ԵՐԲ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԸ
Արխիվ 12-16ԵՐԲ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆԻՆ
ԿԱՏԱՐՎԱԾ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԸ
Ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՙԿուտակային կենսաթոշակի մասին՚ ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը` վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար, իսկ այս ընթացքում կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումը, թեեւ ուժի մեջ է մտել հրապարակման պահից, սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ, այն տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, թեեւ հայաստանյան օրենսդրությամբ եւ ոչ մեկը ՍԴ-ի որոշումները մեկնաբանելու իրավասություն չունի: Այս առումով, ՍԴ-ի ՙկիսապաշտոնական՚ մեկնաբանություն կարելի էր համարել այդ կառույցի անդամ Ֆելիքս Թոխյանի հետեւյալ միտքը. ՙՄինչեւ սեպտեմբերի 30-ը ՙԿուտակային կենսաթոշակների՚ մասին օրենքը գործելու է, եւ քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները՚: Բայց դա էլ ՍԴ-ի պաշտոնական դիրքորոշում համարել հնարավոր չէ: Բայց լավ, եթե անգամ մարդիկ մինչեւ սեպտեմբերի 30-ը պարտադիր կերպով կատարեն վճարումներն ու հետո կամավոր կերպով հրաժարվեն դրանից, նրանց գումարները պե±տք է վերադարձվի, ե±րբ, ո±ւմ կողմից: Եվ վերջապես, ի±նչ սոցիալական հետեւանքներ կունենա այս ամենը:
Թեմայի վերաբերյալ Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունից մեզ հայտնեցին հետեւյալը. ՙԲարդ հարց եք տալիս, որովհետեւ նախ Սահմանադրական դատարանը պետք է ամեն ինչ մանրամասնի: Մենք դեռ նրանց որոշումը չունենք, որպեսզի անդրադառնանք այն հարցին, թե քաղաքացիները իրենց մինչ այս կուտակած գումարները երբ կստանան: Մենք դեռ պետք է ՍԴ-ի որոշմանը մասնագիտորեն ծանոթանանք, այդ իսկ պատճառով, դեռ Ձեր բարձրացրած հարցին պատասխան չունենք՚:
ԲՀԿ խմբակցության նախկին անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ էլ, մեր հնչեցրած հարցին ի պատասխան` հետեւյալ կերպ արտահայտվեց. ՙԵս պետք է նշեմ, որ հասարակության այն լայն զանգվածը, ով դեմ էր պարտադիր կուտակայինին, ՍԴ-ի այս որոշումից բավարարված չէ: Ինչպես միշտ, Սահմանադրական դատարանի որոշումը բոլորիս շփոթության մեջ է գցում: Ճիշտ է, ակցիայի մասնակիցները մխիթարվեցին այն բանով, որ օրենքի շատ դրույթներ հակասահմանադրական են որակված, սակայն այնուհանդերձ օրենքի ուժը շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, իսկ դա ոչ այլ ինչ է , քան մարդկանց ապակողմնորոշում: Իսկ սեպտեմբերի 30-ից հետո համոզված եմ, որ այդ գործընթացը կշարունակվի: Մեր քաղաքացիների մոտ կա այն մտավախությունը, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը նրանք ստիպված կուտակայինի համար կվճարեն պարտադիր, բայց այդ գումարները նրանց հետ չեն վերադարձվի: Սահմանադրական դատարանի 64 էջանոց որոշումը հասարակ քաղաքացու համար ոչ մի արժեք չունի: Հասարակությունը մի բան է ուզում, որ ոչ ոք իր աշխատավարձը իր ձեռքից պարտադիր չխլի՚:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆՆ ասաց. ՙԳումարների հետգանձման մասին դեռ վաղ է խոսելը, որովհետեւ օրենքը ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը, եւ մինչ այդ, պարտադիր վճարումները շարունակվելու են: Ես չեմ կարող մեկնաբանել դատարանի այն որոշումը, թե ինչ իմաստ ունի քաղաքացիներից պարտադիր կուտակայինի գումարները գանձել, հետո հետ վերադարձնել: Նաեւ չեմ կարող ենթադրելª այս քաղաքացիական շարժումը կդադարի, թե` ոչ: Համենայնդեպս, ես կողմ եմ կուտակային բարեփոխումներին եւ հասկանում եմ դրանց կարեւորությունը: Հույս ունեմ` մինչեւ սեպտեմբերի 30-ը օրենքում թերությունները կվերացվեն, որովհետեւ այն մարդկանց հետագա բարեկեցությունը ապահովելու համար է՚:
Z-PR սոցհարցման կենտրոնը թեմայի շուրջ Երեւան քաղաքում 100 հոգու շրջանակում սոցհարցում է իրականացրել: Ստորեւ ներկայացնում ենք սոցհարցման տվյալները.
1. ՍԴ-ի որոշմամբ, եթե օրենքի համապատասխան կետերը հակասահմանադրական են, ապա պարտադիր գումարներ գանձելը կնշանակի Սահմանադրության խախտում: Ուրեմնª գումարներ գանձելն անթույլատրելի է, եւ պետք է գանձածն անմիջապես վերադարձվի - 53%
2. Ուրախ ենք, որ գոնե Սահմանադրական դատարանը ՙպարտադիր՚ բառը հանեց օրենքից: Իսկ կամավոր մուծումներ, իհարկե կարող են լինեն, եւ պետք է օրենքը շտկել հենց այդ կերպ - 24%
3. ՍԴ-ի որոշումը մեզ համար պարզ չէ -14%
4. Կուտակային բարեփոխումները մեր ապագա բարեկեցիկ կյանքի համար են, ՍԴ-ն սխալ քայլ կատարեց - 9%:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

