ՙԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ԱՄԵՆԱՅՆ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ՚
Արխիվ 12-16ՙԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ԱՄԵՆԱՅՆ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ՚
Կա արդյոք վարչապետի հրաժարականի կապը ՍԴ-ի վերջին որոշման հետ` կուտակային կենսաթոշակի առնչությամբ, որի ներդրման կարեւորությունը տալիս էր կառավարությունը` հարցին ՙՔրիստոնեա-դեմոկրատական՚ կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նախ նշեց, որ բոլորս ականատես եղանք ՍԴ-ի որոշման հետ կապված մի կարեւոր երեւույթի, այն է.
-Սա մեզանում ժողովրդական զարգացումների հերթական հաղթանակն էր: Հանրությունը ականատես եղավ, որ ՍԴ-ի գործունեության վրա որեւէ միջամտություն, ազդեցություն` քաղաքական կամ վարչական, չի եղել եւ ՍԴ-ն անկաշկանդ շարադրեց իր վերաբերմունքը` Սահմանադրության տեսակետից վիճահարույց հոդվածների մասին, որը ակնհայտորեն չէր վերաբերում կառավարության մոտեցումներին: Սա պետք է վերագրել բոլորիս` թե° քաղաքական մեծամասնությանը, թե° փոքրամասնությանը եւ հատկապես քաղաքացիական նախաձեռնության կողմնակիցներին: Պատահական չէր, որ հայցվորի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը անմիջապես քննարկումներից հետո իր խոսքն ուղղեց ՀՀ նախագահին եւ ասաց, որ պետք է գնահատենք եւ շնորհակալություն հայտնենք, որ նախագահը որեւէ կերպ չմիջամտեց որոշումների զարգացումներին: Իսկ սա նշանակում է, որ քաղաքական իշխանությունը հանրային կյանքի առողջացմանը, ժողովրդավարացմանը վերաբերվում է ամենայն լրջությամբ:
- Ամեն դեպքում, ՍԴ-ի կողմից կատարված որոշումը չորս ոչ իշխանական ուժերը իրենց են վերագրում եւ գտնում են, որ դա իրենց հաղթանակն է:
- Միթե այդքան միամիտ են եւ չեն հասկանում: Խոսքս ուղղելով նաեւ իրենց` պետք է փաստենք, որ քաղաքական բանականությունը թելադրում է, որ այս ամենը պետք է ձեւակերպվի, իմաստավորվի` որպես հանրության հերթական հաջողություն: Այստեղ պարտվող եւ հաղթող կողմեր չկան, որովհետեւ ՍԴ-ի որոշումը այլեւս ուժի մեջ է, եւ ովքեր պետք է այն կյանքի կոչեն, կկոչեն: Հետեւաբար, խոսել միայն իրենց հաջողության կամ հաղթանակի մասին, սխալ է: Պետք է նկատել, որ թե° վիճարկող կողմը եւ թե° կառավարությունը առաջնորդվում են մի թեզով` ապահովել կենսաթոշակային տարիքի քաղաքացու արժանավայել ապրելու հնարավորությունները:
Հանրային կյանքում այն դրական տեղաշարժերը` ազատ խոսք, մամուլ, ազատ ցույցեր, որոնք երաշխավորում է մեր Սահմանադրությունը, դրա հիմնական քաղաքական պատասխանատուն քաղաքական մեծամասնությունն է: Իսկ սա չգնահատել` նշանակում է իրերը չանվանել իրենց անունով: Դա արվում է ոչ թե ՀՀ նախագահին կամ ինչ-որ մեկին դուր գալու համար, այլ սա քաղաքական մեծամասնության, հանրային կյանքի կազմակերպման դոկտրինան է: Մեր ամենալուրջ ձեռքբերումները ազատություններն են, տեսեք` ինչ է կատարվում Վրաստանում, որտեղ հեռուստաընկերություններ են փակվում:
Ինչ վերաբերում է վարչապետի հրաժարականին, կարծում եմ` պետք չէ արհեստականորեն արագացնել իրադարձությունները. սպասենք եւ տեսնենք` ինչպիսին կլինեն հետագա զարգացումները:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

