«ՖՐԵՍԿՈ» ԱՐԴԻ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16«ՖՐԵՍԿՈ» ԱՐԴԻ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«Ֆորմիկա Արտ Փրոդաքշնը» և «Ծիածան» հասարակական կազմակերպությունները՝ Արարատյան հանրապետական թեմի օրհնությամբ, այս տարվա հունիսի 20-ին կազդարարեն «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի բացումը: Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրութան մեջ սիրո և համերաշխության, ինչպես նաև մարդասիրական արժեքների վերահաստատմանը, հոգևոր արժեքների տարածմանը, հոգևոր-բարոյական ֆիլմերի ստեղծմանը և տարածմանը: «Ֆրեսկո»-ին կարող են մասնակցել աշխարհի տարբեր երկրներում ստեղծված ֆիլմեր` խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, դեբյուտային և այլն, սակայն ֆիլմերում հետևյալ պայմանները պարտադիր են` ֆիլմեր, ոոնք ժխտում են պատերազմը, էկոլոգիական աղետները, բռնությունը, խտրականությունը և քարոզում են հանդուրժողականություն, մարդասիրություն, բարություն, խաղաղություն:
Ներկայացված ֆիլմերում պետք է բացակայեն գովազդ պարունակող և էրոտիկ տեսարանները, սյուժեներ, որոնք նպաստում են թմրամիջոցների, ծխախոտի և ալկոհոլի օգտագործմանը: Ֆիլմերi ընտրությունը կատարվելու է նախընտրական հանձնաժողովի կողմից: Ֆիլմերը կցուցադրվեն ինչպես մրցութային, այնպես էլէ ոչ մրցութային կարգով: Մրցութային բաժնում կցուցադրվեն այն ֆիլմերը, որոնք նկարահանվել են 2011 թվականի հունվար ամսից, իսկ ոչ մրցութային բաժնում բոլոր կարգի ֆիլմերը: Ինչպես նաև կլինեն ցուցահանդեսներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, վարպետության դասեր և այլն: Մրցութային կարգում ցուցադրվող և հաղթող ֆիլմերը կստանան մրցանակներ հետևյալ անվանակարգերում` լավագույն մարդասիրական ֆիլմ, լավագույն «մեսիջ», խնդրի լավագույն վերլուծություն, սեր և խաղաղություն, լավագույն դեբյուտային ֆիլմ, «Մեր օրերի հերոսը» անվանակարգում` ժամանակակից կերպարի մարմնավորումը էկրանին:
Ինչպես փառատոնի տնօրեն ՇԱՀԵՆ ՆԱԶԱՐԵՆԿՈՆ է փաստում, փառատոնը Հայաստանում իր ձևաչափով աննախադեպ է. «Սա բացօթյա ֆիլմերի փառատոն է, որը լինելու է և՛ մայրաքաղաքում, և՛ մարզերում: Ֆիլմերի ցուցադրությունից հետո տեղի կունենա տվյալ ֆիլմի քննարկումը: Փառատոնը հասանելի է լինելու թե՛ տարեցներին, թե ՛ երիտասարդներին: Ֆիլմերը ցուցադրվելու է անվճար»,-ասում է Նազարենկոն:
Փառատոնի 10 օրերի ընթացում կինոդիտումներ և զանազան միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի և Հայաստանի գեղատեսիլ վայրերում`Ախթալա, Օձուն, Տաթև: Կազմակերպիչների խոսքով, փառատոնը մեծ ուշադրություն է դարձնելու սոցիալական հատուկ խմբերի և սահմանափակ կարոություն ունեցող անձնաց հետ տարվող աշխատանքերին: Հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան մասնակցել ոչ միայն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև` կներգրավվեն Ֆրեսկոյի կազմակերպչական աշխատանքերում: Փառատոնը չունի ֆինանսավորում, փոխարենը՝ կազմակերպչական աշխատանքներում ընդգրկված են բազմաթիվ կամավորներ: «Երբ լսում ենք հոգևոր ֆիլմերի փառատոն, արձագանքը միանշանակ չէ: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ունեցանք առիթներ հոգևոր, բարոյական, մարդասիրական ֆիլմեր դիտել, որից հետո էլ առաջացավ մեծ ցանկություն խոսելու դրանց մասին`մարդկանց հետ կիսվելու, պատմելու և խորհուրդ տալու այդ ֆիլմերը դիտել: Փառատոնը մարտահարավեր է երկխոսության համար, որը առաջարկում է թեմաներ, որոնք պետք է առիթ տան քննարկաման և մեր մեջ արմատավորեն համամարդկային արժեքները»,-շեշտում է փառատոնի հոգևոր պատասխանատու տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ: Նշենք, որ փառատոնին արդեն ներկայացվել է 300 ֆիլմեր աշխարհի շուրջ 25 երկրներից: Ֆիլմերի ընդունման վերջնաժամկետը 2014 թվականի ապրիլի 30-ն է:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

