Երեկ`
Արխիվ 12-16
Երեկ` Մայրության եւ գեղեցկության տոնին, զարմանալու աստիճան մեզ հիացրեց մարտական սխրանք գործելիս զոհված ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մայրը` տիկին Մարինեն: Հերոս դաստիարակած մայրը նաեւ միակ որդուն կորցնելուց հետո հանրության համար արժանապատվության եզակի օրինակ է: Եվ նաեւ որպես մյուս մայրերին ուղղված մաղթանք հնչում է նրա խոսքը. ՙԻմ որդին է ինձ ուժ տալիս հիմա: Նա իմ սրտի մեջ է, իմ երակներում: Որդիները չեն կարող լքել մայրերին: Ես պիտի Արմենին արժանի մայր լինեմ: Գիտեք, հիմա մեռնելը շատ հեշտ է ինձ համար, ապրելն է դժվար… Ես գիտեմ հանուն ինչի ապրել… Որ որդի կորցրած բոլոր մայրերը սովորեն ինձնից… եւ ապրեն: Որ որդուս հիշատակը վառ պահելով` սրբացնեմ այն մի քանի մետր հողը, որի համար զոհվեց տղաս: Այդ հողը թանկ էր տղայիս համար` կյանքից թանկ… Ինձնից թանկ էր: Ու պիտի թանկ լինի նաեւ ինձ համար՚:
Բայց տոնական օրով նաեւ պարսավելի օրինակի ականատես եղանք: Քաղաքապետարանը Հանրապետության հրապարակում կազմակերպել էր փոքրիկ ՆՎԵՐ` ծաղիկներ եւ շնորհավորական բացիկներ: Եվ ահա զարմանալիորեն այդ ծաղիկների ու բացիկների համար հրմշտոց սկսվեց, իրար հերթ չտալով վերցնելը` միանգամից մի քանի հատով (թե մի քանի հատով բացիկը ինչին կարող է պետք գալ` մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում): Զարմանալով հանդերձ, չես կարող չհիշել ժողովրդական բանաձեւը ՙՁրի դագաղ լինի, կես մետր էլ` կարճ՚: Ապշել կարելի է` այդ հայուհիները ինչպիսի դաստիարակություն են ստացել, ուր է նրանց համեստությունը, պարկեշտությունը... Զարմանալի է, ինչպիսի զավակներ կդաստիարակեն այդպիսի մայրերը: Արդյոք այդպիսի անձնական օրինակը իր կործանարար ազդեցությամբ չի գերազանցում նաեւ բոլոր գարշելի սերիալները միասին վերցրած:
Քեսաբի իրադարձությունների առնչությամբ ապշելու աստիճան զարմացնում է եւ զայրացնում մեր որոշ ՙփորձագետների՚ ՀԵՐՔՈՒՄԱՑԱՎԸ: Սկզբում ընկած հերքում էին սիրիական եւ ռուսական պնդումները, որ Քեսաբում հայերի նկատմամբ գործադրվածը ցեղասպանությունից չի տարբերվում, մանրակրկտորեն ներկայացնում` այս տեսանյութը այն չի, այս լուսանկարը սուտ է, այն լուրը իրական չէ, եւ այլն: Եթե կարճ ձեւակերպես սրանց արածը, ապա ստացվում է բանաձեւ. ՙքըխ՚ ռուսները խեղճ թուրքերի վրա ահավոր շառ են անում: Լավ, սրանից հետո դուք հա±յ եք: Բայց դա դեռ քիչ էր, հիմա էլ այդ հերքումացավով ընկել են համացանցում տարածված այն լուրի հետեւից, իբր Արցախից 1500 կամավոր մեկնել են Քեսաբը պաշտպանելու: Ու հերքում են ինքնամոռաց, վայելելով ամեն մի պահը, կողքից ՙծակ պրոֆեսորություն՚ անելով` ներկայացնում են տարատեսակ տխմարագույն ՙհիմնավորումներ՚, թե ինչքան վնաս է մեզ այդ լուրը: Լավ, փորձեք օտարի աչքով նայել` եթե մի ոչ մեծ երկրի մասին լսի, թե 1500 կամավոր է ուղարկել 2000 կմ հեռավորության վրա գտնվող իր հայրենակիցներին զենքով պաշտպանելու, դա այդ երկրի հեղինակությանը օգուտ կբերի±, թե վնաս: Զարմանալի է` ինչն է սրանց շահը, այդպես բծախնդրորեն նման հերքումներով զբաղվել:
Կան ռուսաստանցի քաղաքագետներ, ում տված մեկ հատիկ հարցազրույցը ավելի շատ է հակառուսական տրամադրություններ սերմանում, քան հսկայական քարոզչամեքենայի մեկ տարվա աշխատանքը: Այդպիսին են ՙքաղաքագետներ՚ Ալեքսանդր Դուգինը եւ Մոդեստ Կոլերովը, ովքեր հաճույքով վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս հայերիս հանդեպ: Բայց զարմանալիորեն մեր լրագրողները համառորեն նրանց դիմում են հարցերով: Հիմա էլ ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎԻՆ դիմել են Տիգրան Սարգսյանի մասին հարցով. ՙՏիգրան Սարգսյանը քաղաքական ապագա ունի, պետք է ունենա, այլապես Բրյուսելում չէր հնչեցնի այդքան պատասխանատու հայտարարություններ... Տիգրան Սարգսյանը դեռ խորհրդային տարիներին սկսել է զբաղվել քաղաքականությամբ եւ կոմսոմոլի կարիերա է արել: Գոնե այդ փորձված կոմսոմոլը գիտի, թե ինչ է անում: Նրա ինչին է պետք Կրեմլը: Ամեն ինչ այդպես էլ պարզ է՚: Անշուշտ, տեղին է Կոլերովին հարցնել` իսկ քո ի±նչ գործ, թե ինչպիսին է մեր նախկին վարչապետը, դա բացառապես մեր գործն է: Բայց արի ու տես, որ հայ թղթակիցը ամոթ չի համարում ռուսաստանցի քաղաքագետին հարց ուղղել, թե արդյոք մեր վարչապետի հրաժարականը համաձայնեցված է Կրեմլի հետ: Սրանց որ թողնես մեծ-մեծ կփիլոյաբանեն անկախության արժեքից, սակայն արդյո±ք անկախության արժեքը գիտակցողը իրեն թույլ կտա այդպիսի հարցով դիմել օտարին, առավել եւս սկանդալային համբավ ունեցող օտարին:
Ինչն է մեր երկրում շատ` մի կաթիլ մեղրի պատմությունները: Այդպիսի մի զարմանալի պատմություն էլ տեղի է ունեցել Արարատի մարզի գյուղերից մեկում: Գյուղացի Կամոն գնացել է գյուղացի Արամի տուն հյուր, մի քանի բաժակ խմել են, գլուխները տաքացրել, վիճել, ու ավարտվել է նրանով, որ Արամը մի լավ քոթակել էր Կամոյին` օգտվելով նրանից, որ վերջինս այնքան հարբած էր, որ չէր կարողանում հարվածներին պատասխանել: Բարեբախտաբար, առայժմ դա ավարտվել է ընդամենը ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ դիմելով, բայց զարմանալի է` այդ ինչու է այդքան շատ տարածված այդ հիվանդությունը, որ մարդիկ մեկմեկու մասին իրենց իրական կարծիքը այդքան խորը թաքցնում են եւ արտահայտում միայն ՙխմած-տրաքած՚ վիճակում: Լավ, միթե կյանքն ավելի հանգիստ չէր լինի, եթե չունենայինք այդ անկեղծության դեֆիցիտը:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

