«ԵՍ ԿԱՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Արխիվ 12-16«ԵՍ ԿԱՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնում բացվեց ՎԱՀՐԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ (ՎԱ ԳԱ) «Ես կամ» խորագրով ցուցահանդեսը: Հեղինակը այս ցուցահանդեսը նվիրում է երջանկահիշատակ որդուն, թե ինչո՞ւ է ընտրվել «Ես կամ» խորագիրը, Գաբրիելյանը բացատրում է հետևյալ կերպ` «Ես կամ, այդ բոլորս ենք, ես, դու, նա…վաղամեռիկ որդիս, ապակու փշրանքները և լավ մարդու տեսակն է ասում, որ ես կամ»:
Ցուցահանդեսում ներկայացված է մոտ 120 աշխատանք, որոնց վրա Գաբրիելյանը սկսել է աշխատել 2009 թվականից: Իր տեսակի մեջ այս ցուցահանդեսը
եզակներից է, քանի որ այն ինչ ներկայացված էր ցուցասրահում ամբողջությամբ պատրաստված էր ապակուց: Նախապես ապակու փշրանքների հետ աշխատելը Գաբրիելյանի համար զուտ նախասիրություն է եղել, իսկ հետագայում դարձել է կենսակերպ: Վահրամ Գաբրիելյանը փաստում է, որ ոչ մի դժվարության չի հանդիպում ապակիների հետ աշխատելուց, ավելին` հասկացել է, որ ապակիները շատ նուրբ են, որոնք հեղինակը սիրով հավաքում և
ստեղծում է արվեստի գործեր. «Ստեղծագործելու համար հատուկ թեմատիկա չունեմ, աշխատում եմ և ցանկանում ստեղծել որևէ լավ բան: Սա առաջին և վերջին ցուցահանդեսը կլինի, մեծ ցանկություն կա ստեղծելու թանգարան, որտեղ մարդիկ կգան և կտեսնեն իմ ստեղծած աշխատանքները: Այս աշխատանքները միայն իմը չեն, դրանք բոլորին են»,-ասում է Գաբրիելյանը և հավելում, որ ապակու փշրանքներից շատ բաներ է սովորել, գլխավորը`մարդ իր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, օրը ճիշտ պետք է ապրի և դիմացինի համար անի լավագույնը գիտակցելով, որ կարող է անել այդ քայլը: Վահրամ Գաբրիելյանը իր ստեղծած աշխատանքները չի վաճառում, միայն նվիրում է: Ըստ նրա, եթե այսօր կան մարդիկ՝ ովքեր մտածում են թե այդ աշխատանքները լոկ ապակու փշրանքներ են, համոզված է, որ հետագայում այդ նույն մարդիկ կարժևորեն և կհասկանան, թե ինչ գեղեցիկ է, երբ ապակու փշրանքերը դառնում են գեղեցիկ հորինվածքներ:
Նշենք, որ ցուցահանդեսը կգործի ապրիլի 3-8-ը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

