«Կարծում եմ, հայ-թուրքական արձանագրություններից պետք է վերջապես հետ կանչել Հայաստանի ստորագրությունը
Արխիվ 12-16«Կարծում եմ, հայ-թուրքական արձանագրություններից պետք է վերջապես հետ կանչել Հայաստանի ստորագրությունը»
http://nyut.am/archives/157766
ՍԻՄ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հետ մեր հարցազրույցը հիմնականում Քեսաբի դեպքերի և Հայաստանի անելիքի վերաբերյալ է:
- Ձեր կարծիքով, Քեսաբում և հարակից հայաբնակ բնակավայրերում կատարված, գուցե այս պահին էլ շարունակվող գործողություններն ի՞նչ նպատակ կամ նպատակներ են հետապնդում:
- Թուրքիան մնալով ցեղասպան և ցեղասպանաստեղծ պետություն, խնդիր ունի թուլացնել հայ ազգի դիրքերն ինչպես Հայաստանում, այնպես էլ Մերձավոր Արևելքում և, ընդհանրապես, աշխարհում: Ակնհայտ է, որ Թուրքիայի կազմակերպած այդ գործողությունների նպատակներից մեկը հենց դա էր:
Սակայն խնդիրը միայն դա չէ, ակնհայտ է նաև ամերիկացիների միջամտությունը, որոնք չեն էլ թաքցնում, որ զինում են այդ ստահակների բանդաները: Նրանք երկար ժամանակ փորձում են Սիրիայում փոխել իշխանությունը և դնել ամերիկյան խամաճիկ ինչ-որ մեկին, ինչպես անում են գրեթե ամբողջ աշխարհում: Սրա համար միջոցների միջև խտրականություն չեն դնում, ֆինանսավորում ու զինում են այնպիսի ստահակների, որոնք ի վիճակի են կատարել ամենաստոր, ամենածանր հանցագործությունները քաղաքացիական բնակչության նկատմամբ:
Թուրք-ամերիկյան այս գործողությունը նաև այլ նպատակներ ուներ: Դրանցից մեկը Հայաստանին պատժելն էր նաև իրենց չենթարկվելու, այսինքն` եվրոասոցացման չգնալու, այլ հակառակը` Մաքսային Միություն գնալու համար: Եվ եթե Ուկրաինային և Ուկրաինայի ժողովրդին պատժեցին այնտեղ «մայդան» սարքելով, ապա Հայաստանում, չնայած կան մայդանասեր որոշ դավաճաններ, ժողովուրդն այնքան միամիտ չէ, որ գնա այդպիսի քայլերի և Ուկրաինայից հետո ինքն իր ձեռքերով քանդի իր երկիրը, հետևաբար Հայաստանին փորձում են պատժել արտաքին «մայդաններով», օրինակ, Քեսաբի գործողություններով: Հայտնի է, որ իրավիճակը լարվել է նաև հայ-ադրբեջանական սահմանում:
Քեսաբի գործողությունների երրորդ նպատակը հարված հասցնելն է Տարտուսի ռուսական բազային և Ռուսաստանին ստիպելը, որ Սիրայում գործողություններ կատարի, այսինքն` Ռուսաստանին ներքաշելը մի քանի պատերազմական գործողությունների մեջ, որպեսզի մի կողմից ցույց տան, թե Ռուսաստանն իբր թե կորցրել է իրեն և ամենուրեք փորձում է պատերազմել, ուժ կիրառել, մյուս կողմից` Ռուսաստանին թուլացնել, որովհետև հաշվարկում են, որ Ռուսաստանը տնտեսապես չի դիմանա մի քանի այդպիսի լուրջ գործողություններ իրականացնելուն:
Այն ուժերը, որոնք Արևմուտքում խոսում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին, թող հիմա պատժամիջոցներ կիրառեն Թուրքիայի նկատմամբ, որը զինեց, կազմակերպեց և ուղղորդեց հանցագործներին քաղաքացիական բնակչության դեմ, ըստ էության, ցեղասպանությունը շարունակելու նպատակով: Սակայն, ԱՄՆ-ի կամ Եվրոպայի կողմից Թուրքիայի այդ հերթական հանցագործության առնչությամբ անգամ դատապարտման որևէ լուրջ արտահայտություն չենք լսում:
- Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները:
- Կարծում եմ, հայ-թուրքական արձանագրություններից պետք է վերջապես հետ կանչել Հայաստանի ստորագրությունը, դրանից հետո դիմել համաշխարհային հանրությանը, որպեսզի Թուրքիայի հանդեպ կիրառվեն լուրջ պատժամիջոցներ, նաև ամենաբարձր մակարդակով, պաշտոնապես դիմել, որպեսզի Թուրքիայի նկատմամբ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կիրառվեն այնպիսի պատժամիջոցներ, որոնք կբերեն 1915 թվականի զոհերի իրավունքների հարգմանն բազմաթիվ առումներով: Դա ոչ միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է, այլև ցեղասպանության հետևանքների փոխհատուցումը, Թուրքիայում ապրող հայերի նյութական իրավունքների վերականգնումը և այլն:
- Դուք հանդիպել, զրուցե՞լ եք Քեսաբում կատարվածի առնչությամբ Սիրիայի Լաթաքիա բնակավայր (այստեղ են ապաստանել Քեսաբի փախստականները.- Nyut.am) մեկնած ու վերադարձած հայ պատգամավորների հետ:
- Ես անձամբ չեմ մեկնել, բայց հիմնականում տեղյակ եմ այցելության մանրամասներին: Ազգային ժողովը, Հայաստանի իշխանություններն ակտիվ քաղաքականություն իրականացրեցին: Ազգային ժողովի պատվիրակության մեկնումը ցույց է տալիս, թե ինչպիսի կարևորություն է տրվում հարցին: Այդ պատվիրակության մեկնելու նպատակն, առաջին հերթին, այն էր, որ հարցը քաղաքական մակարդակով բարձրացվի և ստանա իր համապատասխան լուծումը:
- Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանից Քեսաբ զինված խմբեր ուղարկելու առաջարկության կամ նախաձեռնության վերաբերյալ:
- Կարծում եմ, հասկանալի են այդ մարդկանց հայրենասիրական ձգտումները, և գովելի է, որ մեր երիտասարդների մեջ կան այնպիսինները, որոնք պայքարում են ոչ միայն նյութական արժեքների` թոշակի, աշխատավարձի, հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացում թույլ չտալու և այլնի համար, այլև, զենքը ձեռքերին, պատրաստ են պաշտպանել հային աշխարհի ցանկացած վայրում: Սակայն, կարծում եմ, որ իշխանություններն իրենց ուշադրության կենտրոնում են պահում խնդիրը, և նման գործողությունները պետք է լինեն համակարգված, միասնական: Անհրաժեշտության դեպքում իշխանություններն, իհարկե, իրենք կբարձրացնեն այդ հարցը: Այսինքն` մղումը ողջունելի է, բայց իրականացումը պետք է լինի համակարգված ու խիստ կազմակերպված: Ինքնագործունեությունը նման ոլորտում կարող է և վնասել:
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի

