«ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՄ ԳՈՒՄԱՐ ԿՈՂՔԻ ԴՆԵԼ ԵՎ ԱՅԴՔԱՆ ՏՈԿՈՍ ԷԼ ՎՐԱՆ ԵՏ ՍՏԱՆԱԼ 60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՄ ԳՈՒՄԱՐ ԿՈՂՔԻ ԴՆԵԼ ԵՎ ԱՅԴՔԱՆ ՏՈԿՈՍ ԷԼ ՎՐԱՆ ԵՏ ՍՏԱՆԱԼ 60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ»
Որքան էլ ՀՀ քաղաքացիներս բողոքում եք ու կարծում, թե միայն մեր առջեւ են ծառացել հարկային, թոշակային ու բազում այլ սոցիալական անլուծելի խնդիրներ, սակայն իրականում բոլորովին էլ այդպես չէ: Ողջ աշխարը, անգամ առաջադեմ Եվրոպան ունի վերոնշյալի հետ կապված բազմաթիվ «ինչուներ» եւ վաղվա նկատմամբ թերահավատություն ներշնչող տասնյակ բացեր: Այս մասին «Իրավունքը» զրուցեց արդեն 22 տարի Բրյուսելում բնակվող ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ, ով հայ հանրությանն առավել հայտնի է որպես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում փաստաբան Կարեն Օհանյանի կերպարը կերտած դերասան:
- Սարգի՛ս, հիմա մեզ մոտ մեծ ալիք է բարձրացել պարտադիր կուտակային կենսաթոշակ ասվածը, որն իրենից ենթադրում է տարիների ընթացքում աշխատավարձից 5 տոկոս գումարների պահում, որպեսզի վաղը ունենանք բարեկեցիկ կենսաթոշակ: Այս առումով Բելգիայում ի՞նչ իրավիճակ է:
- Ի վերջո, դա մեր ապագան է, մեր սերնդի ապագան, սակայն այդ գումարը, որը կողքի են դնում, որպեսզի թոշակի տարիքին հասնելով` կարողանան ստանալ, այսօրվա դրությամբ, իհարկե կներեք, բայց դրան բիզնեսի տեսանկյունից պետք է նայել: Եթե գիտնականների ապացույցների վրա հիմնվենք, այսօր մեծահասակները մեծ թիվ են կազմում ու վաղը ավելի շատ կլինեն: Բելգիայի տեսանկյունից նշեմ, որ այսօր պետությունը վճարում է թոշակառուներին եւ անգործ մարդկանց, որովհետեւ իրենք էլ ունեն նաեւ թոշակի իրավունք: Բայց, երբ ժամանակը կգա, որ մենք այդ տարիքին կհասնենք, պետությունը էլ չի ունենա այդ բավարար գումարը, որպեսզի մեզ էլ մատուցի: Սակայն, եթե մենք հիմա կողքի դնենք այդ գումարը, դա էլ արդյունքում օրերից մի օր կանհետանա:
- Ինչո՞ւ:
- Որովհետեւ ամեն տեսակի եկամուտ կլինի այս երկրում, կլինի Ֆրանսիայում, թե մեկ այլ եվրոպական երկրում, որը գտնվում է մարդկանց բանկային հաշվի վրա, օրերից մի օր հարկեր է առաջացնում, որոնք պետք է վճարել: Չեմ կարծում , որ երբ ես, օրինակ, 60 տարեկան դառնամ, թոշակ կստանամ: Չեմ հավատում, որ այսօր կարող եմ գումար կողքի դնել եւ այդքան տոկոս էլ վրան ետ ստանալ, երբ 60 տարեկան կլինեմ: Դա էլ է անհնար:
- Իսկ ինչո՞ւ է անհնար:
- Քանի որ ներկա պահին շատ մարդկանց գիտեմ, ովքեր ամեն ամիս 50-100 եվրո իրենց հաշիվների վրա են ավելացնում` մտածելով, որ այդ գումարը մի 10 տարուց կավելանա 5-10 տոկոսով: Սակայն այդ տոկոսներն էլ են արդեն ցածրացել, այսինքն` ընդամենը չնչին գումարներ են ավելանում: Եվ, բնականաբար, մարդիկ բանկից իրենց գումարները հանում են, որովհետեւ չեն տեսնում օգուտը: Ինչ վերաբերում է Հայաստանին, չեմ կարող լիովին իմ կարծիքն ասել, որովհետեւ չեմ ապրում այդտեղ: Ես հիմնվում եմ այն տեղեկատվության վրա, ինչը կարդում եմ հայկական կայքերում ու հայաստանյան ընկերներիս սոցցանցային մեկնաբանություններում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

