13-ՐԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16- ՄԻԹԵ ՎԵՐՋԻՆ ՄԱՅԴԱՆՉԻՆ ԵՄ ԵՍ,
ՎԵՐՋԻՆ ԱՄԵՐԻԿԱՄԵՏԸ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ

13-ՐԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Եվ այսպես, ամբողջ լրատվական դաշտը տարբեր ենթադրությունների կամ պարզապես սուրճի մրուրի միջոցով փորձում է կռահել, թե ով է լինելու ՀՀ թվով 13-րդ վարչապետը: Միաժամանակ նաեւ չկա վարկածների պակաս, թե ինչու տեղի ունեցավ վարչապետի հրաժարականը, եւ վերլուծության ռեալ փորձերի կողքին տեսնում ենք նաեւ ակնհայտ ապատեղեկատվական, քարոզչական բնույթի նյութեր:ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Ի դեպ, ոմանք նաեւ այս ամբողջ պատմությանը խառնում են ՙքաղաքականամերձ՚ սնահավատության պահեր` կապված 13 թվի հետ: Անշուշտ, դրանք ծայրեծայր հիմարություն են, եւ ընդհանրապես մինչեւ 1307 թվականը, երբ ուրբաթ 13-ին Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Գեղեցիկը ձերբակալեց բոլոր տամպլիերներին, մարդկությունը տեղյակ չէր այդ թվի ՙչարագուշակության՚ մասին: Փոխարենը տեղյակ էր, որ 13 թիվը նշանակում է հերթական շրջափուլի ավարտ եւ անցում հաջորդ շրջափուլին (պատահական չէ, որ հայոց տոմարում առկա էր 12 լրիվ ամիս եւ մեկ կարճ` ավելյաց անունով): Ու քաղաքագիտական առումով էլ, ՀՀ 13-րդ կառավարությունը ունենալու է մեր նորագույն պատմության նոր շրջափուլին անցնելու առաքելություն:
Ինչ գործառույթ ուներ Տիգրան Սարգսյանի թիմը: Բավականին պարզ` սպասարկել Հայաստանի ուղեգիծը դեպի Եվրաասոցացում, որը անցյալ տարվա ամռանը արդեն վերածվեց ՙեւ-եւ՚ տարբերակի: Իսկ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահը ամրագրեց, որ Հայաստանը գնում է Մաքսային ու Եվրասիական միություն: Այսինքն` ամրագրվեց մեր երկրի աշխարհաքաղաքական եւ, խոշոր առումով, քաղաքակրթական ուղեգիծը: Բնականաբար, նոր ուղեգիծը պահանջում էր նոր գործադիր թիմ, հետեւաբար, ինչ-որ պահի վարչապետի եւ կառավարության փոփոխություն պետք է տեղի ունենար: Եթե հաշվի առնենք, որ նոր վարչապետի անունը պետք է հրապարակվի 10 օրվա ընթացքում, եւ 20 օրվա ընթացքում պետք է ներկայացվի կառավարության կազմը, ապա նոր գործադիր թիմը սկսելու է գործել մայիսի սկզբներին: Այսինքն` դա համընկնելու է մեր երկրի Մաքսային միությանն անդամակցելու պահի հետ:
Թե ինչպիսին պետք է լինեն այդ կառավարության գործառույթները` որոշ ուրվագծեր ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանը ԿԲ-ում անցկացված խորհրդակցության ժամանակ: Նա նշեց, որ մարդկանց մոտ առկա է տպավորություն, որ ամբողջ բանկային համակարգի նպատակն է թանկ վարկեր տալը եւ գերշահույթներ ստանալը: Ու կոնկրետ տուժած գյուղատնտեսության օրինակը բերելով` ՀՀ նախագահը շեշտեց, որ ֆինանսական համակարգը պետք է ցույց տա` որ շահագրգռված է տնտեսության զարգացմամբ. ՙՈւստի, ես խնդրում եմ, որպեսզի ակտիվ լինեք եւ այդ մարդկանց հետ շփվեք: Եթե դեռ երեկվանից չեք սկսել շփվել, ապա վաղվանից ակտիվորեն շփվեք եւ, անպայման, էական օժանդակություն ցուցաբերեք: Ես ուզում եմ այստեղ նաեւ ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա` իհարկե, ցանկացած օգնություն, ցանկացած օժանդակություն լավ է, եթե անունը օգնություն է, օժանդակություն է, բայց ցանկալի է, որպեսզի այդ օժանդակությունը, օգնությունը լինի ամբողջական: Ի±նչ նկատի ունեմ. եթե մի մասին օժանդակում ենք, մի մասին չենք օժանդակում, իհարկե, խոսքս նույն վիճակում գտնված մարդկանց մասին է, այստեղ մենք, միգուցե, ուղղակի կոպիտ սխալ ենք թույլ տալիս: Խոսքս նաեւ ուսումնասիրություններին է վերաբերում: Շատ լավ կլինի, որպեսզի մենք կարողանանք ուսումնասիրություններն ամբողջական անել՚:
Այսինքն, երկրի ղեկավարը մատնանշեց, որ անհրաժեշտ է բանկային համակարգը վաշխառուական գործելակերպից տեղափոխել տնտեսության սպասարկման գործելակերպին: Խոշոր հաշվով, Մաքսային եւ Եվրասիական միության քաղաքակրթական ընտրությունը նաեւ թելադրում է հրաժարում վայրի լիբերալիզմից եւ անցում պահպանողական սոցիալական պետության մոդելին: Բնականաբար, այդ անցումը առավել ցայտուն երեւում է Եվրասիական միության նախաձեռնողի` Ռուսաստանի պարագայում: Պատահական չէ, որ այժմ կրկին վերականգնվեցին ԽՍՀՄ փլուզումից հետո մոռացված որոշ հապավումներ, օրինակ` ԹԺծղ եւ թՁԿ: ՙԺողովրդական տնտեսության նվաճումներ՚ եւ ՙՊատրաստ եղիր աշխատանքին եւ պաշտպանությանը՚ արդեն իսկ գաղափարականացված պետության բառապաշար են, այլ ոչ թե` սպառողական հասարակության: Եվ Վլադիմիր Պուտինի վարչակարգի հաջողությունը` շվարած Արեւմուտքի աչքի առաջ Ղրիմը Ռուսաստանին սրընթացորեն վերամիավորելու գործում, նույնպես գաղափարական պետության գործողությունների արգասիք է: Ապագաղափարական պետության համար (իսկ դրանով է առաջնորդվում Արեւմուտքը) դա արդեն անհնարինի տիրույթում կլիներ: Եվ ընդհանրապես, նույն Ռուսաստանի` գերտերության կարգավիճակի վերականգնումը հնարավոր է բացառապես գաղափարական մոդելի շրջանակներում, առանց դրա, այդ տերությունը պարզապես դատապարտված էր դանդաղ բարոյալքման եւ քայքայման: Իսկ հիմա, օրինակ, ՌԴ մշակույթի նախարարության տերմինաբանությունում տեսնում ենք ՙՌուսական քաղաքակրթություն՚ տերմինը:
Մեզանում լիբերալ ապագաղափարական մոդելի հնարավորությունները նույնպես մոտեցել են սպառվելու սահմանագծին: Առանց գաղափարական պետականության, անհնար է վերացնել գաղջ մթնոլորտը, սպառողական հասարակության չափանիշների շրջանակներում արտագաղթը կասեցնելը եւ հայրենադարձություն սկսելը անլուծելի խնդիր է, քանզի միշտ էլ կան երկրներ` ավելի բարձր սպառման մակարդակով: Ապագաղափարական մոդելը նաեւ իր հետ բերել է ազգային ինքնությունը քարուքանդ անող բազում երեւույթներ` ծայրահեղ էգոիզմի կենսափիլիսոփայություն, ընտանիքը քայքայող ՙգենդերային հավասարության՚ եւ սեքսուալ ազատության մոդելներ, իրական մշակույթի անմրցունակություն` կոմերցիոն զանգվածային հակամշակույթի համեմատ, հեռուստատեսության վերածում` զանգվածային դեբիլացման գործիքի: Անշուշտ, գաղափարական պետականության մոդելը կվերացնի նաեւ այդ երեւույթները, հարկ եղած դեպքում` պետական կոշտ հարկադրանքի կիրառումով:
Ու եթե դիտարկենք խնդիրները` երկարաժամկետ ռազմաքաղաքական կտրվածքով, ապա թեեւ այսօր ունենք Հարավային Կովկասի լավագույն զինված ուժերը, այնուամենայնիվ, ապագայում Հայաստանի առջեւ ծառանալու են խնդիրներ, որոնց լուծումն այսօր ֆանտաստիկա է թվում: Իսկ դա հնարավոր չէ, առանց հայրենասեր, կիրթ, պասիոնար մեծ լիցքով օժտված սերունդ դաստիարակելու, ինչը նույնպես հնարավոր է միմիայն գաղափարական պետության պայմաններում, բայց ոչ երբեք` սպառողական հասարակության պիղծ մթնոլորտում:
Եվ, իրոք որ, ՀՀ 13-րդ կառավարությանը բաժին է հասնելու հենց այդպիսի անցում կատարելը: Հենց այդ գործառույթի տեսակետից պետք է դիտարկել, թե ինչ թիմ է գալու, այլ ոչ թե որպես անձերի մի խումբը անձերի մեկ այլ խմբով փոխարինելու պարզունակ եւ, խոշոր հաշվով, անիմաստ գործընթաց:
ԱՍՔ ԿԱՄՐՋԻ ԵՎ ՍԱՏԱՆԻ ՊԱՐԻ ՄԱՍԻՆ
Իսկ հիմա` թե, դեռեւս հպանցիկ, ինչպես է ՀՀ նախագահը անդրադարձել նոր կառավարությանը. ՙՙՆոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ: Բայց կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը` բարեփոխումների եւ իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաեւ նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին՚: Դե, եթե նվազագույնը դա է, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է լինելու ՙառավելագույնը՚:
Բնականաբար, երկրի ե°ւ ներսում, ե°ւ դրսում լավ ըմբռնում են, թե ինչպիսի արմատական փոփոխություններ են լինելու արդեն Մաքսային միության կազմում: Արտաքինի հետ հասկանալի է` ԱՄՆ-ն եւ նրա արբանյակները տարատեսակ 5-րդ շարասյուների միջոցով թերեւս փորձ կանեն տապալել ՀՀ մուտքը Մաքսային միություն: Հենց 5-րդ շարասյուների ամենահոռի ներկայացուցիչները, այդ թվում տարատեսակ սաքունցներն ու ամենաարեւմտամետ քաղաքական գործիչները այս կիրակի հավաքվել էին ՙՀրազդան՚ հյուրանոցում` իրենց դարդը լացելու: Եվ արձանագրել էին, որ իրենց ազդեցությունը մեկ տոկոսից չի անցնում, ու որ պարտվում են նաեւ լրատվական դաշտում: Եվ դա այն պայմաններում, երբ այդպիսի վիթխարի միջոցներ են ծախսվում քարոզչության, իսկ ավելի ճիշտ` հանրության դեմ տեղեկատվական-հոգեբանական պատերազմի վրա: Բնականաբար, մայիսից հետո արդեն հակապետական գործունեություն իրականացնելն էլ էապես կդժվարանա, ու գրանտածիծների` հաստիքային լրտեսություն եւ քայքայիչ գործունեություն իրագործելու դաշտն էլ, մեղմ ասած, մեծ հարցականի տակ կլինի:
Սակայն մի կողմ դնենք այդ լուսանցքային խաղի կաղկանձը, եւ դիտարկենք առավել լուրջ ուժի` օլիգարխիայի գործոնը: Պարզ է, որ ՀՀ երկրորդ նախագահը, ում անունը վաղուց կապում են հանքարդյունաբերող օլիգարխիայի հետ, չի կարող գոհ լինել այն հանգամանքից, որ Մաքսային միության պայմաններում ստիպված կլինի 30 տոկոս մուծել պետբյուջե` սեփական գրպանը դնելու փոխարեն: Ու տրամաբանական է, որ այդ կոնտինգենտը կենսականորեն շահագրգռված է, որպեսզի երկրում տեղի ունենա Մայդան ու կանխվի երկրի մուտքը Մաքսային միություն: Հենց դրա սպասարկմանն էր, թերեւս, ուղղված ոչ իշխանական խորհրդարանական ՙքառյակի՚ անսքող ձգտումը ապրիլի 28-ին կառավարության հրաժարականի պահանջով եւ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջօրյա հանրահավաքներ, այսինքն մայդանային գործողություններ սկսելը: Սակայն ե°ւ ՍԴ որոշումը, ե°ւ կառավարության հրաժարականը նրանց զրկել են այդպիսի գործողությունների առիթից ու պատճառից: Եվ քանի որ ՙքառյակը՚ գաղափարապես սնանկ է, եւ բացի Պողոսին Պետրոսով կամ Կիրակոսին Մարտիրոսով փոխելուց առաջարկելու ուրիշ ոչինչ չունի, այդ պատճառով էլ հայտնվել է ճգնաժամի առջեւ: Նրանք պարզապես չունեն պոզիտիվ բնույթի առաջարկներ որեւէ ոլորտում, իսկ լրատվական դաշտում հայտնված նրանց ՙնախարարացուների՚ անունները բացի հիասթափությունից, ոչինչ չեն առաջացնում, քանզի ոչ այլ ինչ են, քան վատահամբավ կոռումպացված նախկին պաշտոնյաների անուններ են: Եվ հենց այդ պոզիտիվի բացակայությունը բերում է այնպիսի քաղաքական ձեռնաշարժության, ինչպիսին է կուտակայինի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը (թեեւ ՍԴ որոշման համաձայն` հենց կառավարությունը պետք է համապատասխան նախաձեռնություններ մտցնի ԱԺ) գումարած նաեւ ՙԺառանգության՚ երկնած այնպիսի տխմարաբանությունը, ինչպիսին է հայտարարությունը` ՙքառյակի՚ ղեկավարների հավաքի հրատապ անհրաժեշտության մասին...
Սակայն կան նաեւ օլիգարխիայի այլ գործողություններ եւս, որոնք նման են կամրջի վրա սատանի պար բռնելու տեխնոլոգիային: Այսպես, ինչու հենց այս պահին գծատերերի հանրակցությունը` ի դեմս այդ կառույցի ղեկավար Հրանտ Եղիազարյանի, սկսեց սպառնալ Երեւանը թողնել առանց տրանսպորտի, եթե ուղեվարձը չթանկացվի. ՙԸնդհանուր ժողովներին այլեւս չսպասարկելու առաջարկություններ կան, սակայն մենք այդ որոշմանն ամեն կերպ խոչընդոտել ենք, որովհետեւ ումի±ց ենք հրաժարվում` մեր ժողովրդի±ց: Բայց վաղը, եթե քաղաքը մնա առանց տրանսպորտի, ինչ ենք անելու: Լավ, ի±նչ ենք մենք ուզում: Վաղը տրանսպորտը կանգնեց, ինչ ենք անելու, ինչ է լինելու, հավատացեք` ահավոր վիճակ. չեն կարողանալու գնալ աշխատանքի, ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ, պատկերացնում եք, չէ±: Հիմա փոխադրողներին նման քայլի են հրահրում՚: Այդպիսի շանտաժ, որն ուղեկցվում է անվճարունակներին ոտքով տեղաշարժվելու ցինիկ առաջարկությամբ եւ համեմվում ՙամեն օր խավիար ուտելու՚ հետ համեմատությամբ: Դա հրահրման դասական, դարերով փորձված տեխնոլոգիա է` հիշենք, թե ինչպես ֆրանսիացիները գլխատել էին իրենց թագուհուն, որն ի պատասխան ժողովրդի մոտ հաց չլինելու բողոքի, առաջարկել էր հացի փոխարեն թխվածք օգտագործել...
Ինչեւէ, մինչեւ մայիս մենք դեռ նմանատիպ ՙսատանի պարերի՚ ականատես կլինենք բազմիցս: Իսկ ինչպիսի մարազմով են հագեցած լինելու որոշ քաղաքական գործիչների ելույթներն ու հատկապես քարոզչամիջոցները` պարզապես թող ու փախիր: Մնում է մեր քաղաքացիներին նյարդերը չքայքայելու համար հորդորել հատկապես քնելուց առաջ խուսափել լրահոսից` լինի դա հեռուստաեթեր կամ համացանց:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

