"ԴԱՏԱԽԱԶԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՈՉ ՄԻ ՀՈՒՅՍ ՉԻ ՆԵՐՇՆՉԵԼ"
Արխիվ 12-16"ԴԱՏԱԽԱԶԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՈՉ ՄԻ ՀՈՒՅՍ ՉԻ ՆԵՐՇՆՉԵԼ"
Ինչպես հայտնի է երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անակնկալ այցելել է Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի տուն:
Գեւորգ Կոստանյանը հանդիպել էր Հրաչ Մուրադյանի այրուն` տիկին Լարիսա Աղաբեկյանին եւ սպանված գյուղապետի երկու եղբայրներին: Դատախազը մտահոգություն է հայտնել, նախօրեին Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի փակման առթիվ: Նա Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներին հրավիրել է դատախազություն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հրաչ Մուրադյանի եղբոր տղան` Հակոբ Մուրադյանը:
Անդրադառնալով հանդիպման մանրամասներին Հակոբը ասաց.- Դատախազը խոստացել է, որ գործն անպայման բացահայտվելու է: Ասաց, որ հիմա էլ գործընթաց է գնում: Իսկ մեր հետագա քայլերի մասին պետք է դեռ վերլուծություններ անենք, տեսնենք ինչպես կկատարեն խոստումը:
Հրաչ Մուրադյանի եղբոր տղայի խոսքերով, սակայն.
- Անկախ դատախազի այցից, ես, ոնց սկզբից վստահ էի, որ հորեղբորս սպանությունը չի բացահայտվելու, այդպես էլ հիմա եմ վստահ, որ չի բացահայտվելու: Դատախազի այցելությունը մեզ ոչ մի հույս չի ներշնչել:
- Ինչն է՞ Ձեզ նման վստահություն ներշնչում:
- Իրենց խոսքերից եմ հասկանում, ասում են պիտի ապացույց ունենաք, պիտի ներկայացնեք: Այնպիսի տպավորություն է, որ ավելի շատ մենք ենք աշխատում, քան իրենք: Ամեն դեպքում, մենք սպասում ենք երեքշաբթի օրվան, որ, ոնց որ խոստացել էին դատախազն ու ոստիկանապետը, գան գյուղացիների հետ հանդիպման տեսնենք ինչ կլինի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

