Ռուսաստանից, մեղմ ասած, նեղացած Ուկրաինան կրկին ընկել է Թուրքիայի գիրկը: Այս անգամ Ուկրաինան, գաղտնի պայմանավորվածության համաձայն, Թուրքիային է վաճառել ժամանակակից հրթիռային հզոր տեխնոլոգիաներ` ՙՅուժմաշ՚ գործարանի տեխնիկական փաստաթղթերը: Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ թուրք-ուկրաինական ռազմարդյունաբերական գործարքը, ՙԻրավունքը՚ պարզեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ. -Այսօր դա հետեւանք դեռ չի կարող ունենալ, որովհետեւ Թուրքիան նոր-նոր նպատակ ունի արտադրել ռազմական հեռահար հրթիռներ: Նախ ասեմ, որ մինչեւ սկսի, մինչեւ պատրաստվի, առնվազն մի 7 տարի կանցնի, եթե` ոչ ավել: Եվ այսօրվա ժամանակակից տեխնոլոգիան այդ ժամանակ ինչ-որ չափով այդքան էլ ժամանակակից չի լինի, որովհետեւ այդ ոլորտում ամեն կես տարին մեկ նոր տեխնոլոգիաներ են ծնվում:
Մյուս կողմից` Ուկրաինան արեց այն, ինչ եվրոպական պետությունները, անգամ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները չէին արել: Գաղտնիք չի եղել երբեք, որ Ուկրաինան, Ադրբեջանը ու Թուրքիան միշտ ունեցել են ռազմական եւ ռազմարդյունաբերական կապեր: Ու սա բացի ուղղակի ռազմարդյունաբերական համագործակցության նպատակ լինելուց, նաեւ մի երկրորդ նպատակ է հետապնդում: Քանի որ Ուկրաինայի մրցակցությունը Ռուսաստանի հետ գնալով ավելանում է, սա ի պատասխան, մի քիչ էլ Ռուսաստանին ՙթեթեւ կծելու՚ տարբերակ է: Բայց իրենից ինչ-որ վտանգ չի ենթադրում: