ԻՆՉՊԵՍ ՔՅԱԲԱԲԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԴԱՍԱԿԱՆՈՎ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ ՔՅԱԲԱԲԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԴԱՍԱԿԱՆՈՎ
Այս օրերին բոլորը քննարկում են, թե ով կլինի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, եւ ում բաժին կհասնի կռվախնձոր դարձած "համեղ պատառը": Եվ, մինչ առաջադրված գրեթե ինը թեկնածուները փորձում են ավելի լավն ու խոստումնալից ներկայանալ, հարց է առաջանում` ընդհանրապես, հայ հասարակությանն անհրաժեշտ է օպերային կամ դասական արվեստը:
Եթե "աստղիկների" լեցուն դահլիճների` հակառակ այդ համերգներն անցնում են կիսադատարկ դահլիճներում: Դասական համերգ գնացողների մի մասն էլ` գնում են, որպեսզի իրենց էլ համարեն էլիտա ու ձեռքի հետ էլ "հոգան" իրենց վարկանիշը բարձրացնելու մասին: Արդյունքում, "զոհաբերելով" իրենց` համերգից կես ժամ անց ննջելով, հորանջելով հետեւում ժամացույցի սլաքներին ու հայացքով օգնում, որ սլաքները հնարավորինս արագ առաջ գնան: Դրան զուգահեռ` մտքում էլ հայհոյում, թե այս ապուշ համերգը ե՞րբ պիտի ավարտվի... Ավարտվելուց էլ, դասամիջոցի զանգը լսած ծույլ աշակերտի նման ուրախացած դեմքով ծափահարում են, թե. "Ինչ լավ է, հազիվ պրծանք...":
Այնուամենայնիվ, ի՞նչ անել, որ հայ հասարակությունը դասական ու օպերային արվեստի պահանջ ունենա:
Երաժշտագետ, կոմիտասագետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ - Դա բարդ հարց է, այսինքն` մեկ հասցեատեր չունի, դա համալիր կրթական դաստիարակչական պրոցես է: Մեր հասարակության մեջ, առհասարակ մարդու մշակութային դաստիարակությունն այսօր ունի լուրջ բացեր: Դա մեկ օրում եւ մեկ հաստատության լուծելիք հարց չէ, այլ մանկապարտեզից, դպրոցից, ընտանիքից է գալիս` կրթական ծրագրեր, դասական գրականություն, դասական կերպարվեստ, այդ բոլորը համալիր է: Երբ կարողանանք դա քիչ թե շատ կարգի բերել, ապա կունենանք նաեւ դաստիարակված ունկնդիր: Կրթական դաստիարակչական համակարագում արդյուքնները միշտ ուշ, բայց ավելի կայուն են լինում: Եթե մենք սկսենք այսօր, արդյունքը կունենանք 20-30 տարի անց, բայց այդ կայուն որակը կտեւի տասնամյակներ: Այնպես որ, ուղղակի պետք է սկսել:

Կոմպոզիտորների միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ - Օպերային արվեստը հասարակության մեջ արդեն մտած էր, պետք է մտածենք, թե ինչպես վերականգնենք: Պարզապես, պետք է դա առաջին հերթին սկսենք դպրոցից` առաջին դասարանից ու մանկապարտեզից: Մշակույթը պետք է զարգացնել, որ օպերային արվեստը նորից մտնի հասարակություն, դա դաստիարակություն է, մտածողություն: Ինչո՞ւ իմ թոռնիկը գնում է դասական համերգի ու հիացած նայում է, ի՞նչ է դա. դաստիարակություն: Դրա համար երեխաները դպրոցում պետք է ունենան նորմալ երգի ուսուցիչ, այլ ոչ թե ֆիզկուլտուրայի ուսուցիչը դառնա` երգի: Դա հասարակության զարգացման ձեւերից մեկն է, եթե որեւէ մեկը մշակույթին նայի մատների արանքով, նշանակում է օպերային թատրոնին նայում է որպես ինչ-որ օտար մարմին: Ով էլ լինի կամ չլինի օպերային թատրոնի տնօրենը, կարեւոր է, որ լինի այն մարդը, որը կնպաստի օպերային երաժշտության զարգացմանը, հնարավորություն լինի, որ որեւէ նոր օպերա գրվի: Օպերային թատրոնն ի՞նչ կապ ունի, պետք է մտածել: Եթե մարդ քաղցկեղով հիվանդ է, չեն բուժում նրա մատը... Հիմքից է պետք ամեն ինչ անել:
Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

