ՙՄԻ ՓՈՔՐ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ԲԱՅՑ...՚
Արխիվ 12-16ՙՄԻ ՓՈՔՐ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ԲԱՅՑ...՚
ՙՉէի սպասում, եւ ինձ համար անակնկալ էր, քանի որ ոչ մի նախապայման չկար դրա համար, որպեսզի Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում գրեր՚,- ՙԻրավունքի՚ հետ զրույցում ասաց ՙՍոցիոմետր՚ անկախ սոցիոլոգիական ընկերության նախագահ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, այնուհետ հավելեց.-Եթե տնտեսական վիճակը կտրուկ լիներ, կամ մեր պարտքերի վերադարձի խնդիր լիներ, կամ էլ դեմարշ աներ, որ մենք ինտեգրվում ենք ոչ թե Եվրոպային, այլ` ՄՄ-ին... Պարզապես իր շրջապատը չաջակցեց նրա ռազմավարական նպատակներին, ասենք ՀՀԿ-ն, ՍԴ-ն եւ այլն: Ինչ խոսք, նա տակտիկական մի փոքր պարտություն կրեց, բայց դա բավականին լուրջ խնդիր էր հետագա զարգացման համար: Մեր տնտեսությունը, եթե չենթարկվի համաշխարհային տնտեսական օրինաչափություններին, ապա անելիքներ չունենք հետագայում: Իսկ նա գնում էր դրան, քանի որ բանկային համակարգում գտնվող գումարները շրջանառելով` զարգացնում են տնտեսությունը: Իսկ գումարը չպետք է քնի ինչ-որ տեղ: Նա կարողացավ կայացնել բանկային համակարգն այնքանով, որ բնակչությունը վստահություն ունի այդ համակարգի հանդեպ, եւ այսօր մենք ունենք 1,5 միլիոն ավանդատու, ովքեր պահում են իրենց ավանդները բանկերում: Եթե հիշում եք, 90-ականներին դժվար էր պատկերացնել դրա մասին, իսկ մեր բանկային համակարգը օրինակ է հետխորհրդային բոլոր երկրների համար:
Բացի այդ, մենք բավականին փափուկ անցանք 2007-2008 թթ. տնտեսական ճգնաժամը: Նա այնքան վստահելի դեմք է միջազգային ֆինանսական աշխարհում, որ թե° արժույթային, թե° ասիական բանկը, հիմնադրամները մեծ վարկեր տրամադրեցին, որով մենք կաողացանք ապահովել ե°ւ թոշակները, ե°ւ աշխատավարձները եւ այլն: Իսկ հիմա չեմ պատկերացնում, թե ով կարող է փոխարինել նրա փորձառությանը` ֆինանսական հարցերում, որը բավականին դժվար է: Վատ է այնքանով, որ նրա լծակներից մեկը` կուտակային ֆոնդը, թույլ է տալիս գումարներ հավաքագրել ու ներդրել տնտեսության մեջ, որը չաշխատեց եւ դժբախտաբար լուրջ աջակից չունեցավ: Նրա սխալն այն էր, որի մասին ես շատերին եմ ասել, որ եթե որոշում եք կայացնելու, որը վերաբերում է լայն զանգվածների արմատական շահերին, արեք նախապես, դրեք այն շրջանառության մեջ եւ տեսեք, թե հանրային կարծիքը ինչպես է արձագանքում` դեմն ով է, կողմն ով է: Թե չէ միանգամից որոշում են կայացնում, մարդկանց դնում են անակնկալ իրավիճակում, որը միշտ չէ, որ բերում է դրական արդյունքի: Նույնը եղավ նաեւ ՄՄ-ին անդամագրվելը: ՀՀ նախագահը գնում է Ռուսաստան, հետ է գալիս, պարզվում է, որ արդեն որոշում կա: Բայց, ըստ իս, այն պետք էր դնել հանրային քննարկման:
- Իսկ միթե գոնե ՄՄ-ին անդամագրվելու պարագայում հանրային կարծիքները շոշափելի չէին:
- Դա պարզապես բնականոն մեծամասնություն էր կազմում, դրա համար ընդվզում չեղավ, իսկ հիմա խոսքը այն տարիքային խմբի հարցերի մասին է, որը ընդվզող է: Ես չգիտեմ Տիգրան Սարգսյանի խորհրդատուն ով է եղել, որ նման կերպ կուտակայինի հարցն իրականացնի, քանի որ Ճապոնիայի օրինակով կարող ենք տեսնել, որ այն արվեց հինգ տարվա ընթացքում:
- Դուք նշեցիք, որ նախկին վարչապետը աջակիցներ չունեցավ` կուտակային կենսաթոշակի հարցում, բայց չէ± որ Ազգային ժողովը կողմ քվեարկեց այդ օրենքին, որը այս տարվանից մտավ շրջանառության մեջ:
- Ես չեմ տեսել, որ ինչ-որ պատգամավոր գնար մարզ ու խոսեր դրա մասին, նույնը չտեսա մարզպետարաններում, քաղաքապետարաններում եւ այլուր:
- Իսկ դրանք տեխնիկական հարցեր չէին:
- Այո, բայց դա պետք է նախօրոք արվեր եւ պաշտպանվեր այն: Իրար կողք կանգնած թամաշա էին անում, թե ինչ կլինի` կլինի:
- Չեք գտնում, որ հենց կառավարությունը պետք է այն նախաձեռներ:
- Մասամբ` այո, բայց մասամբ էլ` կուսակցությունն ունի իր քարոզչական մեքենան եւ կարող էր աշխատացնել: Բայց նման հարցերը լուծում են նախօրոք, դնում են հանրային քննարկման եւ փորձում են ձեւավորել ավելի դրական հանրային կարծիք, որպեսզի նման բաների չհանդիպեն:
- Դուք եւս գտնում եք, որ վարչապետի հրաժարականը կապված է հենց ՍԴ-ի որոշման հետ:
- Կարծում եմ` այո, որովհետեւ կուտակայինի ձեւավորումը նոր հանգույց է ՀՀ-ի շուկայական տնտեսության համար: Աշխարհում այն գոյություն ունի, գործում է եւ դրական արդյունք է բերում: Ուղղակի գաղափարը լավն էր, իսկ իրականացման գործընթացը` շատ վատ, եւ միգուցե մեղքի մի մասը ընկնում էր նրա ուսերին:
- Բայց չէ որ ամեն բան դեռ կորած չէր, եւ օրենքը կգործի մինչեւ սեպտեմբերի 30-ը:
- Դա կապ չունի, նրա բարեկամեցողությունն ու փայլուն գաղափարը կասկածի տակ դրվեց ՍԴ-ի, ընդվզողների, ընդդիմադիրների կողմից:
- Որտեղ եք տեսնում հետայսու Տիգրան Սարգսյանին:
- Լավ կլինի, որ վերադառնա Կենտրոնական բանկ կամ Ֆիննախարարություն, որովհետեւ նրա նման մասնագետ, կարծես թե, չունենք:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

