Գ. ԱՎԱԳՅԱՆ. «ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՏՂԱ ՈՒՆԵՆԱԼ» (+ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16Գ. ԱՎԱԳՅԱՆ. «ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՏՂԱ ՈՒՆԵՆԱԼ» (+ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ, բժշկական գիտությունների դոկտոր ԳԱՅԱՆԵ ԱՎԱԳՅԱՆԸ խոսել է Հայաստանում ծնելիության վերջին տվյալների, ինչպես նաեւ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասին: Իր խոսքում բանախոսը մասնավորապես նշել է. «90-ականների համեմատությամբ, իհարկե, Հայաստանում կա ծնելիության իջեցում: Սակայն, եթե դիտարկենք վերջին տարիների միտումները, ապա կտեսնենք, որ վերջին տարիներին կա ծնելիության կայունացում`ի տարբերություն ԱՊՀ բոլոր երկրների»:
Խոսելով Հայաստանում ծնելիության իջեցման մասին, տիկին Ավագյանը փաստեց, որ հարցը հիմնախնդիր է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ մի շարք զարգացած եվրոպական երկրների համար: «Ծնելիության իջեցումը պայմանավորված է մի շարք գործոններով: Վերջերս մենք հետազոտություն ենք անցկացրել, որի արդյունքում հետեւյալն ենք պարզել. հետազոտվածների քառորդ մասը նշել է, որ սոցիալ-տնտեսական գործոններով է պայմանավորված փոքր թվով երեխաներ ունենալը: Մնացած բոլորը քիչ երեխա ունենալը կապել են իրենց կարիերայի կայացման, ավելի բարեկեցիկ, երեխաների համար ապահով ապագա ստեղծելու եւ այլ պրագմատիկ խնդիրների հետ: Գուցե դա մարդկային է, քանի որ այսօր, իսկապես, պահանջները երեխայի կրթության, դաստիարակություն, հետագա ապահովության համար մեծացել են, եւ մենք չենք կարող համեմատել այսօրվա պահանջները` ասենք 20-30 տարի առաջվա հետ պահանջներին: Եվ գուցե դա է պատճառը, որ մեր երիտասարդ զույգերը բավարարվում են մեկ կամ երկու երեխա ունենալով»,- ընդգծեց Գ. Ավագյանն ու հավելեց, որ բարեբախտաբար դեռեւս հայ ընտանիքներում երրորդ, նաեւ չորրորդ երեխաներ ծնվում են, բայց, ցավոք, նրանց թիվը փոքր է: Պետք է հասկանալ, որ ընտանիքի ամրությունն ու ընտանիքի ապագան երախաներն են: Հետեւաբար, յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք, Գ. Ավագյանի խոսքով, պետք է ունենա երկու եւ ավելի երեխա, որպեսզի կարողանա ապահովել իր շարունակությունը:
Բժշկուհին նաեւ անդրադարձավ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին: «Այդ հարցը շատ է անհանգստացնում մեզ, եւ մենք փորձում ենք քայլեր ձեռնարկել`հասկանալու համար այդ խնդրի արմատները: Ուսումնասիրելով հարցը, կատարվեց հետազոտություն եւ երեք պատճառ առանձնացվեց. առաջինը`տղա երեխայի գերապատվությունը ընտանիքում եւ հասարակության մեջ, երկրորդը`փոքր թվով երեխաներ ունենալու միտումն է, երրորդը`տեխնոլոգիաներն են, հատկապես ՈՒՁՀ (ուլտրաձայնային հետազոտությունը), որը թույլ է տալիս մինչեւ տասներկու շաբաթական հղիության ժամկետը որոշել սեռը եւ դիմել հղիության ընդհատմանը, եթե սեռը չի բավարարում տվյալ ընտանիքին: Ոչ մեկին մենք չենք կարող մեղադրել, որ ուզում են ունենալ տարբեր սեռի երեխաներ, դա մարդկային է, սակայն այն չպետք է կատարվի առողջ աղջկա հեռացնելու ճանապարհով»,- ասաց Գ. Ավագյանը:
«Իրավունքի» հարցին, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել երիտասարդ զույգերին նման ճանապարհից հեռու պահելու համար, Գ. Ավագյանի պատասխանը դիտեք տեսանյութում.
Նյութը եւ տեսանյութը` Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

