Մերձավոր Արևելքը հայաթափվում է
Արխիվ 12-16Մերձավոր Արևելքը հայաթափվում է
Այն ամենն, ինչ հիմա կատարվում է Սիրիայում, տեղի է ունեցել նաև սուլթան Աբդուլ Համիդի, երիտթուրքերի ու Աթաթուրքի օրոք: Այդ մասին Մոսկվա-Երևան «Հայերի ցեղասպանությունը Սիրիայում. պատմությունը կրկնվո՞ւ մ է» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Միջազգային հարցերի դաշնային խորհրդի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը: Ըստ նրա, ՄԱԿ-ի լռությունը Քեսաբի իրադարձությունների մասին, մասնավորապես, հայերին սպառնացող վտանգների մասին, կապված է նրա հետ, որ Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամները սատարում են սիրիական ընդդիմությանը և դեմ են Բաշար Ասադին: «Ես հուսով եմ, որ մարդկությունն այնուամենայնիվ ուշքի կգա և կպաշտպանի Քեսաբն ու հայ բնակչությանը: Այս դեպքում խոսքը իսլամի ու քրիստոնեության բախման մասին է, ինչն, ըստ իս, քաղաքակրթության վերջը կլինի: ՄԱԿ-ն էլ Քեսաբի իրադարձությունները լոկալ խնդիր է համարում, ի տարբերություն Ուկրաինայի իրադարձությունների», -ասել է Ջաբարովը:
Իր հերթին ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ աշխարհում գործում են երկակի ստանդարտներ: «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Եւրամիության հետ ասոցիացված պետություն, ԱՄՆ դաշնակիցը և նրան ամեն ինչ ներվում է: Իսկ չէ որ հայերի ցեղասպանությունը, աջակցությունը միջազգային ահաբեկչությանը, ագրեսիան, ազգային փոքրամասնության դեմ ոտնձգությունները ՝ այս ամենը հակասում է միջազգային իրավունքին: Սակայն, Թուրքիան ինչ ուզում ՝ անում է: Արեւմուտքը «ցավագին» ընդունեց Ղրիմի հանրաքվեն, իսկ Քեսաբի մասին լռում է: Ինչ վերաբերում է բուն Թուրքիային, ապա հայերի համար այստեղ նորություն չկա: Դա ցեղասպան պետություն է, որն արդեն շուրջ 22 տարի է շրջափակման մեջ է պահում Հայաստանը, մշտապես սպառնում է և աջակցում է ազերի մարդասպաններին», -ասել է Բաբուխանյանը: Նա նշեց նաև, որ Սիրիան քրիստոնյաների ու մահմեդականների համերաշխ համակեցության հիանալի օրինակ էր, ինչպես և Իրաքը մինչ ԱՄՆ ներխուժումը:
Ըստ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկու, Սիրիայում զինյալ խմբավորումները մի կարգախոս ունեն՝ «քրիստոնյաներին՝ Լիբանան, ալևիներին՝ գերեզման»: Նա նշել է նաև, որ Մերձավոր Արևելքում միայն երկու երկիր կա, որտեղ քրիստոնյաներն ու մահմեդականները խաղաղ գոյակցում են՝ Իրանն ու Իսրայելը՝ հավելելով, որ մյուս բոլոր երկրներում տոտալ ապաքրիստոնեացում է գնում, և ծայրահեղականների համար միևնույն է, դրանք արաբ քրիստոնյաներ են, հայեր թե ղպտիներ:
«Հիմա Թուրքիան որդեգրել է Օսմանյան կայսրությունը վերածնելու գաղափարը և Սիրիայում գործող բոլոր իսլամիստական խմբավորումները ծառայում են այդ նպատակին: Անիմաստ է դիմել համաշխարհային հանրությանը, որպեսզի այն դատապարտի Քեսաբի իրադարձությունները: Ես կարծում եմ, որ Մերձավոր Արևելքի ծայրահեղականացումը հնարավոր է կասեցնել միայն ռմբակոծելով Քաթարն ու Սաուդյան Արաբիան, ինչն անհնար է», -ասել է Եվգենի Սատանովսկին:
Ըստ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի, այժմ ընթանում է Մերձավոր Արևելքի հայաթափման հերթական փուլը: Նա հիշեցրել է, որ Քեսաբը մտնում էր Ալեքսանդրետի սանջակի մեջ, որը Առաջին համաշխարհային պատերազմից հետո անցել էր Թուրքիային և միայն Հռոմի պապ Պիոս XI և կարդինալ Աղաջանյանի միջնորդության շնորհիվ Քեսաբը վերադարձվեց Սիրիային: «Հիմա Թուրքիան ցանկանում է վերադարձնել այն», - նշեց Սաֆրաստյանը:
Ըստ քաղաքագետ Անդրեյ Արեշևի, Քեսաբի իրադարձությունները ցույց տվեցին հայկական լոբբիի ազդեցության շեմը: «Երբ խոսքը գնում է ԱՄՆ ազգային շահերի մասին, ամեն ինչ, այդ թվում նաև հայկական հարցը, ետին պլան է մղվում: Այժմ կարևոր է Ռուսաստանի հայերի համախմբումը: Ռուսաստանը կարող է վերանայալ ՄԱԿ ապակառուցողական դերը սիրիացիներին հումանիտար օգնության տրամադրման գործում ու իր վրա վերցնել դա», - ասաց Արեշևը:
Մոսկովյան լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Հայաստանը չի պաստրաստվում զինված խմբավորումներ ուղարկել քեսաբահայության պաշտպանության համար, Հայկ Բաբուխանյանը պատասխանեց, որ թեեւ Հայաստանն ունի լավ պատրաստված մարտունակ զինված ուժեր եւ ինքնապաշտպանության հաղթական փորձ, այնուամենայնիվ, այսօր առաջնահերթ խոսքը գնում է քաղաքական պահանջների մասին: Այսպես, ըստ նրա՝ պետք է պահանջել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի հանդեպ, ինչպես նաեւ պահանջել ԱՄՆ-ից եւ իր դաշնակիցներից հրաժարվել սիրիական ընդդիմության անվան տակ գործող ահաբեկչական ծայրահեղականներին զենք տրամարելուց: Հ. Բաբուխանյանը նշեց, որ աշխարհը պետք է ճանաչի ու դատապարտի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ պետք է քրեօրեն պատժելի լինի Հայոց ցեղասպանության ժխտումը: Պատգամավորը շնորհակալություն հայտնելով իր ռուսաստանցի գործընկերներին քեսաբահայության խնդիրը ուշադրության կենտրոնում պահելու համար, կոչ արեց շարունակել բարոյական-քաղաքական եւ հումանիտար օգնությունը Քեսաբի հայությանը:

