ՙԻՆՉՈՒ ԵՆՔ ՊԱՐՏՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ ԵՆՔ ՊԱՐՏՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ`
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
Հաճախ մամուլից եւ համացանցից տեղեկանում ենք, որ Հայաստանը առանձին տաղավարով հանդես է գալիս մի շարք երկրներում անցկացվող զբոսաշրջային ցուցահանդեսներին: Միջազգային ցուցահանդեսները հրաշալի հարթակ են` այդ ցուցահանդեսին ներկայացող երկրների մշակույթը տարածելու եւ երկիրը ներկայացնելու համար: Յուրաքանչյուր երկիր այդ ցուցահանդեսներին ներկայանում է բազմաթիվ տպագրական նյութերով, քարտեզներով, տեղեկատվական ձեռնարկներով:
ՄԵՆՔ ՄԵՐ ՁԵՌՔՈՎ ԵՆՔ ՄԵԶ ԽԵՂՃԱՑՆՈՒՄ
Ծանոթանալով Հայաստանը ներկայացնող գրքույքներին` ոլորտի պատասխանատուների հետ կիսեցի կարծիքս, որտեղ մտահոգություն հայտնեցի մեր երկիրը ներկայացնող ձեռնարկներում տվյալների եւ տեղեկատվության անճշտության վերաբերյալ: Շատերը փորձեցին նախահարձակ լինել, ասելով, որ արդարացի չեմ, եւ այն, ինչ ներկայացված է, մեր իրականությունն է… Քննադատությունս այն է, որ մեր գրքույքներում Հայաստանը ներկայացված էր որպես պետականազուրկ խղճուկ մի երկիր, որ միշտ գտնվել է որեւէ երկրի տիրապետության տակ, վասալ մի երկրամաս, որի մշակույթը եւ պատմությունը սահմանափակված են սոսկ հելլենական ազդեցության շրջանով եւ քրիստոնեության 1700 տարիներով…
Տարիներ առաջ միջազգային ցուցահանդեսներից մեկում Ադրբեջանի տաղավարի կողքով անցնելիս աչք գրավեց ռուսերենով տպագրված ՙՂարաբաղն Ադրբեջանի սիրտն է՚ գիրքը, եւ դրանից հետո սկսեցի առավել ուշիմ լինել նրանց տպագրած նյութերի վերաբերյալ` հնարավորության դեպքում փորձելով ձեռք գցել դրանցից մի քանիսը: Զբոսաշրջության եւ զբոսավարության բնագավառում տեղին է գործածել ՀՀ ԱԻՆ կարգախոսը` ՙԻրազեկված ես, ուրեմն պաշտպանված ես՚: Թերթելով ձեռքս ընկած Ադրբեջանի տպագրած գրքույքները, որով իրենք ներկայանում են նմանատիպ զբոսաշրջային ցուցահանդեսներին, հասկանում եմ, որ սա մեծ մարտահրավեր է, եւ առաջին հերթին մեզ` հայերիս:
Ձեզ եմ ներկայացնում այդ ձեռնարկներից հավաքագրած տեղեկատվությունը, որտեղ երեւում է, թե ինչպես են ստեղծում, հորինում իրենց չունեցած պատմությունը, մշակույթը եւ արժեքները… Ավելին` հաճախ ներկայանում որպես դոնոր` կովկասյան ազգերի եւ հարակից երկրների մշակույթի, խոհանոցի համար: Վերցնում են այն, ինչ իրենցը չէ, եւ հաջողությամբ այն ամրագրում Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՙԱդրբեջանը` հնագույն մշակույթի երկիր է: Դեռ վաղնջական ժամանակներից այն հայտնի է իր մշակույթի բազմազանությամբ… Բազմաթիվ հնագիտական գտածոներ հաստատել են, որ Ադրբեջանում գորգեր պատրաստել են Բրոնզե դարից (մ.թ.ա 3000-2000 թվականներին): Անգամ շատ պատմիչներ, օրինակ` Քսենոֆոնը նշում է, որ մ.թ.ա. 5-րդ դարում պարսիկները ադրբեջանցիների նախնիներից` մարերից, յուրացրել են գորգագործության գործածման ձեւերը: Պատմահայր Հերոդոտեսը նշում է, որ Կովկասի մարդիկ դեռ հին ժամանակներից գիտեին բարձրորակ ներկեր պատրաստել… 1949-ին բազմաթիվ գորգերի հատվածներ գտնվեցին Ալթայի լեռներում` որոնք գիտնականները վերագրում են մեր նախնիներ մարերին՚:
Մի շարք գորգերի տեսակներ թվարկելով` նշում են նաեւ. ՙՍումախ-գորգագործական հայտնի ձեւ: Հիմնականում պատրաստվել է Իրանի Իսլամական Հանրապետության Ուրմիե եւ Մարանդ նահանգներում, Արեւմտյան Ադրբեջանում, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաեւ Ջիբրայիլ, Լաչին, Գուբա եւ Գուսար շրջաններում...
Որպես Արեւմտյան Ադրբեջանի տարածք` ներկայիս Իրանում գորգերի տեսակները բաժանված են 2` Թաբրիզի (արեւելյան-կենտրոնական) եւ Արդաբիլի (արեւելյան) խմբերի:
Ադրբեջանական գորգերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում՚:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՙՀոգեւոր հետաքրքիր կառույցներից մեկն անշուշտ Գանջասարի վանքն է` կառուցված 13-րդ դարում: Գանջասարի համալիրը բաղկացած է տաճարից, նախասրահից, զանգակատնից եւ այլ ենթակառուցվածքներից` որ միանում են համալիրին արեւմուտքից… Գանձասարի (ուշադրություն դարձրեք, որ տեքստի այս հատվածում արդեն նշվում է Գանձասար` նախկին Գանջասարի փոխարեն) վանական համալիրը` Աղվանքի մայր տաճարը, կառուցվել է Խաչենի Հասան Ջալալ իշխանի կողմից` 13-րդ դարի կեսերին: Կառուցումը սկսվել է 1216-ին, եւ առաջին կառույցներն արդեն ավարտին են հասցվել 1238-ին: Ընդունված փաստ է, որ իշխան Հասան Ջալալը հրամայել է կառուցել այս եկեղեցին` նախկինում այստեղ եղած տաճարի փոխարեն: Նախասրահը կառուցվել է Հասան Ջալալի կնոջ` Մամկան Խաթունի կողմից՚:
ԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ
ՙ
Սեփական դրամ առաջին անգամ պատրաստվել է Հին Ադրբեջանում` Ատրպատականում եւ Կովկասյան Աղվանքում, մ.թ.ա. 3-րդ դարից ի վեր: Դա հաստատվում է բազում գտածոներով: Շատ գտածոներ փաստում են նաեւ, որ տեղական արծաթյա դրամները լայնորեն գործածվել են Աղվանքի ներքին շուկայում: Աղվանքը նաեւ ներգրավված էր համաշխարհային առեւտրում, եւ ներմուծված դրամները արդեն չէին կարող բավարարել ներքին շուկան, ուստի Աղվանական պետությունը սկսեց հատել սեփական դրամներ` օգտվելով Ալեքսանդր Մեծի դրամների օրինակից: Ադրբեջանի մի շարք ֆեոդալական նահանգներում գործածվող դիրհամները բավարարում էին ոչ միայն ներքին շուկան, այլեւ գործածվում էին որպես միջազգային դրամ եւ մյուս բոլոր խալիֆայությունների դրամների հետ համարժեք էին՚:
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
ՙԱդրբեջանը երկիր է, որտեղ պահպանվում են հին ավանդույթները: Նովրուզ-Բայրամը ազերիների հին եւ սիրված տոնն է, որը խորհրդանշում է գարնան եւ Նոր տարվա գալուստը: Այն նշվում է մարտի 21-ին. Նովրուզը` բնության զարթոնքի եւ պտղաբերության խորհրդանիշն է: Տոնին նախորդող 4 շաբաթների ընթացքում ամեն երեքշաբթի պետք է խարույկ վառվի եւ մարդիկ պետք է թռչեն դրա վրայով մի քանի անգամ: 2009-ից Նովրուզ-Բայրամը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում՚:
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ՙՄուղամը ազգային երաժշտության տեսակ է, ներկայացվող երգիչների` խանենդեների կատարմամբ եւ ուղեկցվող երաժշտական գործիքների եռյակի` ԹԱՌԻ, ՔԱՄԱՆՉԱՅԻ եւ ԴԱՓԻ կողմից: Շուշայում մուղամաթի դպրոցը հիմնադրվել է 18-րդ դարի վերջում, 19-րդ դարի սկզբում: Այն հայտնի էր ոչ միայն Կովկասում եւ ամբող Միջին Ասիայում: 1908-ին այստեղ բեմադրվեց առաջին ազերի մուղամ օպերան`ՙԼեյլի եւ Մեջնուն՚: Սա Արեւելքի առաջին օպերան է: Մուղամի միջազգային կենտրոնի կառուցումը հնարավոր եղավ Մեհրիբան Ալիեւայի եւ նախագահ Հեյդար Ալիեւի հիմնադրամի շնորհիվ: Շենքը հիշեցնում է ԹԱՌ` ադրբեջանական երաժշտական գործիք… Այդտեղ մոտակայքում է գտնվում նաեւ ՙՈՒԴ՚ ռեստորանը՚:
ԽՈՀԱՆՈՑ
ՙԱյնպիսի ուտեստներ, ինչպիսիք են` դոլմա, բոզարտմա, չխրթմա, քյաբաբ, խաշ, արիշտա եւ այլն, որ գործածվում են բազում կովկասյան ժողովուրդների խոհանոցում` ազերի խոհարարների գործունեության արդյունքն են: Կովի եւ ցլի տարբեր մասերից պատրաստվող մարմարյա արգանակը` խաշը, պատրաստվում է երեկոյան եւ մատուցվում է ցերեկը: Հացի ազգային տեսակներ զարդարում են ազերի սեղանները:
Բարակ` ինչպես թուղթը` յուղա, թոնրի լավաշ, թոնրի չուրեկ… եւ շատ այլ թխվածքի տեսակներ զբաղեցնում են իրենց պատվավոր տեղը սեղանի վրա…՚:
Այս ամենին ի հավելումն պետք է նշեմ, որ նրանք տարածում են մեր երգերը` ներկայացնելով դրանք որպես իրենց ազգայինը, մեր խոհանոցը ներկայացնող գրքեր են տպագրում` ՙԱդրբեջանի ազգային խոհանոց՚ անվան տակ… եւ միգուցե մենք մեծահոգաբար թույլ ենք տալիս, որ նրանք` պարտվողի հոգեբանությամբ գոնե գրքերում եւ երազում տեսնեն ցանկալին, բայց գուցե սա այն ոլորտը չէ±, որտեղ պետք է բավարարվենք բարոյական հաղթանակներով, որը դարեր շարունակ մեզ միայն կորուստ է բերել: Գուցե ժամանա±կն է, որ մենք տեր կանգնենք մեր արժեքներին, մեր մշակույթին…
ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

