ՙԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԱԴԵԿՎԱՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՚
Երեկ ԵԽԽՎ-ում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Քեսաբի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ կոչ է արել միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին սատար կանգնել Սիրիայում զինված հակամարտության հետեւանքով ծայրահեղ խոցելի վիճակում հայտվնած էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին, ովքեր դարձել են առաջնային թիրախ: ՙԵվ քանի որ մարդասիրական ճգնաժամը դեռ շարունակվում է, շատ կարեւոր ենք համարում ներազդել Թուրքիայի իշխանությունների վրա ու կոչ անել անհապաղ դադարեցնել Թուրքիայի տարածքի տրամադրումը ահաբեկչական ուժերի կողմից օգտագործման համար: Բռնի ուժի կիրառումը խաղաղ բնակչության հանդեպ, անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, պետք է խստորեն դատապարտել՚,- ասված է հայտարարության մեջ:
Հնչեցված հայտարարությունից հետո ՙԻրավունքին՚ հաջողվեց կապ հաստատել Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Ն.Կարապետյանի հետ, ումից հետաքրքրվեցինք եվրոպացի գործընկերներից ստացած արձագանքների մասին. -Քեսաբի հարցը միանշանակ վերաբերում է մարդու իրավունքների զանգվածային խախտմանը, եւ այն չէր կարող չընդունվել եվրոպացի մեր գործընկերների կողմից: Ցավոք, մեր հարեւան պետության` Ադրբեջանի ներկայացուցիչները հերթական անգամ ապացուցեցին իրենց ադեկվատության բացակայությունը եւ փորձեցին հարցը տանել այլ ուղղությամբ: - Բացի մեր ազգի համար շատ կարեւոր հայտարարությունից, որը Դուք հնչեցրիք, հայաստանյան պատվիրակությունը ԵԽԽՎ-ում այլ հարցեր պատրաստվո±ւմ է բարձրացնել: - Նշեմ, որ մեր պատվիրակության կողմից պատրաստվել եւ շրջանառության մեջ է դրվել Քեսաբի դեպքերը եւ Թուրքիայի կողմից ահաբեկիչներին աջակցելու փաստը դատապարտող փաստաթուղթ, որն արդեն իսկ հավաքել է անհրաժեշտ ստորագրությունների քանակ եւ գրանցվելու է` որպես գրավոր հռչակագիր: Իմ տեղեկություններով` վաղը բարձրացվելու է նաեւ ռազմագերիների հարցը: - Հայտնի է նաեւ, որ ԵԽԽՎ-ում քննարկվելու է Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւ ընդունելու հարցը: Մեր պատվիրակությունը միասնական դիրքորոշում ունի այս հարցում: - ԵԽԽՎ-ն քաղաքական հարթակ է, եւ տարբեր քաղաքական ուժերի տարբեր դիրքորոշումներն են ժողովրդավարության ցուցանիշը: Չեմ կարող պատասխանել ամբողջ պատվիրակության անունից, սակայն իմ անունից նշեմ, որ Հայաստանի դիրքորոշումը պետք է ուղղակիորեն բխի Արցախի շահերից: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ