«ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՔԵՍԱԲԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՊԱՀԱՆՋԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐԻՑ»
Արխիվ 12-16«ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՔԵՍԱԲԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՊԱՀԱՆՋԵԼ
ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐԻՑ»
«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր ՀՀ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով մեկ ժամ ուղիղ հեռախոսակապ ձեւաչափով պատասխանեց թերթի ընթերցողների եւ ակտիվ հասարակության հեռախոսազանգերին` տալով մի շարք հուզող հարցերի պատասխաններ: Նշենք, որ զանգահարողները մեծամասամբ հետաքրքվում էին քեսաբահայության վիճակի, նրանց այսօրվա ու վաղվա մասին, եւ, իհարկե, հարցերի մի ստվար մաս վերաբերում էր Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից հետո ուկրաինահայերի եւ ղրիմահայերի խնդիրներին:Ի դեպ, տիկին նախարարին «Իրավունքի» կողմից անակնկալ էր սպասվում: Թերթի խմբագրական խորհուրդը ավանդաբար ամփոփելով տարվա ընթացքում տարբեր ոլորտներում հայ գործիչների գործունեությունը, եւ, հաշվի առնելով իր ընթերցողների կարծիքը, «Տարվա լավագույն նախարար» է ճանաչել ՀՀ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ` Սփյուռքի հետ կապերի սերտացման հարցերում նախաձեռնողական եւ հետեւողական լինելու համար:
«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ` ՄԱԿ-Ը ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԻ ԵՎ
ՊԱՐԶԻ, ԹԵ ԻՆՉՈՒ ՔԵՍԱԲՆ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ»
- Տիկին նախարար, Քեսաբի դեպքերը, սահմանում անընդհատ տեղի ունեցող ողբերգական կորուստները, արդյո՞ք չեն հասունացնում պահը, որ հայաստանյան պատվիրակությունները եւ Սփյուռքում գործող կառույցները ավելի կոշտ հայտարարություններով ու կոնկրետ Թուրքիային պատժելու առաջարկով հանդես գան եվրակառույցներում (ք. Երեւան, տիկին Գոհար):
-Ձեր մտահոգությունը կիսում եմ, Քեսաբի դեպքերը եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը միակամ է: Հանրապետության նախագահի հայտարարությունից անմիջապես հետո մենք այն ուղարկեցինք բոլոր հայկական կառույցներին ու կազմակերպություններին, եւ այսօր, եթե ամփոփում ենք, տեսնում ենք, որ սկսած գործադուլից միտինգներ, բողոքի ակցիաներ, ստորագրահավաքներ, թուրքական դեսպանատների առջեւ ցույցեր տեղի ունեցան: Ինչպես նաեւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի իշխանությունների առջեւ լուրջ հայտարարությամբ հանդես եկան ե՛ւ մեր հայկական կազմակերպությունները, ե՛ւ մեր կաթողիկոսները, ե՛ւ մեր եկեղեցիները: Այնպես որ, համայն հայերը շատ ակտիվ գտնվեցին, որովհետեւ մենք կորցնում ենք հայկական այն տարածքը, որտեղ 13-14-րդ դարերից սկսած բնակվում են հայեր: Սա իրականում ոչ թե ներքին պայքար էր, այլ պայքար էթնիկ զտումների համար: Քեսաբի վրա հարձակվողները հյուսիս-արեւմուտքից, այսինքն` Թուրքիայի սահմանից թափանցած զինյալներ էին, վարձկաններ, որոնք փորձեցին դատարկել Քեսաբը, եւ դրա համար մենք պահանջում ենք, որ ՄԱԿ-ը հետաքննություն սկսի եւ պարզի, թե ինչու Քեսաբն այս իրավիճակում հայտնվեց: Պետք է այս պայքարը շարունակենք, եւ շատ ուրախ եմ, որ հայկական այս խնդիրներին շատ ակտիվ արձագանքեցին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, այլ տարբեր կազմակերպություններ, կառույցներ, կոնգրեսականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ: Շատերը Քեսաբի խնդիրը նույնիսկ չէին պատկերացնում եւ չգիտեին, որ թուրքը արդեն մի քանի անգամ տեղահան է արել, փորձել է սպանել ու ոչնչացնել քեսաբցիներին, բայց, միեւնույնն է, դա իրենց չի հաջողվել: Եվ այսօր էլ, մենք պետք է պահանջենք, որ սահմանը փակվի, այնտեղ խաղաղություն հաստատվի, եւ մեր հայրենակիցները վերադառնան իրենց տները:
«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԱՅՍՕՐ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԶՈՐՔՈՎ ՄԱՍՆԱԿՑԻ ՔԵՍԱԲԻ ԽՆԴՐԻՆ»
- Ըստ Ձեզ, ճիշտ չէ՞ր լինի, որ հայկական զորքեր ուղարկվեին Քեսաբ, քանի որ այսօր Հայաստանից եւ Արցախից շատ մարդիկ պատրաստակամ են գնալ եւ մարտական աջակցություն ցուցաբերել Քեսաբին: (Արագածոտնի մարզ, Նաիրա)
-Այդպիսի խոսակցություններ եղան, ես շատ ուրախ եմ, որ մեր հայ երիտասարդների մեջ նման ազգասեր, հայրենասեր, պատրաստակամ մարդիկ կան, սակայն չեմ կարծում, որ այսօր Հայաստանը պետք է զորքով մասնակցի այս խնդրին: Մենք պետք է կարողանանք Քեսաբի խնդրի լուծումը աշխարհի մեծերից պահանջել` միջազգային կառույցներից, որպեսզի դադարեցվեն անօրինականությունները, մարդու իրավունքների խախտումները, քեսաբահայերին տնից-տեղից կտրելու գործողությունները, որ արեցին Թուրքիայից ներթափանցած այդ հրոսակները: Պետք է, ուղղակի, համախմբվենք, միավորվենք եւ միասնական ձեւով պայքարենք, որպեսզի ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, Կանադան, մյուս խոշոր երկրներն իրենց կոնկրետ գործողություններով սահմանափակեն այն ամենը, ինչ կատարվեց մարտի 21-22-ի գիշերը:
«ՓԱՌՔ ԱՍՏԾՈ, ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՉԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐ,
ՈՐ ԱՆՏԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ»
- Տիկին Հակոբյան, չեմ կարողանում երեխայի որդեգրման հարցը լուծել, եթե հնարավո՞ր է, կամ որդեգրման ենթակա սիրիահայ երեխա կա, պատրաստ եմ որդեգրել: (Սարուխան գյուղի բնակիչ Յուրի)
-Դա էլ հայրենասիրության մի ձեւ է: Մի կողմից շատ ուրախ եմ, որ Ձեր մտքով նման բան է անցնում, բայց մյուս կողմից պետք է ասեմ, որ սիրիահայերի շրջանում, փառք Աստծո, չկան այնպիսիները, որ անտեր են մնացել եւ այսօր որդեգրման կարիք ունեն: Սակայն, կարծում եմ, որ պետք է Գեղարքունիքի մարզպետարանի հետ խոսենք, աշխատենք, մանկատներում փնտրենք, որպեսզի Ձեր երազանքը կատարվի, եւ մի լավ բալիկ որդեգրեք, ու Ձեր ընտանիքի անդամների թիվն ավելանա:
- Եվս մեկ հարց. տանը երկուսով ենք ապրում եւ պատրաստակամ ենք ընդունել սիրիահայերի, եթե կցանկանան ապրել մեզ մոտ:
- Ապրեք, դա էլ շատ կարեւոր առաջարկ է, որովհետեւ այս պահին դեռ Քեսաբից հայեր չեն եկել Հայաստան: Աստված մի արասցե, չգիտենք, թե ինչ սցենարներով հետագայում զարգացումները կընթանան: Բոլոր դեպքերում, հաշվի կառնենք, եւ ուրախ եմ, որ իմ հայրենի գյուղում Ձեզ նման ազգասեր անձնավորություն կա:
«ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵՆՔ ՆՈՐ ՀԱԼԵՊ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
- Այսօր քեսաբահայերը ցանկություն ունե՞ն Հայաստան գալ, եւ որքանո՞վ ենք պատրաստ ընդունել նրանց: (տնտեագետ Աննա Բադալյան)
-Քեսաբահայության հիմնական նպատակը իրենց տներ վերադառնալն է: Նրանք մեզնից խնդրում են, որ տարբեր միջազգային եւ քաղաքական ճնշումների արդյունքում հասնենք նրան, որ ետ վերադառնան: Մյուս կողմից, Հայաստանը միշտ պատրաստ է իր հայրենակիցներին ընդունել, եւ կարող ենք նրանց համար պայմաններ ստեղծել: Սակայն նրանք տեղավորվել են հայկական տարածքներում` Լաթաքիայում, Դամասկոսում, մի տասը ընտանիք գտնվում են Բեյրութում, որոշ ընտանիքներ նաեւ Լիբանանի հայկական Անճար գյուղում: Եվ մենք ամեն ինչով պետք է օգնենք, որպեսզի նրանք վերադառնան իրենց օջախները: Իսկ դրա տարբերակներից մեկը նյութական օգնությունն է: Ինչ վերաբերում է մյուս սիրիահայերին, որոնք այստեղ են, նրանք եւս օգնության կարիք ունեն: Մենք պետք է ամեն ինչ անենք` Նոր Հալեպ կառուցելու համար: Միշտ ասել եմ` երկու դոլար, եթե ամեն մի հայ նվիրի, հիմա արդեն Նոր Հալեպը կիսով չափ կառուցված կլիներ: Ուղղակի, ամեն մեկս, երբ խոսում ենք եւ հարց ենք բարձրացնում, պետք է հարց տանք նաեւ մեզ` ես ի±նչ եմ արել, որ այս ծանր օրերը թեթեւանան` իմ հայրենակիցների համար: Եվ ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր շտապօգնության մարմիններին, որոնք ստեղծվել են Սիրիայի ամբողջ տարածքում` դրանք կուսակցություններն են, մեր եկեղեցիների ներկայացուցիրները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Նաեւ պետք է շնորհակալ լինեմ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսին, Ամենայն հայոց Վեհափառին, որովհետեւ նրանց կողմից ակտիվ միջազգային գործնական աշխատանքներ տարվեցին, եւ այդ աշխատանքները շարունակվում են: Նաեւ մեր ՀՕՄ-ուհիներն անմիջապես գումարներ հանգանակեցին եւ ուղարկեցին` Լաթաքիայում ապաստանած մեր հայրենակիցներին օգնելու համար: Այնպես որ, այդ օգնությունները շարունակվում են, մյուս կողմից էլ, այդ ահռելի ակտիվությունը` ցույցերը, միտինգները, որ անում է համայն հայությունը, դրանով միայն պետք է հպարատանանք:
- Տարբեր նախաձեռնություններ են սկսվել, որոնք գումար են հավաքում քեսաբայերին օգնելու համար, այս հարցում ո՞ր կառույցին կարելի է վստահել: (ք. Երեւան, Լիլիթ Սարգսյան)
-Ուրախ եմ, որ այդպիսի ակտիվություն կա, եւ տարբեր կազմակերպություններ սկսել են գումարներից խոսել: Բայց մենք ունենք «Հայաստան համահայկական հիմնադրամ», որը 20 տարի է գործում է, եւ այսօր քեսաբահայերի աջակցության համար հաշվեհամար է բացվել: Ավելի ճիշտ կլինի, որ այդտեղ հավաքվեն գումարները եւ ճշգրտորեն հասնեն մեր հայրենակիցներին: Լիլիթ, խորհուրդ կտամ Ձեզ եւ Ձեր շրջապատին անպայման մասնակցել հանգանակությանը:
«ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԵՎԷ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ»
- Արդյոք Ղրիմի ինքնորոշման հետ կապված` Հայաստանի դիրքորոշումը որեւէ կերպ ազդե՞լ է ուկրաինահայերի եւ ղրիմահայերի վրա: (ք. Երեւան, Անահիտ)
-Իհարկե, հայերն Ուկրաինայում մեծաթիվ են ե՛ւ Ղրիմում, ե՛ւ մնացած մարզերում, այդ թվում նաեւ Կիեւում` հաշվում են մոտավորապես 500-550 հազար հայ: Պետք է ասեմ, որ մեր հայրենակիցները ծանր ու դժվար պահին կարողացան իրենց ճիշտ պահել: Ցավոք, ունեցանք երկու զոհ, բայց բոլոր դեպքերում մասսայական չէր նրանց ակտիվությունը Մայդանում: Կարծում եմ` յուրաքանչյուր տարածքում հայերը պետք է հաշվի առնեն բոլոր իրավիճակները եւ կողմոնորոշվեն` ըստ իրավիճակների: Այսօր ղրիմահայերը Ղրիմի ժողովրդի ճնշող մեծամասնության հետ են, մասնակցել են հանրաքվեի եւ իրենք Ռուսաստանի կազմում են եւ որեւէ դժվարություններ չունեն: Նույնը կարող եմ ասել մնացած տարածքներում բնակվող մեր հայրենակիցների մասին, որոնց հետ մշտապես կապի մեջ ենք: Իմ կարծիքով` ազգային փոքրամասնությունները որեւէ տարածքում ընդդիմություն չպետք է դառնան, որովհետեւ եթե դառնում են ընդդիմություն, կարող են շատ տուժել: Նրանց նպատակը` որպես ազգային փոքրամասնություն, պետք է լինի պահել-պահպանել հայկական ինքնությունը, հայկական որակները, հայրենիքի հետ կապը եւ դառնան այդ երկրի ու Հայաստանի միջեւ լավագույն կամուրջը, այլ խնդիր իրենք չպետք է լուծեն:
«ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿՆ ԱՅՍՕՐ ՇԱՏ Է ԴԱԺԱՆԱՑԵԼ»
- Ավարտին է մոտենում կանանց միամսյակը, ինչ կցանկանայիք մաղթել հայուհիներին: (ամենագեղեցիկ հարցի հեղինակ Լիանա)
-Նախ, շատ ուրախ եմ, որ այս միամսյակի հեղինակը ես եմ, որովհետեւ տարիներ առաջ` 1994 թվականին, ստեղծելով Մայրության եւ գեղեցկության տոնը` լրագրողներն իմ վրա հարձակում գործեցին, թե արդեն կա Մարտի 8-ը: Ես ասացի, որ Մարտի 8-ը միջազգային տոն է, եւ ոչ ոք չի պատրաստվում վերացրել, բայց մենք կսկսենք նշել տոնը մարտի 8-ին եւ կավարտենք այն ապրիլի 7-ին, ու միամսյակը ստեղծվեց: Երջանիկ եմ եւ սիրում եմ այս մասին խոսել, որովհետեւ մեկ ամիս շարունակ մեր տղամարդկանց ստիպում ենք, որ ուշադիր լինեն, ժպտան, ծաղիկներ նվիրեն, կանանց մասին խոսեն: Եվ կանայք առաջին պլան են մղվում, եւ դա շատ կարեւոր է:
Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի կանանց` իմ սիրելի քույրերին, մայրերին, տատիկներին, կմաղթեմ, որ իրենք խաղաղ երկնքի տակ ապրեն: Երկիր մոլորակն այսօր շատ է դաժանացել. պատերազմ, հակամարտություններ, ցունամիներ, աղետներ, ամենուր տառապանք կա, կցանկանայի, որ իմ հայրենակիցները, որոնք աշխարհի գրեթե բոլոր ծայրերում ապրում են, անպայման խաղաղ երկինք ունենան: Թող հայ կինը միշտ ուրախ լինի, միշտ երջանկության պահեր ապրի, եւ իր ցանկություններն անպայման իրականություն դառնան: Իսկ հայ կինը, հայ մայրը ցանկանում է, որ Հայաստանը հզոր լինի, ուժեղ լինի, հայի ճակատագիրը աշխարհի ոչ մի վայրում չխեղվի: Եվ գիտե՞ք ինչու Աստված ստեղծեց մորը, որովհետեւ Աստված ամենուր լինել չէր կարող, հետեւաբար ստեղծեց մորը, որ ամենուր լինի եւ պահապան հրեշտակ դառնա իր ընտանիքի, իր զավակների համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ. Գ.- Մեր ընթերցողների մնացյալ հարցերին եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տված պատասխաններին ծանոթացե՛ք հետեւյալ հղումով`

