ գաղափարների դեմ: Նրանք չունեն առաջարկ, թե ինչպիսին պետք է լինի կենսաթոշակային համակարգը ՀՀ-ում, որպեսզի ապահովի ներկա ու ապագա թոշակառուների արժանավայել ծերությունը: Նրանք նաեւ չունեն այնպիսի կադրային առաջարկություններ, որոնք կապահովեին Հայաստանի տնտեսության թռիչքային աճ: Իհարկե, քառյակը կարող էր առաջարկել նախկին նախարարներ եւ փոխնախարարներ, սակայն հենց նույն քառյակի կուսակցություններում էլ հասկանում են, որ ավելի լավ է չհիշեցնեն ԲՀԿ-ական կամ դաշնակցական, էլ չասած` ՀՀՇ-ական տխրահռչակ պաշտոնյաների անունները:
Այս տեսակետից այս օրերին քննարկվող նոր կոալիցիայի հարցը անիրական է թվում: Նախ նոր կոալիցիայի կարիք չունի ո°չ ՀՀ նախագահը եւ ո°չ էլ իշխող մեծամասնությունը: Բացի այդ, դժվար թե քառյակի վերջին շրջանի պահվածքից հետո ՀՀԿ-ի քաղաքական թիմը ցանկություն ունենա կոալիցիա կազմել քառյակիստների հետ: Եվ երրորդ. քառյակը ինչպես արդեն նշեցինք, որեւէ կառուցողական առաջարկություն չունի:
Բացի այդ, հենց քառյակի կուսակցությունները չեն ցանկանա մտնել իշխող կոալիցիայի մեջ, քանի որ պարզ հասկանում են, որ դեռեւս տնտեսության առումով մեկ-երկու տարի բարդ է լինելու, եւ շատ ավելի հարմար է հանդես գալ անպատասխանատու քննադատության դիրքերից, քան ծանր պատասխանատվություն ստանձնել ու դառնալ քննադատության թիրախ: ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի պարագայում կա նաեւ ՀՀ երկրորդ նախագահի գործոնը: Վերջերս ակտիվացած ՙամենաերիտասարդ թոշակառուն՚, թեեւ այս փուլում, կարծես թե, կրկին հաջողության չհասավ եւ տանուլ տվեց հերթական շախմատային պարտիան, սակայն հեշտ ու հանգիստ հանձնվողներից չէ: Հասկանալի է, որ Ռ. Քոչարյանը փորձելու է իր քաղաքական հենարանը հանդիսացող ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջոցով ռեվանշ վերցնել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում եւ ձեւավորել մեծամասնություն: Իսկ այդ խնդիրը լուծելու համար նա ոչ անձամբ, ոչ էլ իր քաղաքական հենարանների միջոցով չի կարող դառնալ իշխանական կոալիցիայի մաս: Հակառակ դեպքում, նա ներկայումս ստիպված է լինելու կիսել պատասխանատվությունը սոցիալ-տնտեսական իրավիճակի համար, իսկ ապագայում կրկին փորձելուց հետո եւ անգամ հաջողության հասնելու պայմաններում կիսել իշխանությունը ՀՀԿ-ի հետ:
Ամփոփելով` նշենք, որ, ամենայն հավանականությամբ, որեւէ նոր կոալիցիա այս անգամ էլ չի ձեւավորվի, եւ կունենանք խորհրդարանում նույն դասավորվածությունը` ինչ այսօր: Այլ բան է, որ նոր ձեւավորվող կառավարությունը կլինի որակապես այլ մակարդակի, քանի որ եթե նախորդը ղեկավարում էր ֆինանսաբանկային մտածելակերպ ունեցող Տիգրան Սարգսյանը, որը լուծում էր ե°ւ Արեւմուտքի, ե°ւ ՌԴ-ի հետ լավ լինելու տարբերակը, ապա նոր կառավարության առջեւ հստակ խնդիր է դրվելու` ՀՀ-ի Եվրասիական միության մեջ ներգրավումը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

