ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՆՄԱՆ ՊԱՀՎԱԾՔԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԻ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐԸ
Արխիվ 12-16ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՆՄԱՆ ՊԱՀՎԱԾՔԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԻ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐԸ
Մինչ Թուրքիան փորձում է դերասանություն անել եվրոպական մի շարք կառույցների դիմաց, թե իբր դեմոկրատական երկիր է, սեփական պետությունում տեղի է ունենում ցեղասպան ժողովրդին հարիր մարդակերություն, սակայն այս անգամ թուրքը թուրքի է սպանում: Կիրակի օրը տվյալ պետությունում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման ընտրություններ, որի ժամանակ սպանվել է 8, վիրավորվել 36 եւ ձերբակալվել մի քանի հարյուր մարդ: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պտտվում են կարծիքներ, թե սա առիթ է հանդիսանալու Թուրքիայում Մայդան իրականացնելու համար: Տվյալ թեմայի եւ քեսաբահայության վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ.
- Հետեւելով Թուրքիայի նախընտրական եւ հենց բուն ընտրությունների ընթացքին` կարող եմ ասել, որ որոշակի հետընտրական լարում կարող է լինել, սակայն չեմ կարծում, որ դրանք կվերածվեն Մայդանի: Այսօրվա դրությամբ Թուրքիայում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հայտարարությունները որեւէ հիմք չեն ստեղծում ասելու, որ իրադարձությունները գնալու են դեպի սրացման: Կարծում եմ, կարող են լինել բողոքի ակցիաներ, հանրահավաքներ, ելույթներ, հատկապես` երբ զոհեր կան:
- Իսկ ինչո՞վ կարելի է բացատրել այն փաստը, որ Ղրիմի հարցի հետ կապված` ՄԱԿ-ն անմիջապես նիստ հրավիրեց, եւ քննարկվեց տվյալ թեման, սակայն Քեսաբի վերաբերյալ քար լռություն է տիրում: Ի՞նչ է սա նշանակում:
- Սա խոսում է արեւմտյան երկակի ստանդարտների մասին: Ամերիկան, Եվրոպան` իրենց պատմությամբ, բազմիցս են ապացուցել, որ իրենք երկակի ստանդարտների կրողը, ջատագովն ու քարոզողն են: Պատմության տարբեր ժամանակներում նման կեցվածք նրանք դրսեւորել են: Սա էականորեն ստվեր է գցում եւ արժեզրկում է ժողովրդավարության այն սկզբունքները, որոնք հռչակում է Արեւմուտքը: Սրանով կարծիք է ստեղծում, թե ժողովրդավարությունն այն է, ինչ տեղի է ունենում Սիրիայում քրիստոնյաների դեմ` գլխատումներ, գնդակահարումներ եւ այլ ցեղասպանական արարքներ, որին հետեւում է Արեւմուտքի լռությունը կամ հերթապահ հայտարարությունը: Դա խոսում է այն մասին, որ այդ ժողովրդավարությունն, ըստ էության, ոչ ոքի պետք չէ: Ամեն ժամ, ամեն օր դեպքերն այնպես են զարգանում, որ ամեն ինչ ընթանում է ի վնաս Արեւմուտքի:
- Այս դեպքում, ի՞նչ գործիքներ եւ մեթոդներ է պետք կիրառել, որպեսզի աշխարհի ուշադրությունը հրավիրենք Քեսաբի հարցին:
- Ես կարծում եմ, որ այս պահին մեր քաղաքական եւ հասարակական ջանքերն այդ ուղղությամբ բավական ակտիվ են, տեսնում ենք, թե ինչ կոչերով են հանդես գալիս հայտնի հայերը, եւ ինչ է տիրում սոցցանցերում` Քեսաբի հետ կապված: Սակայն դրանից մեծ սպասումներ պետք չէ ունենալ, քանի որ 1915 թվականին էլ աշխարհը բավական ակտիվ էր արձագանքում Հայոց ցեղասպանությանը, սակայն հստակ քայլեր` բացի հերթապահ հայտարարություններից, այդպես էլ չէին արվում: Արեւմուտքի նման պահվածքը պետք է բացի մեր հասարակության աչքերը, իրականում հռչակած ստանդարտները եւ դրանց իրագործումը շատ տարբեր բաներ են:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

