«ՕՐԻՆԱԿԱՆ Է, ԹԵ` ՈՉ, ՀԵՌՎԻՑ ԴԱՏԵԼԸ ՄԻ ՔԻՉ ԴԺՎԱՐ Է»
Արխիվ 12-16«ՕՐԻՆԱԿԱՆ Է, ԹԵ` ՈՉ, ՀԵՌՎԻՑ ԴԱՏԵԼԸ ՄԻ ՔԻՉ ԴԺՎԱՐ Է»
Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Ղազախստանի համայնքի նախագահ Արտյուշա Կարապետյանը հայտարարել է, որ շուտով փակելու է Ղազախստանի Ս. Կարապետ հայկական եկեղեցին: Սակայն ժողովուրդը ոտքի է կանգնել եւ աղմկել, ինչից հետո նա ասել է, որ փակում է` վերանորոգելու նպատակով: Եվ մարտի 30-ին` կիրակի օրով, եկեղեցին փակ է եղել, ու կիրակնօրա Ս. պատարագը տեղի չի ունեցել: Ապա Ղազախստանի հայ համայնքի նախագահը սպառնացել է, որ ապրիլի 24-ին որեւէ հայ չհամարձակվի գալ եկեղեցի ու միջոցառում անցկացնել:
Այս պատմության պարզաբանման համար «Իրավունքը» դիմեց ՀՀ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ով նախ նշեց, որ հերթական ապատեղեկատվությունն է տարածվում, ապա մանրամասնեց ողջ եղելությունը.
- Երկար տարիներ Ղազախստանի հայ համայնքի ղեկավարը Արտյուշա Կարապետյանն է, որը նաեւ հայտնի բիզնեսմեն է, Նազարբաեւին կից Փոքրամասնությունների խորհրդի անդամ, նույնիսկ նախագահ է եղել: Նա վերջերս Հայաստանում եղել է, եւ մի քանի անգամ հանդիպել ենք: նշեմ, որ այս տարվա փետրվարին համայնքի նախագահի ընտրություններ տեղի ունեցան: Սկզբում ես լուր ունեի, որ նա չի մասնակցելու ընտրություններին, բայց վերջին պահին մասնակցեց: Բնականաբար,
յուրաքանչյուր ընտրություն չէ, որ հարթ է անցնում եւ այս դեպքում էլ, այդքան հարթ չանցավ: Ընտրությունից հետո եղավ աղմուկ, բողոքներ, կարելի է ասել` համայնքը բաժանվեց երկու մասի, եւ առաջացան հակասություններ: Մի թեւը բողոքեց ընտրված նախագահի դեմ, եւ պատասխանը եղավ, որ եթե կա օրենքի խախտում, ապա դիմեք դատարան: Բնականաբար, դատական հայց չի ներկայացվել: Իսկ ընտրությունը օրինական է, թե` ոչ, հեռվից դատելը մի քիչ դժվար է: Բայց այսօր համայնքի ղեկավարը Արտյուշա Կարապետյանն է, որը ժամանակին ֆինանսներ է դրել եւ կառուցել Սբ. Կարապետ եկեղեցին: Եվ հիմա իր պատճառաբանությամբ վերանորոգում է այն: Մեր պահանջը եղավ, որ պետք է եկեղեցին ապրիլի 20-ից հետո, ինչ վիճակում էլ լինի, բացվի, որպեսզի ապրիլի 24-ին Ս. պատարագն այնտեղ տեղի ունենա: Մեր դեսպան Արա Սահակյանն է խոսել նրա հետ, անձամբ ես չեմ խոսել, բայց մենք նաեւ հայտարարություն տարածեցինք, եւ նա խոստացել է, որ մինչ ապրիլի 20-ը եկեղեցու վերանորոգման աշխատանքները կավարտվեն, ու անպայման Ս. պատարագը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, կիրականացվի Սբ. Կարապետ եկեղեցում:
- Ի դեպ, վերոնշյալ հրապարակման մեջ ասված է, որ բոլորովին էլ վերանորոգման կարիք չուներ եկեղեցին:
- Բոլոր դեպքերում, հեռվից դժվարանում եմ գնահատականներ տալ: Բայց կարող եմ փոխանցել մեր պետական ներկայացուցչի` դեսպանի խոսքերը, որ ինձ գոնե հավաստիացրեց, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նա պարտավոր է վերանորոգումն ավարտել նշված ժամանակահատվածում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

