ՙՆՐԱ ՀՈՒՄՈՐՆ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԷՐ, ՈՐ ԴԻՄԱՑԻՆԸ ԾԻԾԱՂԻՑ ՈՒՇԱԹԱՓ ԷՐ ԼԻՆՈՒՄ՚
Այս տարի ապրիլի 1-ին իր ծննդյան 84-ամյակը կբոլորեր մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: Տարիներ առաջ ՙԻրավունքի՚ հետ զրույցում Խորեն Աբրահամյանի քույրը` ՋԵՄՄԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, պատմում էր, որ եղբոր ծնվելիս նա երեք ու կես տարեկան է եղել, բայց հիշում է. ՙԱռավոտյան, երբ Խորիկը ծնվեց, ես կողքի սենյակից լսեցի, որ ինչ-որ մեկը գոռաց` տղա է: Երբ հորեղբայրս բոլորին տեղյակ է պահել այդ մասին, չեն հավատացել, կարծել են, թե ապրիլմեկյան կատակ է անում... Խորիկը, իրոք, անսահման հումոր ուներ, նա հումոր անելիս չէր ծիծաղում, բայց նրա հումորն այնքան շատ էր, որ դիմացինը ծիծաղից ուշաթափ էր լինում՚: Իսկ դերասանի դստեր` դերասանուհի ԹԱՄԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հուշերում ապրիլի 1-ը վերածվել է աստղային երեկոյի. ՙԱյդ օրը արվեստի աշխարհի մարդիկ մեր տանն էին լինում:
Սովորաբար ապրիլի 1-ին նա մեզ հասցնում էր խաբել ոչ թե դաժանորեն, ինչպես հիմա են անում, այլ շատ համով ու թեթեւ ստով: Ես էլ միամիտ հավատում էի ու անմիջապես արձագանքում. ՙՎա¯յ, պապա...՚: Բայց հետո անմիջապես ծիծաղում էր, ու հասկանում էի, որ ապրիլմեկյան կատակ էր: Նրա ամեն օրն անցնում էր հումորով: Տղաներս մի օր բարկացրել էին, հայրս զանգեց, ասացի, որ նրանք ինձ չեն լսում, ասաց` լավ, հիմա կգամ: Երբ եկավ, ես սենյակից դուրս եկա: Հետո տղաս` Խորենը, պատմում է. ՙՎախից տեղս չորացել էի, երկար նայեց, ասաց` մոտ արի: Մի քիչ գնացի, ասաց` էլի արի: Ես կարծեցի, թե կապտակի: Ասաց` չէ, չէ, մի քիչ էլ արի, ու, մոտենալով ականջիս, ասաց. ՙԽաղաքարտերը բեր, մի հատ ՙբլոտ՚ խաղանք...՚: Ծիծաղելի է, բայց դա իր մեջ դաստիարակչական բան ուներ: Վերջին հարցազրույցներից մեկում ասաց. ՙԵս հավատում եմ, որ հայ ժողովուրդը լավ է ապրելու: Մենք հին քրիստոնյա ազգ ենք ու դրանով էլ միշտ պահել ենք մեզ ու բարոյականությունը՚: Ճիշտ է, հիմա շատ բաներ են փոխվել, բայց նա այսպիսի կոչ արեց. ՙՀավատացեք, լավ է լինելու, Հայաստանը ծաղկելու է...՚: Նման դեպքերում ազդվում էր, երբ հայ մարդիկ միմյանց դեմ էին դուրս գալիս՚: