ՙՙԻՆՉՔԱՆ ՀԶՈՐ ԼԻՆԻ ՌԴ-Ն, ԱՅՆՔԱՆ ՄՄ-Ն ԿՈՒՆԵՆԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՚
Արխիվ 12-16ՙԻՆՉՔԱՆ ՀԶՈՐ ԼԻՆԻ ՌԴ-Ն, ԱՅՆՔԱՆ ՄՄ-Ն ԿՈՒՆԵՆԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՚
Ուկրաինայի շուրջ իրավիճակը վերջին օրերին թեեւ գոնե հրապարակային ասպարեզում մի փոքր սառել է, սակայն այն գերլարվածությունը, որն առաջացել է այդ պետության ներքին եւ արտաքին հարաբերությունների խորքերում, վստահաբար կարելի է ասել, որ իրեն դեռ զգացնել տալու է, այդ թվումª խոշոր ցնցումների տեսքով: Միեւնույն ժամանակ, թեեւ Ուկրաինան Հայաստանից բավականին հեռու է, սակայն դժվար չէ տեսնել այն բոլոր թելերը, որոնցով այդ գլոբալ գործընթացն ազդում է նաեւ մեր երկրի վրա: Ուրեմն, ինչ տեղի ունեցավ եւ դեռ տեղի է ունենալու այնտեղ, այդ ամենն ինչ կերպ կարող է արտացոլվել հայաստանյան իրողությունների վրա: Այս թեմայի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
-Սկսենք նրանից, որ Ուկրաինան, ինչպես եւ Հայաստանը, ներգրավված էին Եվրամիության ՙԱրեւելյան գործընկերության՚ կամ, այսպես ասած, եվրաասոցացման ծրագրում: Միեւնույն ժամանակ Ուկրաինայում իրավիճակը սրվեց` կապված հենց այդ ծրագրի հետ, ինչն արդեն հուշում է, որ այդ ամենը Հայաստանի վրա եւս իր որոշակի ազդեցությունը կարող է ունենալ: Նախ այն առումով, որ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Հայաստանի պարագայում, կապված եվրաասոցացման հետ, Արեւմուտքը առաջ քաշեց հայտնի ՙկամ-կամ՚ սկզբունքը, ինչը ընտրության պարտադրանք է եվրաասոցացման եւ Մաքսային միության միջեւ: Եվ հենց այդ պահանջից հետո էր, որ Յանուկովիչի կառավարությունը հաշվարկեց, տեսավ ինչ կորուստներ է ունենում Ասոցացման պայմանագիրը ստորագրելով ու ինչ առավելություններ է ունենում ՄՄ-ի հետ համագործակցելով, ու որոշեց չստորագրել Ասոցացման պայմանագիրը, ինչից անմիջապես հետո էլ սկսվեց Մայդանը: Հասկանալի է, որ որեւէ բացահայտում չեմ անի` նշելով, թե ով կազմակերպեց այդ ամենը: Դրա իմաստն ու նպատակներն էլ ակնհայտ են. ընթանում է գլոբալ աշխարհաքաղաքական պայքար, որի խնդիրն է թույլ չտալ, որ Ուկրաինան կամ ՙԱրեւելյան գործընկերության՚ մեջ ներգրավված մյուս պետությունները միանան Մաքսային միությանը, այն պարզ պատճառով, որ դա ուժեղացնում է Ռուսաստանին, ինչը բնականաբար, կհանգեցնի Արեւմուտքի համար ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական, քաղաքական եւ այլ բնույթի կորուստների: Իսկ թե ինչ կլինի ասոցացվող պետությունների հետ, դա արդեն Արեւմուտքին չի հետաքրքրում:
- Ամեն դեպքում արձանագրենք, որ այս պահին միակ շահող կողմը Ռուսաստանն է. ի վերջո սովորական պայմաններում Ղրիմը վերադարձնելն անհնար կլիներ:
- Փաստացի, իհարկե այդպես է: Սակայն, ըստ իս, դա չի նշանակում, որ Ռուսաստանն ի սկզբանե նման խնդիր էր դրել: Համենայնդեպս այն ողջ պայմանագրային բազան, որ հատկապես վերջին տարիներին կնքվել էր Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ, ենթադրում էր, որ Ղրիմը մնում է Ուկրաինայի կազմում: Միակ խնդիրը Սեւծովյան նավատորմի թեման էր, որի հետ կապված դեռ 2010-ին էր ստորագրվել պայմանագիր, որը նախատեսում էր Սեւաստոպոլում ռուսական նավատորմի գտնվելու ժամկետը 2017թ. երկարաձգել եւս 25 տարով: Դա ենթադրում էր 100 միլիոն դոլոր վարձավճար, ինչպես նաեւ 2017-ից Ուկրաինային մատակարարվող գազի գնի իջեցում 100 դոլարով: Սակայն Ռուսաստանը համաձայնեց գազի գնի իջեցումն իրականացնել 2010-ից, որն առ այսօր Ուկրաինային բերել է լրացուցիչ 11 միլիարդ դոլար: Դրա հետ մեկտեղ, չմոռանանք նաեւ անցած տարեվերջին Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների ստորագրած պայմանագրերը, ըստ որոնց, ռուսական կողմը նկատելիորեն էժանացնում էր ներմուծվող գազի սակագինը եւ 15 միլիարդ դոլարի օժանդակություն էր ցուցաբերում Կիեւինª չպահանջելով դրա փոխարեն անդամակցել ՄՄ-ին: Այսինքն, եթե Ռուսաստանն ունենար Ղրիմը վերադարձնելու գլոբալ խնդիր, ապա հազիվ թե իր համար նման ֆինանսական կորուստների հաշվին աջակցեր Ուկրաինային:
Սակայն, երբ ընթանում է աշխարհաքաղաքական պայքար, Ուկրաինան Ռուսաստանից ՙպոկելու՚ Արեւմուտքի դրած խնդրի շուրջ, որը, ի դեպ, ուղղակի սպառնալիք էր Ղրիմի եւ ուկրաինաբնակ ռուսների համար, այդ պարագայում ՌԴ-ն պարտադրված գնաց այս քայլերին:
-Որ Ուկրաինայի եվրաասոցացմանը մի քանի տարուց հաջորդելու էր նաեւ ՆԱՏՕ-ականացումն ու Ռուսաստանի քթի տակ հայտնվելու էին ամերիկյան ռազմաբազաներ, սպասելի էր: Այս պահին, հասկանալի է, Ղրիմն իր ողջ ռազմավարական նշանակությամբ Ռուսաստանի վերահսկողության տակ է: Դա նշանակո±ւմ է, որ Մաքսային եւ Եվրասիական միությունների կայացումը ավելի ռեալ ընթացք է ստանալու:
- Դեռ այն ժամանակ, երբ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, թե Միացյալ Նահանգները դեմ է Մաքսային միության ստեղծմանը, արդեն հասկանալի էր, որ այդ ինտեգրացիոն ծրագրերի շուրջ թեժ աշխարհաքաղաքական շահերի բախում է տեղի ունենալու: Իսկ Ղրիմի միացումը Ռուսաստանին ռազմավարական տեսանկյունից, իհարկե, ուժեղացնում է Մոսկվային: Վերջին հաշվով կա հետեւյալ սկզբունքըª նա, ով տիրում է Ղրիմին, տիրում է նաեւ Սեւ ծովին: Եվ, բնականաբար, ինչքան հզոր լինի Ռուսաստանը, այնքան Մաքսային միությունը կունենա ավելի մեծ հնարավորություններ:
- Մեկ հանգամանք եւս նկատենք. ԱՄՆ-ը վերջին 7-8 ամիսներին, փաստորեն, աշխարհաքաղաքական երկրորդ մեծ պարտությունը կրեց. նախ` Սիրիայում, ապաª Ղրիմում: Դա նշանակում է, որ աշխարհի կառավարման երկբեւեռ համակա±րգն է վերականգնվում:
- Ակնհայտ է, որ աշխարհն արդեն միաբեւեռ չէ. ձեւավորված են մի քանի բեւեռներ, որոնք բոլորն էլ աստիճանաբար հզորանում են: Դա է նաեւ պատճառը, որը ստիպում է ԱՄՆ-ինª գնալ նման կտրուկ քայլերի, քանի որ կորցնում է ազդեցությունը տարբեր ուղղություններում, իսկ ռեսուրսները, անգամ Եվրամիության հետ միասին, չեն բավարարում ամենուր պահպանել իր երբեմնի ազդեցությունը:
- Բայց այս պահին ԱՄՆ-ը մնում է հզոր տերություն եւ Ղրիմի պարտության պատասխանը, թերեւս, պետք է, որ փորձի տալ: Այս առումով նկատենք, որ վերջին ժամանակներս կրկին սրվել է իրավիճակը Սիրիայում: Օրինակª Քեսաբի դեպքերի ընթացում, իհարկե, հիմնականում տուժեցին մեր հայրենակիցները: Բայց արդյո±ք տվյալ դեպքում խնդիրն ավելի խորքային չէր, չէ± որ Քեսաբի ուղղությամբ հարձակումը կարող էր հասնել մինչեւ Տարտուսª Միջերկրական ծովում ռուսական միակ ռազմակայանին:
- Հաշվի առնելով այն, որ խոսքը գլոբալ հակամարտության մասին է, որը ընթանում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաեւ մի շարք այլ թեժ կետերում, այդ թվում, բնականաբար, նաեւ Սիրիայում, տեղի ունեցող սրացումները չեն կարող պատահական բնույթ կրել: Ի վերջո չմոռանանք, որ այս հերթական սրման մեկնարկը տվեց ԱՄՆ-ըª վերջերս պահանջելով իր երկրից դուրս բերել սիրիական դիվանագիտական կորպուսը: Իսկ Սիրիայի խնդիրը, առհասարակ, պարզ է. դրան հաջորդելու է Իրանը, որն աշխարհում երկրորդ պետությունն է իր ածխաջրածնային պաշարներով: Հենց այդ պաշարների, դրանց տարանցման ուղիների նկատմամբ վերահսկողությունն է, որ կարող է երկարաձգել արեւմտյան հեգեմոնիան, եւ այս ուղղությամբ գլոբալ պայքարը գնալով միայն սրվելու է: Իսկ մնացյալը` թե Ասադը դիկտատոր է, Յանուկովիչըª օլիգարխ, այդ երկրներում մարդու իրավունքներ են խախտվում եւ այլն, ընդամենը այդ գլոբալ պայքարի ՙփիառային՚` քարոզչական մասն է: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, նույնն էլ Սիրիայում է, եւ եթե նաեւ հետեւենք, թե այս երկու կետերի հետ կապված, օրինակ, ՄԱԿ-ում որ պետությունն ինչպես է քվեարկում, ապա դժվար չէ տեսնել, որ երկու դեպքում էլ իրար դեմ են պետությունների նույն խմբերը, հենց որոնց մեջ էլ ընթանում է այդ գլոբալ պայքարը:
- Ասացիք, որ այդ պայքարը միայն սրվելու է: Միեւնույն ժամանակ քիչ չեն վատթարագույնի կանխատեսումներըª Երրորդ աշխարհամարտի մեծ հավանականության մասին: Ըստ Ձեզ, որպես ռազմական մասնագետ, դա հնարավո±ր է, թե ի վերջո միջուկային զենքի առկայությունը դեռ կկատարի իր զսպող դերը:
- Իրոքª տասնամյակներ շարունակ գլոբալ պատերազմներից հնարավոր է եղել խուսափել շնորհիվ հենց միջուկային զենքի: Բացատրությունն էլ է պարզ. Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ¥արդեն նաեւ Չինաստանը, որի պոտանցիալը, սակայն, դեռ ՌԴ-ին ու ԱՄՆ-ին չի հասել¤ միմյանց ոչնչացնելու երաշխավորված հնարավորություն ունեն: Դրա համար էլ այս երկու երկրները միմյանց հետ ուղիղ հակասությունից խուսափում են, ինչը ակնհայտ դարձավ նաեւ Ուկրաինայում: Երկու երկրների միջեւ պայքարը, իհարկե, կա: Բայց դա կարող է զարգանալ միայն որոշակի աստիճանի, եւ դրանից այն կողմ անցնելու հավանականության դեպքում այլ պրոցեսներ են սկսում գործել: Այդ առումով, այո, Երրորդ աշխարհամարտը բացառվում է, քանի դեռ փոխադարձ երաշխավորված ոչնչացման մեխանիզմը գործում է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Իսկ թե մեր զրուցակցի կարծիքով ինչ ազդեցություններ կարող է ունենալ ուկրաինական իրավիճակը Հայաստանի համար, կներկայացնենք մեր հաջորդ համարում:

